Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 105

Խայթվածի պես ցնցվելով ՝ Կեսարը խոնարհվեց նրա վրա ։— Գնա ՛,— ասաց Կուրիոնը քնի մեջ ։― Նա սպասում է քեզ ։ Կեսարը շվարած արձանացել էր ։
Եվ, իսկապես, դուրս գալով ննջարանից, դռների մեջ պատահեց Սեսիլիային, որ, ժպիտը դեմքին, ծարիրված կոպերի տակից համառորեն իրեն էր նայում ։ Կեսարը շփոթվեց մի պահ, ապա ինքը ևս ժպտաց ու ցանկանում էր անցնել դեպի տրիկլինիում, բայց Սեսիլիան մարմնով փակեց ճանապարհը և մոտենալով, նրան նայում էր մի հայացքով, որի մեջ հավասարապես խառն էին փաղաքշանքն ու վրեժխնդրությունը ։
Տրիկլինիումից ուրախ երգի ձայն էր լսվում. Դոլաբելլան հարբել և մյուսներին պարտադրում էր երգել իր հետ ։
Պայծառ աստղեր էին ծիկրակում ատրիումի շրջանաձև երդիկից դուրս, կանթեղների բոցն օրորվում էր նազանքով, շառագունած արձանիկներն ամոթխած նայում էին գգված զույգին, իսկ վարագույրների ետևում թաքնված սևամարմին մի ստրուկ ՝ ամեհի ու խստադեմ, համակ ուշադրություն դարձած, որսում էր ամեն ձայն...
Ստրուկը հանկարծ կեղծ հազաց, հետո սանդալների մոտեցող չքչքոց լսվեց, և Սեսիլիան, դժկամորեն բաժանվելով էդիլից, անհետացավ ատրիումը խոհանոցից բաժանող վարագույրի հետևում ։
Իրիկնադեմին, երբ քաղաքի հայրերը սովորականի պես հավաքվել էին թերմերում, երբ առևտուրը նկատելիորեն նվազել էր տաբերնաների մոտ ու ֆորումում խմբված քվիրիտները վիճում էին պոնտական պատերազմի շուրջ, Կեսարի ալկարմիր պատգարակը կարելի էր տեսնել Սրբազան փողոցի վրա, քիչ անց ՝ Պալատինիումի մոտերքում, որտեղից թեքվեց հարավ, զգուշության համար մեծ շրջան գծեց Ավենտինի ու Սելիումի շուրջը, ապա անձուկ նրբանցքներով ու սակավամարդ փողոցներով կրկին հյուսիս շարժվելով ՝ հայտնվեց Էսքիլենի ստորոտին ։
Դամբարանի մոտ, արձակ մազերով, դափնու ճյուղեր բռնած կանայք պատահեցին, որ գնում էին աղոթելու Բոնա Դեայի համար ։ Երբ կանայք հեռացան բավականաչափ, Կեսարն իջավ պատգարակից, ստրուկներին կարգադրեց այն տանել տուն, իսկ ինքը, սպասումի հոգեմաշ րոպեները կարճելու նպատակով, իրեն ստիպեց զննել կառույցը ։
Հացթուխ Էվրիսակի դամբարանը քառակուսաձև շինություն էր, հիմքում ՝ չորս թզուկ սյուներով ։ Սյուներից վեր ՝ դամբարանի պարագծով, տեղեկություններ էին փորագրված հանգուցյալի մասին, ավելի վեր ՝ երեք շարքից ինը կլոր խոռոչներ էին, որ վառարանի բերան կամ պառկեցրած կարասներ էին հիշեցնում ։ Քիվատակին հացթուխի արհեստից դրվագներ պատկերող քանդակաշարեր կային ։
Երկու տասնամյակ առաջ դամբարանը միակ կառույցն էր ամայի, օշինդրածածկ դաշտում, ուր երբեմն արածեցնելու էին բերում Մեծ կրկեսի ուղտերին ։ Հետագայում այստեղ բնակեցվեցին Սուլլայի ազատագրած ստրուկները, և այն այժմ համարվում էր Էսքիլենի կենտրոնը ։
Պատգարակակիրները հազիվ էին անհետացել տեսադաշտից, երբ էդիլի կողքին ՝ ասես գետնի տակից, բուսեց Սեսիլիայի խափշիկը ։ Կեսարը նրան դժվարությամբ ճանաչեց, քանի որ խափշիկն ամբողջովին զգեստափոխվել էր. մինչև ծկներն իջնող