Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 110

աչքերդ և կտեսնես նրան»,— ասաց Գենիուսն ու անէացավ այնպես հանկարծակի, ինչպես հայտնվել էր։ Երբ արթնացա նիրհից, տեսա քեզ։ Լռություն տիրեց։ Կեսարը չգիտեր՝ ինչպես վերաբերվեր նախախնամության այս նոր վկայությանը։ — Այնպես որ, ես համոզված եմ՝ դու կիշխես Իտալիային, եթե մյուս աստվածները մի փոքր բարեհաճ լինեն քո հանդեպ։ — Նրանք բոլորովին մոռացել են ինձ, ասես վրեժխնդիր են լինում իրենց լքելու համար։ — Բայց չէ՞ որ դու կամովին չարեցիր այդ, և Սուլլան ուժով քեզ զրկեց ֆեցիալությունից։ — Աստվածների համար երևի միևնույն է,— դառնացած ասաց Կեսարը՝ ձգվելով անկողնու վրա։ Կրկին լռեցին, հետո Սեսիլիան, փարվելով նրան, ասաց. — Ես վաղուց հետևում եմ քեզ, Գայո՛ս, և անչափ զարմացած եմ քո համառության վրա... — Այն իմ միակ զենքն է,— ընդհատեց նրան Կեսարը։ — Ինչպե՞ս է, որ մյուսների նման անհաջողություններից չես ընկճվում։ Քո փոխարեն մեկ ուրիշը վաղուց տրվել էր հարբեցողությանը կամ փորձել սփոփանք գտնել կուրտիզանուհիների գրկում։ Ի՞նչ կամք ունես դու, որ դիմանում ես այս ամենին և կարողանում ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Այսօր դու քսանհինգ միլիոն պարտք ունես, բայց ապրում ես այնպես անհոգ ու թեթև, որ ես երբեմն մտածում եմ՝ չե՞ս խենթացել արդյոք... — Ես Մարկոսից խնդրել եմ մեկ միլիոն դենարե,— արտաբերեց Կեսարը՝ հանկարծ հիշելով այդ մասին։— Նա քեզ ոչինչ չի՞ ասել։ — Հավանաբար պարտամուրհակները մարելո՞ւ համար,— փորձեց գուշակել Սեսիլիան՝ դեմքը կնճռոտելով։ — Ամառանոց եմ կառուցելու Պոմպեյքում։ Կատոնի վիլլայի հարևանությամբ։ — Երդվում եմ Զևսով, դու իսկապես խենթացել ես, և իմ կասկածներն անհիմն չէին։— Սեսիլիան խայթվածի պես նստել էր անկողնում, նրա աչքերը կլորացել էին զարմանքից։ — Խենթացե՞լ,— հոգոց հանելով՝ ասաց Կեսարը,— ես հոգնել եմ, սարսափելի հոգնել։ Քիչ առաջ հարբած մի գլադիատոր տեսա Մահվան Վեներայի բակում, որ մեկնվել էր սալահատակին ու քնել անխռով։ Կհավատա՞ս, նախանձեցի նրան, ցանկացա լինել նրա փոխարեն և վերանալ այս աշխարհից, չմտածել պարտքերիս, Կատոնի, մյուսների մասին։ Բայց դա անհնար է, այնինչ ես հոգնել եմ ինքս իմ դեմ պայքարելուց, որ կռիվներից ամենադաժանն է,— և շոյելով սիրուհու վարսերը՝ հարցրեց,— կուզես բացեմ քեզ համառությանս գաղտնիքը։ Սեսիլիան լարեց հայացքը և անսահման հետաքրքրասիրությամբ նայեց էդիլի աչքերի մեջ։