— Եվ հետո, Կեսա՛ր, դժվարանում եմ հասկանալ քեզ. երբ ամենքը լուռ են, դու
մարտնչում ես Ֆակտիոի դեմ, իսկ այժմ, երբ ընդվզում են բոլորը, դու տարօրինակ
կերպով կողմ ես քաշվում։
Կեսարի համար բոլորովին անսպասելի չէին ո՛չ Կատիլինայի զայրույթը, ո՛չ այս
վերջին վարանումը, ու պատասխանեց՝ ամենևին չշփոթվելով.
— Դու գիտես, Սերգիուս, որ ես ողջունում եմ Ֆակտիոի դեմ ուղղված ամեն
նախաձեռնություն, որքան էլ հանդուգն լինեն դրանք։ Գիտես նաև, որ սկզբից ևեթ
կողմ եմ եղել ապստամբության մտքին. Ֆակտիոն ինքն իրեն չի վերանա, և ես,
իսկապես, նրանից ազատվելու այլ ուղի չեմ տեսնում։ Բայց ես գտնում եմ, որ ամեն
կերպ խուսափել է պետք վրիպումներից, քանի որ սա համարձակ դատավարություն
չէ կամ Ֆակտիոյին նեղող օրինագիծ, և այժմ պարտությունը սոսկ հեղինակության
կորուստ չի բերի, այլ մենք կարժանանանք Լեպիդոսի բախտին, և երկրորդ անգամ
ընդվզելու հնարավորություն մեզ չի ընձեռվի այլևս. մինչդեռ այսօր արդեն առկա է
խիստ կարևոր մի բացթողում, որը կարող է և ճակատագրական լինել։
— Ինչի՞ մասին է խոսքը,— հարցրեց Կատիլինան՝ լրջորեն անհանգստացած։
— Ապստամբությունն անսպասելի չի լինի Ֆակտիոի համար, և, նրան խուճապի
չմատնելով, ձեռքից բաց կթողնվի հաղթանակը։ Նրանք գիտեն, որ դու ինչ-որ բան ես
նախաձեռնում, խափանված դավադրության մասին էլ գիտեն, բայց քո զգոնությունը
բթացնելու նպատակով հիմար են ձևանում, և այժմ Օպիոսը խելոք ասաց, ամեն
կերպ քեզ դրդում են չմտածված քայլերի։ Զայրույթն ու զգոնությունը անհարիր են
միմյանց, Սերգիո՛ւս, և եթե մեկը տիրում է հոգուն, մյուսին տեղ չկա այլևս. ահա թե
ինչու նրանք դիտավորյալ գրգռում են քեզ. նորընտիր կոնսուլը հասցրել է չորս
անգամ ելույթ ունենալ քո դեմ՝ ձգտելով վիրավորել ինքնասիրությունդ, և ստացվում
է այնպես, որ քո բոլոր գործողությունները նախապես ծրագրված են նրանց կողմից։
Նրանք շտապեցնում են քեզ, որպեսզի չհասցնես կազմակերպել համախոհներիդ
ինչպես հարկն է և ամենագլխավորը՝ հանկարծակիի չբերես իրենց։
Կատիլինան լուռ մտորեց մեկ րոպեի չափ, ապա խոստովանեց.
— Խոսքերիդ մեջ ճշմարտություն կա, Կեսա՛ր, նրանք իսկապես հրահրում են ինձ
վճռական գործողությունների։ Բայց ես այնքան հիմար չեմ, որ ինքնակամ զոհ գնամ
նրանց սադրանքներին։ Ինչ վերաբերում է խուճապին, ապա Ցեպիոնն ու Լենտուլոսը
մնում են Քաղաքում և երբ ապստամբության լուրն առնելով՝ Ֆակտիոն իմ դեմ հանի
այստեղի զորքը, նրանք կհարվածեն թիկունքից։
— Դա արդեն ուրիշ գործ է,— Օպիոսի աչքերը փայլեցին ոգևորության կրակով, բայց,
ինչ-որ բան հիշելով, անմիջապես լրջացավ ու ավելացրեց մռայլված.
— Բոլորովին մոռացել էի, Սերգիո՛ւս, քո մարդկանց մեջ կա մեկը, որ գաղտնիք
պահել չգիտե։
— Անհնար է,— բացականչեց Կատիլինան, լարված հայացքով նայելով Օպիոսին,—
նրանք երդվել են բոլոր սրբություններով։
— Այդ դեպքում ինչո՞ւ չես հետաքրքրվում, թե որտեղից իմացանք մեկնումիդ մասին։
— Երևի տեսնվել եք Ցեպիոնի հետ։