Ի տարբերություն ամուսնու, որ հիվանդագին բծախնդիր էր հագուստի և արտաքինի,
ու անքմահաճ ուտելիքի հանդեպ, Պոմպեան հայրական տնից բերել էր նումիդիացի
և իսպանացի խոհարարների ստվար մի բազմություն, որոնք ծառայում էին նրան
երեխա ժամանակներից և գիտեին բավարարել տիրուհու քմահաճույքները։
Բոլորովին նրա հոգը չէր ամուսնու պարտքերով ծանրաբեռնված լինելը. նա
հարուստ օժիտ էր բերել և իրեն իրավունք էր վերապահում հագնվել ուզածի պես,
գնել դուր եկած զարդը։ Գեղանի սպասուհիների մի մեծ խումբ զբաղվում էր նրա
արտաքինին հետևելով ու նրան զվարճացնելով։ Նրանց մեջ կար մեկը, Աբրա
անունով, որին Մագնիան էր նվիրել զարմուհու տասնվեցամյակին և որին Կեսարի
դեռատի կինը համակրում էր մյուսներից առավել, նրանից ոչինչ չէր թաքցնում և
հաճախ նրա հետ ժամերով փակվում էր զարդասենյակում։
Գայոսն ուշադրություն չէր դարձնում կնոջ վարքին, և ինչպես կարող էր նրան
չափավորության կոչել, երբ ինքը քաղաքի առաջին պճնամոլն էր ու շռայլ՝
սիրարիսցու նման։ Հիմա նրան բոլորովին այլ բան էր զբաղեցնում. Երկրորդ
պլեբեյական խաղերի օրերին թունավորումից մահացել էր Ֆուֆիդիան։ Լուրեր էին
պտտվում, թե նրանից վրեժ են լուծել Սուլլայի օրոք գործած ոճրագործությունների
համար։ Դա, թերևս, ամենահավատարժան վարկածն էր, մանավանդ որ մինչ այդ
նրա դեմ երեք մահափորձ էր եղել։ Ոմանք ասում էին, թե նրան թունավորել է
խոհարարը, նշում էին անգամ կաշառքի չափը։
Խոհարարին ծեծեցին մահամերձության աստիճան, խոստացան խնայել, եթե հայտնի
ում պահանջով է թունավորել տիրոջը։ Խեղճ ստրուկը չդիմացավ տանջանքներին ու
մեռավ՝ վերջին շնչում կրկնելով, որ անմեղ է ու անտեղյակ։
Երբ այս վարկածն անհիմն դուրս եկավ՝ հանկարծ ամենքը հիշեցին, որ տոներին
Մավրիտանիայից քաղաք էր եկել Մարիուսի ողջ մնացած միակ որդին՝ Վատիտոսը,
և որն անհետացել էր շատ խորհրդավոր կերպով։ Համենայնդեպս, վերջին օրերին
նրան ոչ ոք չէր տեսել, իսկ դարպասապահները երդվում էին բոլոր սրբություններով,
որ նա դուրս չի եկել քաղաքից, այլապես նկատած կլինեին։
Կեսարին ևս հրավիրեցին քննության և հետաքրքրվեցին, թե վերջին օրերին տեսնվե՞լ
է արդյոք զարմիկի հետ։ Նա քննիչներին պատասխանեց, որ լսել է Վատիտոսի
ժամանման մասին, բայց նրա հետ չի առնչվել։
Զարմիկին իսկապես նա չէր տեսել, բայց Վատիտոսի բանբերները եղել էին իր
տանը, և ինքը նժույգ ու դրամ էր տրամադրել։
Քննությունը ոչինչ չէր տալիս, իսկ հանրապետությունը չէր կարող ապրել առանց
քրմապետի։ Սենատական վերնախավը, որ մտադիր չէր բարձրագույն այդ պաշտոնը
զիջել որևէ մեկին, առաջադրեց Կատոնի թեկնածությունը։ Այդ պաշտոնին
հավակնում էր նաև Վելլեյոսը. կուսակցություններից ոչ մեկին չպատկանող
մեծահարուստ այդ նոբիլն ամենքին հայտնի էր իր բարեգործություններով և
բազիլիկաներում ունեցած դատավարական փայլուն հաղթանակներով։ Իր
թեկնածությունը գրանցեց նաև Կեսարը։ Նրա այդ քայլը մտերիմներից շատերը
համարեցին անմիտ և նախապես դատապարտված անհաջողության, քանի որ
ընտրություններին մասնակցելու էր ողջ Իտալիան, իսկ թե՛ Կատոնը, թե՛ Վելլեյոսը
մեծ հեղինակություն ունեին մարզերում։ Բայց Կեսարն ինքը ողբերգական ոչինչ չէր
տեսնում պարտության մեջ. նա չէր կարող բաց թողնել Կատոնի հետ մրցակցելու