Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 107

դասերի ու համքարությունների միջև, ու հրապարակից ելնող փողոցների վրա նիզակակիր զինվորներ էին կանգնած ։
Տունը, որի մոտ կառքը կանգ առավ, բոլոր կողմերից շրջապատված էր բարձր պարիսպով ։ Մուտքի վերևում Մանայի ՝ տան պահապան աստվածուհու անագապղնձե պատկերն էր ։ Քիվաքարերից մի քանիսն ընկել էին ու մամռոտել, և այն տպավորություններն էր ստեղծվում, թե այստեղ մշտապես ոչ ոք չի ապրում ։
Ներս մտնելով ՝ էդիլն ու ստրուկը հայտնվեցին աղոտ լուսավորված նեղ միջանցքում, որի վրա երեք թե չորս դռներ էին բացվում ։ Կեսարը տարակուսանքով դիտում էր շուրջը. նրան անհասկանալի էր, թե Սեսիլիայի նման մեծահարուստ պատրիկուհին ինչպես է թույլ տալիս իրեն սիրային ժամեր անցկացնել խղճուկ այս տան մեջ, ուր օդը բռնված է բորբոսահոտով և չկա ոչ մի սպասավոր ։
Դռներից մեկի մոտ կանգ առան ։ Խափշիկը կիսաբացեց այն և կողմ քաշվեց ։ Կեսարը նրա բուռը մի քանի ոսկեդրամ դրեց ու ներս մտավ ։ Վերստին գոցելով դուռը ՝ խափշիկը ելավ բակ, աչքերը կկոցելով ՝ նայեց արևին, հետո, խաղալով ոսկեդրամների հետ, նստեց պատի տակ ։
Տասնյակ ու տասնյակ ջահերի լույսի հեղեղ, մետաքսի հաճելի շրշյուն, գորգերն ու լուսամուտները քողարկող արծաթաթել վարագույրների աշխույժ փայլ, անբռնազբոս սիրո տեսարաններ պատկերող կտավներով բռնված մարմարե պատեր, կիսաթափանց քողով շղարշված ոսկեզօծ առագաստ. ահա ինչ տեսավ էդիլը ՝ հայտնվելով սրահում ։ Հանկարծակի եկած ՝ նա շվարեց մի պահ, ապա սրահը պարուրած մեղմ կաթնամշուշի մեջ նշմարեց ձեռքերն առաջ պարզած իրեն եկող Սեսիլիային. ականակիտ շրջազգեստի տակ ընդգծվում էին կրծքի մոլեգին բաբախումներից թրթռացող նրա զգաստ ստինքները. նրա մարմինը համաչափ էր կատարելության աստիճան և ողորկ ։ Կեսարին թվաց, թե սա խարդավանք է, և իր առջև ծովափրփուրից ելնող Վեներան է կամ թե լեռնային քնքուշ մեդա ՝ անմատչելի և աներազելի հասարակ մահկանացուի համար ։ Շփոթահար ՝ նա հետ ընկրկեց, բայց այդ պահին Սեսիլիայի չքնաղ մարմինը հպվեց նրան այնպես նուրբ, ինչպես մեգն է փարվում արձակ դաշտերին, և նա զգաց, որ կորցնում է սեփական մարմնի զգացողությունը և հանկարծակիորեն բռնկված ներքին մի կրակ ուր որ է կայրի իրեն ։
Նրան սթափեցրեց Սեսիլիայի մատների հպումն իր այտերին, և ուշքի գալով փորձեց ինչ-որ բան ասել, բայց զարմանքով նկատեց, որ կորցրել է խոսելու ընդունակությունը, ու գլուխն ակամա խոնարհեց իր շուրթերը որոնող կնոջ պագշոտ շուրթերին ։ Հետո ագահորեն իրեն համբուրող կնոջն առավ բազուկներին( իսկ նա թեթև էր սյուքի պես) և պառկեցրեց անուշահոտություններով օծված լուսառատ առագաստին ։
— Սիրի ՛ ր ինձ, Կեսա ՛ ր,— շշնջաց Սեսիլիան ՝ կրքից դողալով,— ես տառապել եմ այս պահի սպասումով...
Նազելի գլուխը սիրեցյալի կրծքին հենած ՝ Սեսիլիան քաղցրածոր շաղակրատում էր ՝ հայացքը հառած գորգերից ազատ պատին, ուր մի բնանկար կար, պատկերված այնպիսի խաբուսիկ իրական հեռանկարով, որ նայողին թվում էր, թե լուսամուտի բացվածքից տեսնում է արևով ողողված լայնածիր աշխարհը ։
Մի պահ նրան թվաց, թե Գայոսը չի լսում իրեն ու, նայելով նրա աչքերի մեջ, հարցրեց.