Բացասական այդ երևույթներից էր ինդիվիդուալիզմը, որը խանգարիչ ազդեցություն էր ունենում նորմալ հասարակության ձևավորման և ամուր պետության կայացման գործընթացների վրա:
Նկատենք, որ այս հատկանիշը հատուկ է նաև մեր ժողովրդին: Այն ժամանակին նկատել է նաև Շիրվանզադեն.“ Ամեն մի հայ առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ` հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի իր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած, միմյանց միս ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա ՞ ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ, մենք կորած ենք, կամ էլ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր”:
Իտալական ազգի մտավոր առաջնորդները նկատելով դարերի բերած այդ թերությունը` որոշեցին չեզոքացնել այն: Նրանց դավանած ազգայնական գաղափարախոսությունը ջանում էր ժողովրդին ներարկել այնպիսի հատկանիշներ, որոնք նա չուներ իր ինդիվիդուալիզմի պատճառով: Դրանցից հատկապես կարևոր էին կարգապահությունը և սերը դեպի կարգականոնը: Բացի այդ, իտալական ազգայնականությունը քաղաքական տարրին համադրեց նաև ներքին կյանքի կազմակերպման ռազմական ուղղվածությունը, գտնելով, որ ռազմական ոճն ինքնին ենթադրում է ակտիվ դեպերսոնալիզացիա և հանդիսանում է սոցիալ-քաղաքական օրգանիզմի կայունության հիմնական գործոնը: Ռազմականացված հասարակության մեջ տիրող մթնոլորտը լրիվ հակառակն է բարգավաճող հասարակության հոգեպես խեղդող կլիմայի, որը ծնում է ընդվզումի բազմազան ձևեր:
Իտալական ազգայնականները համազգեստ հագցրին պետական ծառայողներին: Դա նպատակ ուներ մի կողմից հաղթահարել չինովնիկական ոգին, մյուս կողմից սիրաշահել պետական ծառայողներին: Գորշ, չնախաձեռնող, պատասխանատվությունից ամեն կերպ խուսափող բյուրոկրատին հակադրեցին աշխատողի նոր պիտ, որի համար պետությանը ծառայելը մեծ պատիվ էր: Մյուս կողմից, հանրային գիտակցության մեջ բարձրացնում էին պետական ծառայողի դերը, ասելով, թե պետությանը ծառայել ամեն ոք չէ, որ կարող է, որ դա անելու համար պիտի հատուկ տվյալներ ունենալ: Պետությանը ծառայելը հավասարեցվեց բանակում ծառայելուն, իսկ ահա համազգեստը պետական ծառայողի համար ունեցավ ծիսական իմաստ: Արդյունքում էականորեն բարձրացավ պետական համակարգի արդյունավետությունը:
Ինդիվիդուալիզմի դեմ պայքարելու և իտալական ազգ ձևավորելու նպատակին էր ծառայեցվում նաև ռասայական տեսությունն ու արյան թեզը:“ Իտալացու մեջ հարկավոր է արթնացնել ռասայական պարզ, սուր զգացողություն, որը հնարավորություն կտա ոչ միայն գիտակցել ուրիշներից իր տարբերությունը, այլև բացահայտ առավելությունը”,- գտնում էր Մուսոլինին:
Իտալական ազգայնականությունը գտնում էր, որ դեմոկրատական համակարգը թերի է, նրանք նախընտրում էին, որպեսզի գոյություն ունեցող կորպորացիաները, ազնվականությունը, բանակը և հասարակության մյուս շերտերը ներակայացուցիչներ ունենան խորհրդակցական մարմնում( կորպորատիվ պալատ) ` լուծելու համար համազգային խնդիրները: Նպատակահարմար չէին գտնում քաղաքականության ոլորտի մեծ մասնագետի և հասարակ քաղաքացու ձայների հավասարությունը:
58