Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 109

ստրուկներով ինքն է զբաղվում։ Իրեն թե հարցնես, ինքն աղքատ է, իսկ հարուստ է նա, ով սեփական միջոցներով կարող է մի ամբողջ բանակ պահել։ — Տարօրինակ է,— ասաց Կեսարը տարակուսանքով,— նրա վարմունքից դա չես ենթադրի։ Արտաքնապես այնքան բարեհամբույր է, հասարակ ու մատչելի... — Այո՛, դա ոչ ոք հերքել չի կարող. նրա հյուրերի թվում հասարակ մարդիկ գերակշռում են արիստոկրատներին, նա ճանաչում է բոլորին և ամենահետին պրոլետարին անգամ բարևում անունով։ Բայց մի՞թե չես նկատել, որ նա, ի տարբերություն մյուս նոբիլների, հասարակական ոչ մի շենք չի կառուցել Քաղաքի համար։ Գիտե՞ս ինչպես է նա բացատրում այդ. «Ես այնքան հիմար չեմ, որ գործեմ ի շահ իմ թշնամիների և աղքատացնեմ ինքս ինձ»։ — Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել նրա խնջույքները. կամ թեկուզ այն, որ, ընտրվելով կոնսուլ, յուրաքանչյուր պլեբեյի մեկ շաբաթվա պաշար նվիրեց։ Կեսարը մտածում էր, թե Սեսիլիան վատաբանում է ամուսնուն՝ իր դավաճանությունն արդարացնելու համար։ — Այդ ծախսը նրա ունեցվածքի հազարերորդ մասն էլ չկազմեց, մինչդեռ նա հույս ուներ կոնսուլությունից հետո ստանալ ասիական պրովինցիաներից մեկնումեկը։ Օ՜, ես մոռացել եմ ամենակարևորը՝ նա երազում է ստանձնել Սիրիայի կուսակալությունը։ Նա փափագում է, պարթևներին հաղթելով, կրկնել Ալեքսանդրի սխրանքը։ Նա քեզ էլի կօգնի, կարող ես չկասկածել։ — Մի՞թե ես որևէ կերպ առնչվում եմ նրա երազանքներին,— Կեսարին բոլորովին հասկանալի չէր Սեսիլիայի մտքերի ընթացքը։ — Նա համոզված է, որ մոտ ժամանակներս կկարողանաս օգնել իրեն։ Կեսարն ուսերը թոթվեց։ — Ես նույնպես համոզված եմ,— ասաց Սեսիլիան վստահ։ — Որտեղի՞ց այդպիսի վստահություն։ — Դու բոլորովին նման չես մյուսներին։ — Ամենքի նման ես հասարակ մահկանացու եմ, ավելին, նաև անհաջողակ։ — Ո՛չ,— առարկեց Սեսիլիան, որ գլուխն առել էր ափերի մեջ և նրան նայում էր խորհրդավոր հայացքով,— քո մեջ աստվածային կայծ կա, և Գենիուսը պահապան է քեզ։ — Գենիո՞ւսը... — Այո՛, նա։ Քո առաջին այցելության պահին ես տավիղ էի ունկնդրում, և հանկարծ քաղցր նինջ պատեց ինձ, որպիսին չի եղել երբեք։ Ես հայտնվեցի մշուշապատ ինչ-որ անսահմանության մեջ, ուր առասպելական թռչունների ուրվականներ էին թևածում և ջրվեժի շառաչյուն էր լսվում, իսկ ոտքերս ասես զով ամպամեգի մեջ լինեին։ Եվ հանկարծ տեսա Գենիուսին՝ փառահեղ մորուքով, մի ձեռքում առատության եղջյուր, մյուսում գայիսոն։ «Գիտե՞ս, ինչու եմ կանչել քեզ»,— հարցրեց նա ինձ։ Ես կարկամել էի նրա աստվածային վեհությունից, և շուրթերս անզգայացել էին բոլորովին։ «Իմ հովանավորյալը կարիք ունի սփոփանքի, և պատրա՛ստ եղիր ընդունել նրան»,― պատվիրեց ինձ պահապան Ոգին։ «Ո՞վ է նա»,— համարձակվեցի հարցնել։ «Բացի՛ր