Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 117

սիրուհուն համոզել հանուն զգուշության ժամանակավորապես չհանդիպել, բայց Սեսիլիան այդ մասին լսել անգամ չկամեցավ ։ Ավելին, երբ Սատուրնալիայի տոներից հետո ցենզորը գործով մեկնեց Նեապոլ, Սեսիլիան ամբողջ մեկ շաբաթ չելավ Էսքիլենի իր առանձնատնից, և քաղաքը յոթ օր փնտրում էր իր էդիլին ։
Բացահայտվելու վտանգն ամենևին չէր զգաստացնում Սեսիլիային. նա կատարում էր Գենիուսի և իր հոգու կամքը, ու որքան Կեսարը զգուշանում էր, նա այնքան հանդուգն էր դառնում. խնջույքներում չափից ավելի սիրալիր էր տարփածուի հանդեպ, նրա խափշիկն ամենաչնչին առիթով օրվա ցանկացած ժամի ելումուտ էր անում Հուլիոսների տուն ։
Սեսիլիայի նման պահվածքը չէր կարող չանհանգստացնել Կեսարին, և նա սարսափով էր մտածում հետևանքների մասին ։ Ամենից շատ երկյուղում էր Կատոնի լրտեսներից, որոնք հետևում էին իրենց տիրոջ բարեհաճությունը չվայելող սենատորներին ՝ ջանալով պարսավելի բծեր հայտնաբերել նրանց վարքում ։
Պատրվակ բերելով ջերմախտը, որն, իսկապես, վերստին զգացնել էր տալիս իրեն, նա մեկնեց Տիբուր ։ Սակայն Ամուրի որոգայթներն ընկնողն այլևս անկարող է դուրս գալ այնտեղից. ամառանոցային գողտրիկ այդ քաղաքում անցկացրած մեկուկես ամսում նա հաջողացրեց նորոգել իր ամենաառաջին սիրավեպը Սերվիլիայի ՝ Յունիոս Բրուտոսի այրու հետ, միևնույն ժամանակ դառնալով տարփածուն Մուցիայի ՝ Պոմպեոսի կնոջ, և Նիդիայի ՝ Բիբուլոսի կնոջ ։
Եթե մտերմությունը վերջին երկուսի հետ, որ հետապնդում էր նաև հեռուն գնացող որոշ նպատակներ, հաստատվեց առանց ավելորդ ջանքերի, ապա Սերվիլիային նա շատ խնդրեց ներել իրեն քաղաքական պայքարին տրվելու պատճառով սերը մոռացության տալու համար ։ Մարմնական անզուգական հմայքից և կանացի քնքշանքից զատ, Սերվիլիան օժտված էր նաև նրբին դիվանագիտությամբ, և կարիքն այդպիսի մի կնոջ, որը կարողանար մխիթարել հիասթափության պահերին և ոգևորել որևէ գործ ձեռնարկելուց առաջ ՝ նա զգում էր Կոռնելիայի կորստից ի վեր ։ Նա սիրում էր առանձնանալ Սերվիլիայի հետ ու ջերմ օջախի մոտ նստած ՝ զրուցել աշխարհի անցուդարձից, և ոչինչ այնպես չէր լցնում նրա հոգին բերկրանքով, իսկ սիրտը ՝ քաղցր հույզերով, որքան մոռացության մոխրից հանված հին սերը ։
Վերադառնալով Հռոմ ՝ նա կնության առավ Պոմպեային ՝ Սուլլայի թոռնուհուն, որը նաև Պոմպեոսի հեռավոր ազգականուհին էր ։ Հապճեպ այդ ամուսնությունը նպատակ ուներ բթացնել Կատոնի լրտեսների զգոնությունը և քողարկել սիրային կապերը, բացի այդ հարկ եղած դեպքում կարելի էր ակնկալել արժանանալ Պոմպեոսի բարեհաճությանը ։
Պոմպեան գրեթե խորթ դստեր տարիքին էր, արտաքնապես գրավիչ, պապի նման տաքարյուն և բնավորությամբ անհանգիստ ։ Նա ամենևին չէր հետաքրքրվում ամուսնու քաղաքական գործունեությամբ, սիրում էր ժամանակ անցկացնել մեծահարուստ մատրոնաների շրջապատում, հափշտակությամբ լսել պատմություններ սիրային արկածների մասին ։
Խստաբարո Ավրելիան, որ Կոռնելիայից հետո ոչ մեկին չէր կարող այլևս սրտին մոտ ընդունել, նրա հանդեպ արտաքնապես անբարյացակամ չէր, բայց առաջին իսկ օրից հարսի մեջ ինչ-որ անբացատրելի, վանող բան տեսավ, և աչքը վրան էր պահում ։