կապույտ տունիկա էր հագել, ոտքերին թաղիքե սև կոշիկներ էին, երկաթե վզնոցը
հանված էր, պիլեում էր ծածկում նրա գլուխը, այնպես որ ամենքի համար նա
սովորական ազատարձակ էր և ոչ՝ ստրուկ։
Խոնարհվելով խափշիկը նշան արեց հետևել իրեն։ Հիսուն կանգունի չափ
առաջանալով՝ թեքվեցին աջակողմյան նրբանցք, ուր անթափանց շղարշներով
վարձու մի կառք էր սպասում նրանց։
Ճանապարհն անցնում էր խիտ, միմյանց գրեթե կպած, աղյուսե ու կավե միհարկանի
տների արանքով. դրանցում ապրում էին արհեստավոր ստրուկներ, նախկին
գլադիատորներ, պոռնկուհիներ, քաղաքացիություն չունեցող գալլեր, մի մասն էր
վարձով տրվում էր շուկա մթերքներ բերած գյուղացիներին ու աղքատ
ճանապարհորդներին։ Բլրալանջին ծվարած կիսախարխուլ այդ տների մեջ նաև
ալեբաստրե կոպտատաշ կառույցներ կային, որտեղ ապրում էին նախկին
ստրուկներ, որոնք բարեխիղճ ծառայությամբ ոչ միայն շահել էին տերերի
համակրանքն ու ազատագրվել, այլև նրանց միջնորդությամբ ու հովանավորությամբ
շահավետ գործարքներ կնքել տեղի ու օտարերկրյա վաճառականների հետ կամ
արհեստանոց բացել արվարձաններում։ Նախկին տերերի անունը կրող ձեռներեց
այդ մարդիկ, որոնք, քվիրիտ չլինելով, զրկված էին ձայնի իրավունքից, իրենց վրա
էին վերցրել միլիոնուկեսանոց քաղաքն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու
դժվարին գործը։
Կառքն անցավ անշուք մի գինետան մոտով, որը հայտնի չէ՝ ինչու, «Մահվան
Վեներա» անունն էր կրում։ Գինետան բակում տղամարդկանց ստվար մի խումբ
տաքացած վիճում էր, ներսում երգում էին կիթառի նվագակցությամբ, և թանձր
մեղեդին կիսաբաց լուսամուտներից հորդելով, տարածվում էր տների ու
նրբանցքների վրա։ Քաղցր ձայնով մեկը երգում էր.
Կանչի՜ր ինձ, կանչի՛ր, մոլագա՛ր Բաքոս,
Կանչի՛ր գինառատ խոլ խրախճանքի,
Օգնի՜ր ինձ տանել ցավերն այս կյանքի,
Վիշտն աշխարհակալ և իղձերս գոս։
Լից գավաթները, անառակ որդի,
Քրոնոսածին, զորավոր Զևսի.
Խոնջացած հոգիս բավ է ճամփորդի,
Բավիղներում կյանք-լաբիրինթոսի։
Փարվեցե՛ք կրծքիս մեդաներ թովիչ,
Օծե՛ք շուրթերս համբույրով ձեր պիղծ,
Արբեցրե՛ք հոգիս՝ չհիշեմ ոչինչ,
Ո՛չ վիշտ, ո՛չ թախիծ և ո՛չ իղձ...
Բարձրանալով բլուրն ի վեր, կառքը հայտնվեց կրպակներով ու արհեստանոցներով
եզերված ոչ մեծ հրապարակում։ Կանայք խեցե կժերով ջուր էին տանում աղբյուրից,
կառքեր էին անցնում ծույլ-ծույլ։ Այստեղ հաճախակի ընդհարումներ էին լինում