Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 38

- խոստում, որ իրենց իշխանության գալուց հետո արժանին կստանան իրավիճակի մեղավորները, - վստահեցում, որ գերմանացին մեծագույն ռասա է, ում վերապահված է աշխարհը կառավարելու իրավունքը և այլն: Նրա ելույթները շռնդալից հաջողություններ էին բերում նաև այն պատճառով, որ կուսակցությունը լայն թափով իրականացնում էր առաջնորդի կուլտի նախնական տարածում ապագա հնարավոր ունկնդիրների մոտ: Այս քայլն իրականացվում էր վարպետորեն, և քաղաքացիները հանրահավաքների էին գալիս ազգայնական թեզերից հմայված, հօգուտ Հիտլերի նախատրամադրված: Ու հանրահավաքի ժամանակ շփվելով խարիզմատիկ առաջնորդի հետ, ընկնում էին նրա ազդեցության տակ: Հիտլերն ագիտացիան կարևորում էր տեսական ծրագրերի մշակումներից: “Հարկավոր է նախևառաջ ինքներս գիտակցենք, որ զանգվածները չեն կարող բավարարվել միայն գաղափարական կոնցեպցիաներով: Հասկանալը բավականին խախուտ հենարան է զանգվածների համար: Միակ կայուն էմոցիան ատելությունն է”,- գտնում էր նա և ելույթն ավարտում հրեաների, կոմունիստների և պացիֆիստների վրա հարձակումներով: “Պրոպագանդան պիտի հաշվի առնի լսարանի պատրաստվածության աստիճանը և սահմանափակի քարոզչության ինտելեկտուալ մակարդակը: Տարրական “սևը` սպիտակի դեմ”-ը ավելի նախընտրելի է ծանր մտքերից... Թեման պիտի լինի պայթուցիկ... Լավ խառնեք ատելությունն ու կատաղությունը և պահեք կրակի վրա այնքան ժամանակ, քանի դեռ բազմությունը չի հասել ինքնամոռացության”,- ահա նրա խորհուրդը, որին ինքը հետևում էր անշեղորեն: “... Թեև շատերը զգում կամ գիտակցում են մեր հիմնական գաղափարների ճշմարտացիությունը, այնուամենայնիվ հարկավոր է, որ սկզբում հանդես գա մեկ մարդ և շարադրի ուսմունքը անհերքելի ուժով: Միայն այդ դեպքում միլիոնների մոտ հավատը կձևավորվի վերջնականապես: Միայն այդ դեպքում նրանց առջև կլինի ոչ թե անձև մի գաղափար, այլ հավերժ անդրդվելի սկզբունք: Միայն այդ դեպքում կստեղծվի միասնական և խորտակելի հավատի երկաթյա ժայռ, միայն այդ դեպքում կառաջանա միլիոնների միասնական կամք` ունակ հաղթահարելու բոլոր արգելքները”: Հիտլերի ելույթներն իսկապես աննախադեպ ազդեցություն էին ունենում մարդկանց վրա: Ժամանակակիցներից Կուրտ Լյուդեկեն 1922 թվականին նրան լսելով` զգացել է, որ միայն այդ մարդը կարող է փրկել Գերմանիան, և գրառել է. “Կլանվեցի վստահության հիպնոսային ուժով, անկոտրում կամքով և կրքոտ անկեղծությամբ, որն ասես նրանից հորդում էր դեպի ինձ”: Նման բան, հավելել է Լյուդեկեն, հնարավոր է միայն եկեղեցական ծեսերի ժամանակ: Բերենք մեկ այլ ունկնդրի վկայություն. “Աչքերս արցունքոտվեցին, և միակ բանը, որ կարող էի անել, չհեծկլտալն էր: Երբ լսարանը պայթեց օվացիաներից, մաքրամաքուր էնտուզիազմի արձակված հեղեղը լիցքաթափեց լսարանի անտանելի լարվածությունը”: Իսկ ահա Իոսիֆ Հեբելսը “Իմ պայքարը” կարդալուց հետո հարցրել է. “Ո՞վ է այս մարդը, կիսապլեբե՞յ, կիսաստվա՞ծ: Արդյո՞ք Քրիստոսն է, թե՞ միայն Սուրբ Հովհաննեսը”: Ինչպես արդեն ասվել է, Հիտլերը պատրաստ է եղել անհաշիվ մարդկանց առջև ելույթ ունենալ: Նա իսկապես դժգոհել է Գերմանիայի մարզադաշտերի փոքրությունից, քանի որ դրանք չէին կարող միլիոն մարդ տեղավորել: Կան վկայություններ այն մասին, որ նրա ներկայությունը մոգական ազդեցություն է ունեցել ներկաների վրա: Ընտրություններից ընտրություններ ավելանում էր նացիստների քվեների թիվը: Ոմանք քվեարկում էին նրանց օգտին, քանի որ հավատում էին, որ Հիտլերը կվերածնի անցյալի ավանդական արժեքները: Այլոք, մասնավորապես երիտասարդները, հուսով էին, թե 38