Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 45

Վագները վերը բերված իր համոզումներն ու ձգտումները ներկայացրել էր երաժշտական լեզվով, և սպասելի էր, որ նա նացիստների կողմից ընկալվեր որպես զտարյուն հերոս: Նացիստները գտնում էին, որ Վագների երաժշտությունը և գրականությունը վառ կերպով արտահայտում են վելիկոգերմանական ազգային ոգին: “Իմ կյանքի ամեն մի փուլում ես վերադառնում էի Վագներին”,- խոստովանել է Հիտլերը: Վագների երաժշտությունն ունկնդիրների վրա ունենում էր միստիկական ազդեցություն: Սա հենց այն էր, ինչ հարկավոր էր նացիստներին: Ի դեպ, վայրը, ուր ծնվել էր Վագները, աչքի էր ընկնում միստիկ մարդկանց առատությամբ. հենց միայն կոմպոզիտորի տոհմում դրանք մի քանիսն էին: Վագների երաժշտությունից զատ նացիստները ստեղծեցին նաև “առօրյա-կիրառական” երաժշտության համակարգ. երգեր, քայլերգեր: Կարևորագույն երգերից էր 1870 թվականին գրված “Գերմանիան վեր է ամեն ինչից”-ը, որն օգտագործվում էր կենսատարածքի գաղափարը գերմանացիների մեջ քարոզելու նպատակով: ԹՇՆԱՄԻ ԵՎ ԲԱՐԵԿԱՄ “Ազգին միավորելու համար թշնամի է հարկավոր: Ցանկալի է` և’ ներքին, և’ արտաքին: Ցանկալի է թշնամին լինի վիրտուալ, որ հեշտությամբ չնվաճվի և նրա դեմ պայքարը ժողովրդին բավարար չափով երկար ժամանակ պահի լարվածության մեջ”: Ֆուլեականների կողմից ընդունված այս թեզը կարծում ենք ամեն ինչ ասում է իր իսկ կարևորության մասին: Ուշագրավ մի դետալ` արտաքին թշնամի հռչակելով բոլշևիզմը` նացիստները հետզհետե ընդունելություն էին գտնում գործարար շրջանակների մոտ, իսկ դա խոստանում էր նյութական աջակցություն, ինչն էական գործոն է քաղաքականության մեջ: Բացի այդ, մյունխենյան պուտչից հետո նացիստներն աչքի չընկան ընդգծված հակաիշխանական դրսևորումներով, իրենց քաղաքականության գլխավոր սլաքը ուղղեցին ազգային որոշ փոքրամասնությունների և ձախերի դեմ: Նման վարքագծի, ինչպես նաև ազգայնական գաղափարախոսության տարածման, շնորհիվ նրանք թաքնված համակիրներ ձեռք բերեցին նաև իշխանական կառույցներում, ոստիկանության համակարգում: Այստեղ ավելացնենք, որ բարձրագույն իշխանավորների մոտ իրենց գաղափարների նկատմամբ լոյալ վերաբերմունք ստեղծելու խնդիրը օրակարգում էր դեռ Ֆուլեի միության ստեղծման օրերից. ֆուլեականներն օգտագործելով իրենց միության պաշտոնական անվան անմեղսունակ և գայթակղիչ լինելը (Հին հունական և հռոմեական մշակույթի սիահար-ուսումնասիրողներ), ներգրավում էին նաև բարձրաստիճան պաշտոնյաների և գեներալների կանանց` նրանց միջոցով իշխանական բուրգի մեջ քողարկված քարոզչություն իրականացնելու համար : ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ Նացիոնալ-սոցիալիստների հոգևոր հայրեր ֆուլեականների կողմից առատորեն օգտագործվում էին զանազան խորհրդանիշներ: Դրա նպատակն էր ազդել մարդու վրա` շրջանցելով մարդու տրամաբանությունը և դատողությունը: Ֆուլեականները նպատակ ունեին խորհրդանիշների մոգական զորությամբ մարդկանց մոտ առաջացնել ֆանատիկ հավատ նացիոնալ-սոցիալիզմի հանդեպ: Բացի այդ, գտնում էին, որ խորհրդանիշները մարդկանց մոտ կառաջացնեն կարոտ հին հերոսական ժամանակների հանդեպ: Իսկ քանի որ նացիստական շարժումը խոստանում էր վերականգնել հին հերոսական շրջանի ավանդույթները, ապա հուսով էին այդ կերպ ստանալ լայն զանգվածների աջակցությունը: 45