Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 102

— Զարմանալի ոչինչ չկա,— միջամտեց Ռուֆիոնը, որ հաճույքով թռչնազդր էր ուտում ։— Տիգրանը, ի տարբերություն աներոջ, նաև նուրբ դիվանագետ է ։ Մենք միշտ հակված ենք ենթադրելու, թե բարբարոսները ռազմական գործում ետ են մնում այնքան, որքան գեղեցիկ արվեստների մեջ ։ Բայց դա այդպես չէ ։ Ես եղել եմ Տավրոսից այն կողմ և գիտեմ ՝ որքան խորն են այնտեղի կիրճերը, որքան անանցանելի ՝ անտառները, և վստահությամբ կարող եմ ասել, որ հայերի համար մի առանձին դժվարություն չէր լինի քարերի հեղեղի տակ թաղել պառակտված մեր բանակը ։ Բայց Տիգրանը Միրհրդատի նման բռնկուն չէ, նա հեռուն է տեսնում ։ Նա այլևս չէր կարող հույս դնել Պոնտական կայսրության վրա, նրա թիկունքում վերստին ակտիվացել էին պարթևները, և հաշտությունը մեզ հետ խիստ անհրաժեշտ էր նրան ։ Ու նա հասավ դրան նվազագույն կորուստներով ։
— Ժամանակը փոխվում է անճանաչելիորեն,— հեգնանքով ասաց Անտոնիոսը ՝ գավաթը մոտեցնելով շուրթերին,— ո ՞ վ կարող էր սպասել, որ երեկվա վաճառականները կհնազանդեցնեն ասիական բոլոր ժողովուրդներին, նույնիսկ ասորիներին ՝ երբեմնի աշխարհակալ ։
— Բարբարոսը մնում է բարբարոս ։— Մումերկոսը չհամաձայնեց Ռուֆիոնի հետ. նա մեկն էր այն սենատորներից, ովքեր չէին ճանաչում Տիգրանի Արքաների արքա տիտղոսը,— թեկուզ նրա գլուխը զարդարված լինի արևի պատկերով ։ Իսկ մեր անհաջողությունների պատճառը հարկավոր է բոլորովին ուրիշ տեղ փնտրել ։
Նա դադարեց ուտել և սպասավորին կարգադրեց հեռացնել սկուտեղը ։ Ապա հարմար նստեց օթոցին և, նայելով անհամբեր իր խոսքին սպասող զրուցակիցների գինուց մշուշված աչքերի մեջ, շարունակեց.
— Մեր երիտասարդներն առաջվանը չեն ։ Վաղուց անցել են երանելի ժամանակները, երբ մեր զինվորների համար իսկապես չկային անանցանելի անտառներ և անառիկ ամրոցներ, երբ ոսոխի տեսքը ատելություն էր ներշնչում, ոչ թե ՝ ահ, երբ քաջությունը վեր էր ամեն տեսակ հարստությունից, երբ զենքը ձեռքին մեռնել, բայց չնահանջելն ամենամեծ իմաստն էր կյանքի, երբ զինվորները մրցում էին թշնամուն առաջինը խոցելու, առաջինն ամրոցի պարսպին ելնելու պատվի համար ։ Այնինչ հիմա նրանց ավելի շատ մտահոգում է իրենց դիրքը և ունեցվածքը, նրանք խուսափում են կռվել ՝ երկյուղելով, թե իրենց սիրունիկ դեմքին սպիներ կերևան ։ Նրանք ավելի շատ խոսում են իրենց արժանիքների մասին, քան որևէ բան անում, մինչդեռ մեր նախնիներն այդ զբաղմունքը թողնում էին ուրիշներին ։ Քաղկեդոնի մոտ ես տեսել եմ ՝ ինչպես էին մերոնք կռվում և պիտի խոստովանեմ ՝ զարմացել էի նրանց դանդաղկոտության և անզորության վրա ։ Այժմ փառասիրությանն ու պատվախնդրությանը փոխարինելու է եկել ագահությունը, և ես ամենևին չեմ զարմանում, թե ինչպես պատահեց, որ մենք դարձանք այսքան դաժան, չափից դուրս ինքնավստահ, ծախու և անաստվածավախ ։ Եթե մենք հիսուն, հարյուր տարի առաջ կռվեինք Տիգրանի դեմ, մեր այժմյան բանակի կեսն էլ բավական էր ՝ ասիական այդ խաժամուժը ցրելու համար ։ Ո ՞ վ է հիմա կարդում Քամիլլոսի հուշերը, ալեհեր զորավարները միայն,— մինչդեռ այնտեղ կհանդիպեք բազմաթիվ դեպքերի, երբ մերոնք սակավաթիվ ջոկատներով խուճապի են մատնել թշնամու հզոր բանակին ։
Նրա զրուցակիցները համաձայնեցին այս վերջին խոսքերի հետ, քանի որ հռոմեական զենքի փառքն իսկապես խամրել էր ։