Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 111

Գլուխ յոթերորդ
— Ինձ ուժ է տալիս կյանքի կարճատևությունը և երկյուղն այն բանի, որ նենգ մահն ամեն վայրկյան կարող է դարանակալել ինձ ու գլորել մոռացության վիհը. ոչ ոք չի հիշի ինձ ու չի տա անունս, քանի որ ոչինչ չեմ արել անմահության համար ։ Չկա ինձ համար ավելի սարսափելի բան, և ես սոսկալիորեն ուզում եմ ինչ-որ բան անել ։ Իմ մահճակալի դիմաց, պատից կախված է պղնձե մի վահանակ, որին խոշոր տառերով գրված է. « Հիշիր, դու անցորդ ես այս աշխարհում »։ Այդ նույն միտքը փորագրված է լոգարանում, տաբիլինում, ասեղնագործված է պատգարակիս շղարշներին ։ Ամեն քայլափոխի դրանք հիշեցնում են ինձ մահվան գոյության մասին,— իսկ դրա մոռացումը պատճառ է դառնում անգործության, քանի որ հոգուն իշխում է այն թյուր պատկերացումը, թե կյանքը հավերժ է, և դեռ կարելի է ամեն ինչ հասցնել,— և ես լցվում եմ վճռականությամբ, հեռու եմ վանում ինձնից հուսալքության ամպամշուշը, որ ամեն գիշեր իջնում է սրտիս ։ Բայց դա այնպես հեշտությամբ չի արվում, որպիսի հեշտությամբ պատմեցի քեզ ։
Սիրեցյալի մեջ արտասովոր, գուցե և գերբնական ինչ-որ բան տեսնելով ՝ Սեսիլիան կախարդվածի պես նայում էր նրան ։ Ապա գլուխը դնելով նրա կրծքին ՝ հազիվ լսելի շշնջաց.
— Քեզ հետ այնպես խորհրդավոր է. կուզենայի այս պահը հարատևեր, ու ոչինչ չխանգարեր մեզ ։

Գլուխ յոթերորդ

Մի անգամ, վերադառնալով ուշ երեկոյան, Կեսարը բակում տեսավ Օպիոսի պատգարակը ։ Սպասավորները զեկուցեցին, որ սենատորն արդեն երկու ժամ սպասում է իրեն ։ Օպիոսը սովորություն չուներ առանց հրավերի կամ զգուշացման այցելել որևէ մեկին, և նրա տարօրինակ այս վարմունքը զարմացրեց էդիլին ։ Բայց տուն մտնելով և տեսնելով մագաղաթագալարի վրա խոնարհված հսկայամարմին սենատորին ՝ նրա տրամադրությունը կտրուկ փոխվեց, և հարցրեց ՝ ժպտալով.
— Դե ՛, ի ՞ նչ, Օպիո ՛ ս, համամի ՞ տ ես Սոկրատեսի հետ, որ հոգին տենչում է իմանալ ճշմարտությունը, իսկ բազում պահանջմունքներ ունեցող մարմինը խանգարում է նրան, և որ բացարձակ ճշմարտությունը հասու է միայն մահից հետո, երբ հոգին անջատվում է մարմնից ու մնում ինքն իր հետ ։
— Զառացանք է,— Օպիոսը մի կողմ դրեց գիրքը ։— Հայտնի է քեզ, որ սեր չունեմ օտիումի [ 44 ] հանդեպ և օրը երեք անգամ մարտի բռնվելը գերադասում եմ ընթերցանության մեկ ժամից ։ Սոսկ ձանձրույթս փարատելու համար սա առա ձեռքս, քանի որ քո սպասավորները քչախոս են քեզանից առավել ։ Բայց թողնենք դա. բոլորովին այլ գործ է ինձ քո ինսուլան բերել. Կատիլինան մեկնում է Էտրուրիա ։
Կեսարը ձեռքերը խաչեց կրծքին ու շնչեց ծանրորեն. նա սպասում էր իրադարձությունների նման վախճանի, միայն չգիտեր, երբ այն տեղի կունենար ։
Կոնսուլական ընտրություններից երկու շաբաթ առաջ Կատիլինան սերտորեն մերձեցել էր Կուրիոսի խմբի հետ, և այդ պահից նրա գործողություներում արկածախնդրությունը սկսել էր գերակշռել շրջահայացությանը ։ Թե ՛ Կուրիոսը, թե ՛ նրա համախոհները թաղված էին պարտքերի մեջ և, Կատիլինային խոստանալով ամեն տեսակ աջակցություն, նրան համոզեցին հանդես գալ հայտարարությամբ, թե ընտրվելով կոնսուլի պաշտոնում, կվերացնի բոլոր պարտացուցակները ։