Գաղտնի սիրո խորհրդավորությունը հմայում էր նրան, տղամարդկային արժանապատվությունը մոռացնել էր տալիս ամեն զգուշություն և, նստելով գրասեղանի մոտ, ցանկացավ պատասխանել, բայց հետո միտքը փոխեց և հայացքն առաստաղին հառած ՝ երկար ժամանակ մտածում էր ։
Կրասոսին կորցնել չէր կամենում. գայթակղության առաջին վայրկյաններին մոռացել էր այդ մասին ։ Թշնամանալ Կրասոսին, կնշանակեր ինքնակամ ելնել Ֆակտիոի զոհարանին ։ Բացի այդ նա անկարող էր ապերախտ գտնվել ցենզորի հանդեպ, որն օգնում էր իրեն ՝ ազատվելու համբերությունը կորցրած պարտատերերից և որն առանց շահույթի տրամադրել էր մեկ միլիոն դենարե ։
Նրա հոգում գլուխ բարձրացրեց զգուշավոր անդրադարձը. արժե ՞ կնոջ համար, որքան էլ դյութիչ լինի նա և աստվածային, վտանգել բոլոր նպատակները, որոնք նոր միայն սկսել են իրականանալ, արժե ՞ արդյոք վայելումի ժամերի համար մոռացության տալ երդումը և տառապանքները ։
Մումերկոսը նրան ժուժկալության էր վարժել, ինքն էլ միշտ համոզված էր եղել, թե կարող է կառավարել իր զգացմունքները ցանկացած իրավիճակում, բայց ի ՞ նչ կատարվեց իր հետ, ինչո ՞ ւ անէացավ հանկարծ սպասվող զմայլանքից ։
Նա ելավ ու, բազուկները կրծքին հավաքած, մտախոհ քայլում էր սենյակում ։
Սեսիլիային մերժելը ծանր էր նրա համար, քանի որ ամբողջ հոգով տենչում էր նրան, միաժամանակ նաև վտանգավոր. վիրավորված արժանապատվությամբ կինը նենգ է լուսանից և կարող է վրեժխնդիր լինել դաժանորեն և այնքան մոլեգին, որքան խորն է եղել սերը, ու բավարարում չի ստանա, քանի դեռ սիրեցյալը վերջնականապես չի տապալվել ։ Մինչդեռ Սեսիլիայի համար մի առանձին դժվարություն չի լինի գժտեցնել իրեն և Կրասոսին ։
Վիճակն անելանելի էր. ինչպես էլ վարվեր, վտանգվում էր իր և Կրասոսի բարեկամությունը, առանց որի նա չէր պատկերացնում իր ապագան ։
Երկար մտածելուց հետո կանչեց խափշիկին ու նրան հանձնեց հետևյալ գրությունը.
« Աստվածներին հավասար է նա, ում բախտ է վիճակվում նստել քո դեմ ու լսել քեզ, տեսնել քո քաղցր ժպիտը, որ զարթնեցնում է հոգու զգացմունքները և հուր հորդեցնում երակներով ։
Արժանի ՞ եմ արդյոք ես, հասարակ մահկանացուս, նման բարձր պատվի, քանզի նա, ում սիրում է Հռոմի առաջին մատրոնան, պետք է ամենաընտրյալը լինի մարդկային ցեղի մեջ ։
Ես կերկրպագեմ քեզ, ինչպես հավատացյալը ՝ Վեներային, կերկրպագեմ ՝ առանց որևէ ակնկալիքի »։
Կրասոսի մոտ խնջույք էր ։ Տղամարդիկ նոր էին ընկողմանել օթոցներին, իսկ կանայք ՝ տեղավորվել սեղանի շուրջ, երբ երևացին ճերմակ զգեստներ հագած սպասավորները ՝ արծաթե մեծ սկուտեղներով բերելով ախորժալուր խորտիկներ, շոգեխաշած սիրամարգ և փասիան, խորոված վիթ, ծղոտահյուս կողովների մեջ ցողով ծածկված մրգեր, էբենոսե սափորներով ՝ բազմատեսակ գինի ։ Նրանք գալիս էին ու գալիս ՝ միմյանց հերթ չտալով, բայց անձայն, իսկ երբ սեղանները ծանրաբեռնվեցին ամենայն բարիքներով, շարվեցին գորգազարդ պատի տակ.