հայտնված Հուլիայի համար այս ամեննն անչափ գրավիչ էր, և նա հայացքով կլանում էր պատմողին ։
Ամենքը ստիպված էին լռել, քանի որ սրահը բռնվեց շրթհարմոնի քաղցր մեղեդիով, և նվագածուների հետ ներս մտան պարուհիները ։ Նրանք ականակիտ զգեստներ էին հագել, թևերը կողքի տարածած ՝ պտտվում էին օթոցների շուրջ, կիսամերկ ստինքները խաղացնելով ՝ խոնարհվում տղամարդկանց վրա. անուշաբույր յուղերով օծված նրանց մարմինները փայլփլում էին կանթեղների ցոլքերից, և տղամարդիկ նրանց նայում էին բոցկլտացող աչքերով ։
Պարուհիների գալստյան հետ արթնացած Կուրիոնը, մեծ դժվարությամբ նստելով օթոցին, սկսեց աղմկել ՝ պահանջելով իրեն ուղեկցել հյուրերի ննջարան ։ Երբ դռների մոտ արձանացած ստրուկները աճապարեցին ծառայել նրան, Կուրիոնը հայհոյելով հրեց նրանց ՝ գոչելով, որ իրեն ուղեկցի Կեսարը ։ Ներում խնդրելով զրուցակիցներից ՝ Կեսարը նրան դուրս բերեց տրիկլինիումից ։ Հասնելով ննջարան ՝ նրան պառկեցրեց մահճակալին ։ Բայց Կուրիոնը նստեց անկողնու վրա և, գլուխն ափերի մեջ առած, օրորվում էր ։
— Նստի ՛ ր ինձ մոտ,— կարգադրեց նա էդիլին ։ Կեսարը հնազանդվեց ։
Կուրիոնը թմրած հայացքը բարձրացրեց հատակից և անորոշ կերպով ընկերոջը նայելով ՝ հարցրեց.
— Հիշո ՞ ւմ ես Սմիռնան ։— Իհարկե, հիշում եմ ։ Երանության մի լայն ճպիտ ակոսեց Կուրիոնի դեմքը ։
— Ի ՜ նչ օրեր էին,— հառաչելով արտաբերեց նա և ափով մտերմաբար խփեց Կեսարի ծնկներին ։ Հետո ձեռքը կտրուկ հեռացնելով ՝ ասաց մռայլված.
— Դու նենգ մարդ ես, Գայո ՛ ս, որովհետև միշտ սթափ ես ։ Ողջ Քաղաքը թաղված է գինեզեխության ճահճի մեջ, իսկ դու սթափ ես, ամենքը հարբած են, իսկ դու ինչ-որ բան ես անվերջ մոգոնում ։
— Այո ՛, Կուրիոն, ես նենգ եմ, ամենանենգն աշխարհի,— համաձայնեց Կեսարը ՝ փորձելով հանգստացնել նրան ու պառկեցնել ։
Բայց Կուրիոնը չենթարկվեց նրան ու, ցուցամատով ծուռումուռ շրջաններ գծելով օդում, շարունակեց.
— Դու ապրել չգիտես, երբեմն-երբեմն հարկավոր է լողանալ գինու մեջ,— նա ձեռքերը շարժեց այնպես, ասես գինի էր լցնում վրան ։— Ինչո ՞ ւ ես այդպես մռայլ, ի ՞ նչն է այդպես տանջում քեզ ։-Նա հանկարծ բռունցքով խփեց կրծքին ու բացականչեց.— Ես Մարկոս Կատոնը չեմ, ոչ էլ նրա մանկլավիկ Բիբուլոսը, և դու պիտի գաղտնիք չունենաս ինձանից ։
Նա պառկեց և, ձեռքերը գլխի տակ հավաքած, ցրիվ հայացքով նայեց առաստաղին ։
— Ինչպե ՜ ս էին փայլում նրա աչքերը,— Կուրիոնի ձայնն աստիճանաբար նվաղում էր, և քունը հետզհետե հաղթում էր նրան,— օ ՜, սո ՛ ւրբ Վեներա, դու երբեք Ապոլոնին չես նայել այդպես սիրագորով...