Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 7

Ըստ բյուզանդական աղբյուրների ՝ պավլիկյան շարժման հիմնադիրը եղել է մանիքեական մի հայ տիկնոջ ՝ Կալինիկեի որդի Պավղոսը, որն իր որդիների և եղբոր հետ Հայաստան գալով ՝ մեծ գործունեություն է ծավալել: Պավլիկյանները մարդու ակտիվ գործունեության սկզբունքի կողմնակիցներ էին և ձգտում էին երկրի վրա իրականացնել այն, ինչը եկեղեցին խոստանում էր երկնքում ՝ արդարություն և հավասարություն: Մարդու իրավունքի, նրա ազատագրության հարցը գլխավորն էր նրանց համար: Մարդուն նյութի գերությունից ազատել, վերջ տալ ամեն տեսակ ավելորդապաշտություններին, երկրի վրա հավասարություն ստեղծել ՝ այս էր պավլիկյանների նպատակը:
Պավլիկյանները մերժեցին եկեղեցական ճոխ արարողությունները, հակադրելով դրանց սկզբնական քրիստոնեության պարզ աղոթքները սովորական աղոթատներում: Բարձր իդեան չպետք է ապականվի, մարդը չպետք է ստորանա և ծունկի գա նյութի առաջ: Խաչը փայտի կամ երկաթի մի կտոր է, ի ՞ նչ զորություն կարող է ունենալ դա, որ հարկ լինի դրան երկրպագել: Մի փայտի կամ երկաթի կտոր ի ՞ նչ կարող է անել մարդու համար և առհասարակ մի ՞ թե կարելի է մի որևէ բան հայցել դրանից: Մաքուր գաղափարականությունը ոսկյա խաչերի և նման արդուզարդերի հետ առնչություն չունի: Ահա այսպես էին դատում պավլիկյանները:
Նրանք այլոց նման հույսը չդրին ինչ-որ մեսիայի գալստյան վրա, այլ զենքը ձեռքներին դուրս եկան երկրի կառավարիչների դեմ ՝ սարսափ տարածելով անգամ բյուզանդական կայսրերի վրա: 720 թվականին Դվինի եկեղեցական ժողովը հատուկ որոշում ընդունեց պավլիկյանների դեմ պայքարի մասին, ուր ասված էր.“ Չպետք է չարաղանդ մծղնեների, որ կոչվում են պավլիկյաններ, աղոթատեղերում որևէ մեկը աղոթի, այլ ընդհակառակը, անհրաժեշտ է հեռանալ նրանցից, գարշել և ատել նրանց, որովհետև նրանք սատանայի որդիներ են և հավիտենական հրի լուցկիներ, որ հեռացել են արարչի կամավոր սիրուց: Եթե լինի մեկը, որ հարաբերության մեջ մտնի նրանց հետ և սիրալիր ու բարեկամական կապեր հաստատի նրանց հետ, պետք է նրան ծեծել և ծանր պատիժներ տալ, մինչև որ զգաստանա և առողջանա հավատի մեջ: Իսկ եթե կրկին այդպիսիները հարեն աղանդին, ապա հրամայում ենք այդպիսիներին բոլորովին կտրել և դուրս նետել քրիստոսի եկեղեցու անդամներից, իբրև ժանտախտի, քանի որ այդպիսին իբրև դառն արմատ հանդես գալով կհորդորի ուրիշներին և նրա միջոցով շատերը կպղծվեն”:
Այս որոշման ընդունման նախօրեին Հովհան Օձնեցին համաձայնության է գալիս արաբական պետության ներկայացուցիչ Վլիթ ոստիկանի հետ ՝ պավլիկյան շարժումը ճնշելու համար: Արաբները սիրահոժար հալածեցին պավլիկյաններին, նրանց առաջնորդը սպանվեց մարտում, իսկ դավանանքին հավատարիմ մնացած“ աղանդավորները” ողջողջ այրվեցին խարույկի վրա:
Բայց դաժան այդ պատիժներն անկարող եղան մարել պայքարը: Շարժման օջախներն արագորեն բազմանում էին և շուտով ընդգրկեցին նաև Արևելյան Հայաստանը: Պավլիկյանները ռազմական մի շարք հաջողություններ ունեցան, որոնց շնորհիվ զգալիորեն մեծացավ շարժման մասնակիցների թիվը: Սա սաստիկ անհանգստացնում էր հայ եկեղեցուն, և նրա հորդորով բյուզանդական կայսրերը, արաբ ոստիկանները ավելի քան երկու հարյուր տարի պավլիկյաններին խարանեցին, այրեցին խարույկների վրա, մորթեցին, սպանեցին զենքը ձեռքին:
872 թվականին տեղի ունեցած ճակատամարտում կրած պարտությունից հետո պավլիկյանների զգալի հատվածը բռնագաղթելով ՝ հաստատվեց Բալկանյան թերակղզում:
Սա հայ ժողովրդին հասցված երրորդ ՝ խիստ դաժան հարվածն էր:
ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ 7