Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 101

Կրասոսը ազատ արձակեց նրանց։ Ինը գեղանի ստրկուհիներ հատուկ թասի մեջ լվացին հյուրերի ձեռքերը, ծաղկեպսակներով զարդարեցին նրանց, իսկ օթոցների սպասավորները՝ նախշազարդ կապույտ տունիկայով գեղեցկադեմ պատանիներ, գինի լցրին տիրոջ նշանով։ Կրասոսը ոտքի ելավ և հանդիսավորությամբ հեղում արեց Յանուսի պատվին. հյուրերը հետևեցին նրան։ Ապա նա շրջվեց դեպի Մարսի արձանը, որ ամառային տրիկլինիումի առատորեն լուսավորված անկյուններից մեկում էր և, գավաթը պահելով գլխից վեր, աստծուն խնդրեց բարեհաճ լինել իր ընտանիքի և տան հանդեպ, թույլ չտալ՝ կործանվի այն, պաշտպանել հիվանդությունից և փորձանքից, առատություն պարգևել դաշտերին՝ խոստանալով նրան երկրպագել որպես բարերար աստծո։ Հյուրերը կրկնեցին նրա խոսքերը և գավաթը շուրթերին մոտեցնելով՝ գինին հեղեցին սրաբազան սկահակի մեջ, որը ստրուկները հետո դրին աստծո ոտքերի մոտ։ Ապա նրանք մեկ րոպեի չափ լուռ կանգնած էին, ափերը՝ միմյանց սեղմած, հայացքները՝ Մարսի արձանին։ Աստվածամեծարումն ավարտված էր։ Տղամարդիկ ուտում էին կողքի պառկած, մեծագույն ախորժակով. տանտիրոջ հյուրասիրությունն էր պատճառը, թե պերճաշուք սրահի զվարթ լուսավորությունը, ամենքն անկաշկանդ էին զգում իրենց և անգամ Մարկոս Անտոնիոսը, որ առաջին անգամ էր լինում Կրասոսների մոտ, անմիջական էր հարազատի պես։ Կանայք չորսն էին՝ տանտիրուհուց բացի, նաև Նիդիան՝ Կուրիոնի կինը, Կրասոսի զարմուհին՝ հիսունին մոտ մի մատրոնա, և Հուլիան. նրա տասնվեցը բոլորել էր արդեն և նա ստացել էր առաջին այցելության հրավերը։ Ի հակադրության տղամարդկանց՝ նրանք ավելորդ անգամ ցուցադրում էին իրենց սակավապետությունը և համեղ խորտիկներից օգտվում էին այնպես զգուշորեն, ասես իրենց սոսկ համտեսի համար էին հրավիրել։ Վենուսը նրանց արգելում էր գինի խմել, և նրանք ձյունով սառեցված մրգահյութ էին ըմպում։ Որքան պակասում էր սափորների գինին, այնքան չքանում էր խնջույքի հանդիսավորությունը, և կես ժամ հետո այնպիսի աղմուկ էր սրահում, որ անհնար էր սպասավորներին որևէ բան հասկացնել։ Գինովցած տղամարդիկ վերհիշում էին վաղուց մոռացված միջադեպեր, եռանդագին քննարկում հանրապետության գործերը։ Օթոցներից մեկում Մումերկոսը, Ռուֆիոնը և Անտոնիոսը քննում էին Լուկուլլոսի նահանջի պատճառները։ Անտոնիոսը պնդում էր, թե բութանիական հեծալազորն է ամեն ինչ խառնել, որ Տավրոսն անցել էր՝ հավատալով հայերին հեշտությամբ հաղթելու և Արտաշատի գանձերին տիրանալու Լուկուլլոսի խոստումներին. լուրջ դիմադրության հանդիպելով՝ նրանք սկսել են տրտնջալ, թե իրենց խաբել են, իսկ երբ վրա է հասել ձմեռը, նրանց հաջողվել է նորակոչիկներին համոզել ետ դառնալ՝ հավատացնելով, որ պատերազմն օրհնված չէ ֆեցիալների կողմից, և իրենց արարքը երդմնազանցություն չի դիտվի։ — Ասում են՝ մի առավոտ Լուկուլլոսն արթնացել ու ճամբարը բոլորովին դատարկ է գտել,— Անտոնիոսը սպասավորին նշան արեց գինի լցնել իրեն։— Բայց տարօրինակն այն է, որ Տիգրանը մեծաթիվ զորքով ուղիղ մեկ ամիս հետապնդել է մերոնց և ոչ մի անգամ մարտի չի բռնվել։