Մյուս օթոցին Օպիոսն ու Դոլաբելան,— նա հեռացել էր օպտիմատներից,— բարձրաձայն վիճում էին ։ Դոլաբելան բողոքում էր երիտասարդ բանաստեղծ Գայոս Կատուլլոսից ՝ նրան անվանարկելով անտաղանդ ու ապաշնորհ, գոչելով, թե նա խելոք կվարվի, եթե ներկ ու մագաղաթ փչացնելու փոխարեն զբաղվի որևէ ուրիշ, բնատուր ձիրք չպահանջող գործով, թեկուզ ստրուկների վերավաճառքով ։ Նրա դժգոհությունը հասկանալի էր. վերոնացի նորաթուխ բանաստեղծը, որ Հռոմում սեփական տունը չունենալով ՝ ապրում էր վարձով, Դոլաբելային ձաղկել էր Հունաստանում կատարած ապօրինի յուրացումների համար և նրան Հռոմուլոսի և Հռեմոսի անունը խայտառակող անվանել ։ Օպիոսին անկեղծորեն դուր էին գալիս Կատուլլոսի բանաստեղծությունները, և նա սկզբում պաշտպանում էր նրան, բայց հետո հարբած զրուցակցին չգրգռելու համար գերադասեց լռել ։ Իսկ Դոլաբելան նրա լռությունն ընկալելով որպես հավանություն ՝ ավելի էր ոգևորվում և մոռացած կանանց ներկայությունը ՝ լուտանքներ էր թափում Կատուլլոսի հասցեին ։
— Ախր նա ՝ շուրթը կախ այդ գալլական հովատակը,— հոխորտում էր Դոլաբելան, խոսքն ուղեկցելով անիմաստ շարժումներով,— մի կարգին տեսք էլ չունի և, ասում են, վայրի կենտիբերի պես ատամները փայլեցնում է ՝ բերանը ողողելով այն հեղուկով, որ գիշերն արտադրում է իր մարմինը ։
Նրանց հարևանությամբ ընկողմանած Կուրիոնը հասցրել էր գինովանալ և Դոլաբելային նայում էր պղտոր հայացքով ՝ ոչ մի կերպ չհասկանալով նրան համակած զայրույթի պատճառը ։ Նա ստեպ-ստեպ գոցում էր աչքերը, ապա ցնցվելով ափով տրորում դեմքը ՝ ասես կամենալով իրենից վանել գինու բերած թմրության աննյութ սարդոստայնը ։
Երրորդ օթոցին, ուր տանտիրոջ երկու կողմերում թիկնել էին Կեսարն ու Կատիլինան, հարաբերական խաղաղություն էր տիրում ։ Եվ դա ոչ այն պատճառով, որ նրանցից ոչ մեկը գինովցած չէր, պարզապես դավադրության ձախողումից հետո Կրասոսը դարձել էր խիստ զգուշավոր և չէր վստահում սպասավորներին, որոնք կարող էին պատահաբար լսել իրենց ։ Իսկ հարցը, որ քննարկում էին նրանք, հույժ կարևոր էր ։ Կատիլինան մտադիր էր նորից առաջադրել կոնսուլության իր թեկնածությունը ։ Ֆակտիոն տեղյակ էր և նրան խանգարելու համար առաջ էր քաշել Գայոս Անտոնիոսի և ժողովրդի հեղինակությունը վայելող Մարկոս Ցիցերոնի թեկնածությունները ։ Եվ ահա Սերգիուսը կամենում էր նոր դավադրություն կազմակերպել և ընտրություններում հաջողություն չունենալու դեպքում ուժով գրավել իշխանությունը ։ Կեսարը դեմ չէր այդ ձեռնարկմանը, բայց գտնում էր, որ ամեն ինչ հարկավոր է անել ծայրաստիճան զգույշ, քանի որ եթե դավադրության մասին շշուկներ անգամ լինեն, ապա Ֆակտիոն կահաբեկի ժողովրդին և կհրահրի իրենց դեմ, այդպիսով և ՛ Կատիլինան կպարտվի, և ՛ դավադրությունը կխափանվի ։
Իսկ Կրասոսը համոզված էր, որ եթե հաջողվի միավորել Ֆակտիոին չհամակրող բոլոր ուժերը, Սերգիուսը կընտրվի կոնսուլի պաշտոնում ։ Բացի այդ նրա կարծիքով իրադրությունը մինչ ընտրությունները կարող էր կտրուկ փոխվել, քանի որ շուտով Ասիայից մեծաքանակ բանակի հետ կվերադառնա Պոմպեոսը ։
Կանայք թողել էին ուտելը և, աղմուկից հեռանալով, բոլորաձև նստել էին պատշգամբում ։ Կրասոսի զարմուհին հետաքրքիր ինչ-որ բան էր պատմում, և նրան լսում էին հափշտակությամբ ։ Աշխարհիկ կանանց միջավայրում առաջին անգամ