այդ դուրսպրծուկին և ստիպված կլինեի մեկընդմիշտ հրաժարվել ծրագրերից և
երազանքներից։
Նա զինվորական հանդերձանքով էր, կտրտած եզրերով սպայական կաշվե զգեստ էր
հագին, կնեմիդներ էին գրկում նրա պիրկ սրունքները։ Նրա գունատ դեմքը, աչքերի
անաշխույժ փայլը և ձայնի տխուր երանգը մատնում էին նրան համակած զայրույթի
տևական պոռթկումի մասին, և սենատորները պատկերացրին, թե ինչպիսի
տեսարանի ականատես կլինեին իրենք, եթե ժամանեին մեկ ժամ շուտ։
— Պարտքս է օգնել Ֆակտիոի որոգայթն ընկած յուրաքանչյուր քվիրիտի,—
պատասխանեց Օպիոսը զուսպ։— Նրանք ուզում էին դրդել քեզ չմտածված քայլերի։
Հյուրերի դեմքին տեսնելով կարեկցանք, բայց ոչ օժանդակելու
պատրաստակամություն՝ Սերգիուսն ասաց.
— Դուք, անշուշտ, եկել եք համոզելու ինձ հրաժարվել ապստամբության մտքից։
— Ոչ թե հրաժարվելու, այլ հետաձգելու,— ուղղեց Կեսարը՝ թույլ ժպիտ հաղորդելով
դեմքին։
Այդ միջոցին ներս մտավ Լենտուլոսը՝ ամբողջովին զինավառ, և հայտնեց, որ
ուղեկիցները սպասում են Կարմենտական դարպասի մոտ։ Սերգիուսը
պատասխանեց, որ քառորդ ժամից այնտեղ կլինի, իսկ երբ Լենտուլոսը ելավ սրահից,
ասաց՝ քայլելով ատրիումի երկայնքով.
— Ոչինչ այլևս ետ չի պահի ինձ, Կեսա՛ր։ Երեկ գուցե քեզ հաջողվեր համոզել ինձ,
բայց այսօրվա դեպքից հետո ես վայրկյան իսկ չեմ հապաղի և չեմ հանգստանա,
քանի դեռ նրանցից գոնե մեկը ողջ է։
Նա դադար տվեց և, մոտենալով ատրիումի եզրաբազրիքին, պարտեզի վրայով նայեց
հեռուն։ Ապա շարունակեց՝ հայացքը թափառեցնելով հորիզոնի վրա.
— Եթե կա մահ և այն, միևնույն է, չի շրջանցի մեզ, էլ ինչո՞ւ երկնչել, ինչո՞ւ
խուսափել խիզախ ձեռնարկումից. այս մղձավանջում մի քանի տարի ավել
տառապելո՞ւ համար։ Ինչի՞ համար ենք ծնվել. ոչինչ չանելով հարյուր տարի
ապրելո՞ւ։ Ու՞մ են պետք այդ տարիները։
— Ո՛չ ես, ո՛չ Օպիոսը չենք դողում կյանքի վրա, Սերգիո՛ւս,— նեղսրտեց Կեսարը,—
և դա պիտի հայտնի լիներ քեզ։ Աստվածները մեզ արարել են հայրենիքին
զոհաբերվելու համար, և մենք երդմնազանց չենք լինի։ Բայց մի՞թե հիմա այլ ելք չկա։
Սերգիուսը հայացքը ներս բերեց հեռուներից, և հյուրերը նրա աչքերում նորեն սկիզբ
առնող պոռթկումի նշաններ տեսան։ Նա մռայլված հոնքերի տակից նայեց հյուրերին,
ապա արտաբերեց չարացած.
— Իսկ դուք այլ ելք եք տեսնո՞ւմ, հնարավո՞ր եք համարում կյանքն այս ծախու
քաղաքում, որն անտրտունջ տանում է վախկոտ մի հեծյալի իշխանությունը. ասում
են՝ նա անկողին անգամ զրահով է մտնում... Ի՞նչ ոգով եք դուք կուրիա գնում, երբ
գավառական այդ գյուղացին այնտեղ տնօրինում է այնպես անբռնազբոս, ինչպես իր
ցեղակիցները՝ Տարկվինիոսի շուկայում։ Նայե՛ք ձեր շուրջը,— Սերգիուսը տարածեց
ձեռքերը,— մահվան ստվերը հրճվում է ձեր անգործությունից, քանի որ ոչինչ
չձեռնարկող մարդը չի տարբերվում մեռածից։
Նա շունչ առավ մի պահ ու զարմանքախառն հայացքով նայեց էդիլին։