Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 41

- քաղաքացիների գոյության պայմանների ապահովումը պետության առաջնահերթ խնդիրն է, - ապօրինաբար ստացված եկամուտը ենթակա է բռնագրավման, -պատերազմի հաշվին ստացած ողջ եկամուտը ենթակա է բռնագրավման, - բոլոր խոշոր գործարանները պիտի ազգայնացվեն, - անհրաժեշտ է աջակցել մանր արտադրողին և առևտրականներին, - հռոմեական իրավունքը փոխարինվելու է գերմանականով, - հանրակրթական համակարգը ենթակա է ամբողջական վերափոխման, - հարկավոր է ստեղծել ուժեղ կենտրոնական իշխանություն, որն ունակ կլինի արդյունավետ իրագործել օրենսդրությունը և այլն: Ուշագրավ մի դիտարկում` կուսակցության կանոնադրության 4րդ կետն ասում էր` “Լիիրավ քաղաքացի է համարվում այն հայրենակիցը, ով գերմանացի է արյամբ, անկախ նրա կրոնական պատկանելիությունից”: Դիտարկումն ուշագրավ է այն առումով, որ մեզանում գերիշխող է այն կարծիքը, որ եթե հայը հեռացել է քրիստոնեությունից և այլ կրոն ընդունել, ուրեմն նա հայ չէ այլևս: Հաջորդ քայլը կուսակցությանը ուժի, ուժեղի պատրանք հաղորդելն էր: Առաջին համաշխարհային պատերազմից հետո երկրում կային լուծարված ռազմականացված կամ կիսառազմականացված կառույցների հազարավոր անդ ամներ, որոնք այս ու այնտեղ փոքրիկ միավորումներ էին ստեղծել, նպատակ ունենալով ապահովել գերմանական ոգու վերածնումը: Նրանց մեջ կային այնպիսիք, ովքեր երդվել էին իրենց կյանքը նվիրաբերել հանուն այդ նպատակի: Նացիստները հայրենասիրական կոչերով նրանց հմայեցին իրենց շարքերը: Մարտականորեն տրամադրված այդ մարդկանցից ստեղծվեցին գրոհայինների ջոկատներ: Կուսակցությունն իր առաջին իսկ համագումարի օրերին հանրությանը ցույց տվեց իր յուրօրինակությունը` համագումարի ավարտին 6000 գրոհայիններ երթ կազմակերպեցին Մյունխենի փողոցներով` ցուցադրելու իրենց ուժը: Քաղաքական հակառակորդների հետ փողոցային բախումները դարձան սովորական նացիստների համար: Սա նաև ինքնառեկլամի նպատակ ուներ` թերթերն անընդհատ անդրադառնում էին նացիստների խառնակություններին, այդ կերպ հանրությանը հայտնի դարձնելով նրանց անունը: Կուսակցությունը ստեղծեց իր կենտրոնական թերթ-օրգանը, ուներ նաև երկրամասային թերթեր: Ստեղծվեց հատուկ ֆոնդ` օգնելու համար կուսակցության այն անդամներին, ովքեր կվիրավորվեին կամ կխեղվեին փողոցային պայքարի ժամանակ: Այս քայլը վստահություն էր հաղորդում կուսակցության ակտիվիստներին. նրանք գիտեին, որ իրենց հարազատները, ընտանիքները ու նաև հենց իրենք անօգնական վիճակում չեն հայտնվի բանտարկվելու կամ անաշխատունակ դառնալու դեպքում: Նացիստները սկսեցին բազմամարդ հավաքներ ու երթեր կազմակերպել: Այս վերջիններին պարտադիր ուղեկցում էր նվագախումբը: Լուրջ ուշադրություն էր դարձվում դրոշների առատությանը, թևկապների առկայությանը: Երթը պիտի հնարավորինս տպավորիչ լիներ և ուժի զգացողություն առաջացներ թե մասնակիցների, թե անցորդների մոտ: Մյունխենի ոստիկանությունը մի անգամ համաձայնել է թույլատրել նացիստների երթը` պայմանով, որ այն ընթանա առանց նվագախմբի ուղեկցության և որ երթի առջևից դրոշակակիրներ չքայլեն: Նացիստները չեն համաձայնել և ռիսկի գնալով` չեն կատարել ոստիկանների պահանջները` գտնելով, որ այդ կերպ երթը չի ունենա անհրաժեշտ ազդեցությունը մասսաների վրա: 41