Գլուխ ութերորդ
Կատիլինան անդրդվելի էր, և հյուրերը հասկացան, որ տարհամոզել նրան այլևս չեն կարող ։ Իսկ Սերգիուսին պարզ էր, որ ո ՛ չ Կեսարը, ո ՛ չ Օպիոսը չեն միանա իրեն ։ Նա կանչեց սպասավորին և կարգադրեց բերել զենքերը ։ Հյուրերն անխոս նայում էին սպառազինվող պատրիկին, որ նախ պղնձե թերթիկներով բաճկոն հագավ, ապա կապեց սուրը, գոտուց երկու դաշույն կախեց և այդ ամենը քողարկեց երկար թիկնոցով ։
— Դե ինչ, ասաց նա ՝ թիկնոցի հանգույցները միացնելով,— ճակատագիրը տարբեր ուղիներ է նախանշել մեզ համար, և ես ամենևին չեմ սրտնեղում, թեպետ ձեր կարիքն անչափ կզգամ ։ Այդպես է կամքն աստվածների, և թող նրանց ցանկությամբ լինի ։ Բայց եթե Բախտը չժպտա ինձ, վաղ թե ուշ դուք ևս կհայտնվեք իմ վիճակում և բորբորքված կլինեք այնպես մոլեգին, որ կմոռանաք ամեն զգուշություն և կտենչաք վայրկյան առաջ հասնել սուրը պատյանից հանելու երջանիկ պահին ։ Եվ մտաբերելով ձեր այժմյան խորհուրդները ՝ կամաչեք, թեպետ, կրկնում եմ, եթե սառը դատենք, գուցե դուք ճիշտ եք ։ Եվ միայն այդ ժամանակ ձեզ համար պարզ կդառնա, թե ինչու ես ազատության համար պարտվելը գերադասեցի ոչինչ չանելուց ։— Նա մոտեցավ և մի ձեռքը դրեց Կեսարի, մյուսը ՝ Օպիոսի ուսին ։— Ես գիտեմ, որ ինձ աջակցողների մեջ արկածախնդիրներ կան, որոնց համար անորոշը գերադասելի է որոշյալից, պատերազմը ՝ խաղաղությունից, և ՛ կան իշխանասերներ ու հարստության ձգտողներ, և ՛ պատանիներ, որ փառք են տենչում ։ Բայց ես այլևս համբերել չեմ կարող, քանի որ անկարող եմ կուլ տալ ինձ հասցված անարգանքը ։
Եվ նայելով էդիլի աչքերի մեջ ՝ շարունակեց.
— Ես հավատում եմ, Կեսա ՛ ր, որ կգտնես այն միակ հնարավորությունը, որին սպասում ես այսպես երկար ։ Մենք միմյանցից տարբերվում ենք նրանով, որ դու, կանխազգալով ծայրահեղ վտանգը, կանգ ես առնում ՝ վերջին քայլը չարած, որից հետո այլևս հետդարձ չէր լինի, իսկ ես, ընդհակառակը, նետվում եմ վտանգին ընդառաջ ։ Ես նախանձում եմ քեզ, բայց ի ՞ նչ կարող եմ անել. աստվածներն ինձ այդպիսին են արարել ։
Երեքով քայլեցին դեպի ելքը ։ Դռների մոտ Կատիլինան անսպասելիորեն կանգ առավ ու դարձավ պատրիկներին.
— Թե պատահի մեր վերջին հանդիպումը լինի այս ՝ խոստացեք, որ վրեժս կառնեք և չեք հանգստանա, քանի դեռ բորենիների այդ որջն ավերված չէ հիմնովին ։
— Ինչո ՞ ւ խոստանալ,— պատասխանեց Կեսարը հուզվելով,— դու գիտե ՛ ս, թե որն է մեր կյանքի նպատակը ։
Նրանք դուրս եկան սրահից ։
Գլուխ ութերորդ
Սիրային կապը գաղտնի պահելն օրավուր դժվարանում էր ։ Սեսիլիան տեսակցություն էր պահանջում գրեթե ամեն օր և, որպես կանոն, յոթերորդ ժամին, երբ կոենան ավարտած քվիրիտներն այցելում էին միմյանց կամ հավաքվում հասարակական վայրերում ։ Վերջին երկու ամսում էդիլին երեք, թե չորս անգամ էին տեսել թերմերում, կրկեսում նրա աթոռը միշտ թափուր էր, իսկ պալեստրայում, որի մշտական այցելուն էր եղել, նրան մոռացել էին արդեն ։ Նրան ոչ մի տեղ չգտնելով ՝ մտերիմներն անհանգստանում էին, չարակամները դավեր էին նյութում ։ Նա փորձեց