“ Ժողովուրդն ավելին է, քան թվում է: Նրանում ավելի ուժեր կան, քան նա զգում է և արտահայտում: Ժողովուրդը- դա իր ուժերին անծանոթ դյուցազն է, որ հաճախ գործում, սխրագործում է, գրեթե, անգիտակցորեն:
Դա հողն է` դեռ պեղումների չենթարկված, որի մեջ ավելի արժեքներ կան թաքնված, քան այն, որ լույս աշխարհ է բերված:
Հայտնաբերել այդ թաքուն, դեռ չգիտակցված արժեք – ուժերը, նշանակում է ուժի նորանոր աղբյուրներ բանալ նրա էության մեջ:
ԵՎ հենց սրանում է կայանում ընտրանիի` ճշմարիտ մտավորականության դերը: Իրենց հատուկ բնագավառներում, այդ բացառիկ և պատասխանատու դերը կատարում են պատմաբանը, լեզվագետը, բանասերը, հնագետը` նպաստելով իրենց ժողովրդի ինքնաճանաչմանը:
Հետադարձ հեռանկարով վերականգնել իր ժողովրդի պատմության այս կամ այն դարաշրջանի հոգևոր կյանքը. հնագիտական պեղածոների դրսևորմամբ ճշտել նրա մշակույթի հանգրվանները. համեմատական լեզվագիտությամբ որոշել նրա լեզվի- որ ասել է` նաև նրա գիտակցության, նրա ոգու- հասակը, ապա` նրա տեղը մարդկության մեծ ընտանիքում. արդիական փիլիսոփայության լույսի տակ դնել նրա ավանդույթները, նրա էպոսը, առասպելները. սեղմ ասած` ժողովրդին ճանաչել տալ իր ողջ անցյալը, նշանակում է` նրա համար լիարժեք կյանքով ապրելու և ստեղծագործելու նախադրյալներ ստեղծել”:
ԱՀԱԶԱՆԳ
Ժողովրդին սթափեցնելու, նրան կործանարար նիրհին տրվելուց հեռու պահելու համար հարկավոր է զանգ հնչեցնել` հասկացնելու նպատակով, թե որպիսի աղետի կարող է հանգեցնել ազգային անգործությունը.
“ Մեզ, մեր ժողովրդին վիճակված է մի օր կենաց ու մահու կռիվ մղելու համիսլամ երկրների` մեր վրայով իրար միանալու ձգտման դեմ:
... Դիմեք քարտեզին, նա կպարզի ձեզ և այդ դժբախտ պարագան: Վտանգի դեպքում թշնամին ժամերի ընթացքում կբաժանի Ալեքսանդրապոլը Երևանից, իսկ վերջինը Սյունիքից: Քարտեզը ցույց կտա և հետևյալը. Արաքսի ափով Ադրբեջանին միանալու համար մահմեդականությանը հարկավոր է 2 – 3 ժամ:
Նույնը մի այլ գծով` Սիսիանի վրայով, կարող է միանալ Ադրբեջանին գրեթե նույնքան ժամանակի ընթացքում: Նույնը ժամերի ընթացքում կարող է անել և Կապանի վրայով: Սեղմ ասած` Արևելքի և Արևմուտքի մահմեդականությունը ժամերի ընթացքում առնվազն յոթը տեղով կարող է զատել իրարից հայկական գավառակները և միանալ, իհարկե, հայ ժողովրդի վրայով:
... Եթե Հայաստանի աշխարհագրական դժբախտ դիրքի և նրա փոքրիկ ծավալի հետ հաշվի առնենք նաև մեր ժողովրդի քանակը, նրա հատվածականությունը, նրա քաղաքական իդեալը, նրա և իր իսլամ հարևանների փոխհարաբերության առանձնահատկությունը, ձեզ համար իր բովանդակ սպառնալիությամբ կպարզվի մեր ժողովրդի վտանգված ապագան”:
Նժդեհի հնչեցրած վտանգը մեր սերնդի ինքնազոհության գնով փոքր ինչ մեղմվել է, բայց, ընդունենք, որ չի վերացել լիովին:
ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ
64