Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 31

Նրանց հետ կապով: Մի’ վշտացեք ինձ համար. ես ազդել եմ պատմության վրա ավելի շատ, քան որևէ այլ գերմանացի”:“ Նրանց հետ կապ” ասելով` Էքհարտը նկատի ուներ անճանաչելի ուժերին, գերմարդուն: Էքհարտի մահից հետո նրա գործը շարունակեցին Հաուսհոֆերը և ոչ անհայտ Ռուդոլֆ Հեսը: Երբ մյունխենյան անհաջող հեղաշրջման փորձից հետո նախկին եֆրեյտորը հայտնվեց բանտում, այս երկու պարոնները գրեթե ամեն օր հանդիպում էին նրան: Այս ընթացքում Հիտլերը Հաուսհոֆերից ստացել և ընթերցել է Բուլվեր Լիտտոնի“ Ռասան, որ դուրս է մղում մեզ”, Ֆերդինանդ Օսենդովսկու“ Կենդանիները, մարդիկ, աստվածները” գրքերը` Ագարտայի և Շամբալայի լեգենդների վերաբերյալ:
ԳԻՐՔ-ՔԱՐՈԶԻՉ, ՄԵՍԻԱ
Երբ Հիտլերը բանտարկված էր, Հաուսհոֆերը երկար ժամեր էր անցկացնում նրա հետ` քաղաքական իշխանությունը զավթելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Համաձայն մի տեսակետի, այդ հանդիպումներից հետո նույն բանտում ազատազրկված Հեսը Հիտլերից տեղեկանում էր Հաուսհոֆերի ուսմունքի արտաքին պրոպագանդայի իրականացման գաղափարներին և գրի առնում: Այսպես ստեղծվում է“ Իմ պայքարը” գիրքը: Այստեղ նկատենք, որ ինքը, Հաուսհոֆերը, հետագայում քննիչին խոստովանել է`“ Որքան ինձ հայտնի է, Հեսն իրականում մի քանի գլուխ թելադրել է այդ գրքից”: Սակայն մեզ համար այնքան էլ կարևոր չէ, թե ով է հեղինակը, կարևորը“ Իմ պայքարը” գիրքերևույթն է:
Գիրքը սկզբից ևեթ նպատակաուղղված է եղել կոմերցիոն հաջողության, այն գրված էր լոզունգային ոճով, նախատեսված էր հնարավորինս լայն լսարանի համար: Մասնագետների գնահատումներով գիրքը կառուցված է ոչ պրոֆեսիոնալ կերպով, որը հանգեցնում է այն հետևության, թե գիրքը հատուկ գրված է սոցիալական ցածր շերտերի համար` նրանց կուսակցության մեջ ներգրավելու համար: Հիտլերը երևի թե սա նկատի ունենալով է հետագայում ասել.“ Լայն մասսայի համար նախատեսված գիրքը անհրաժեշտ է գրել բոլորովին ուրիշ ոճով, քան կլիներ, ասենք, մտավորական շրջանակների համար նախատեսվածը”:
Ըստ երևույթին նույն այդ նպատակով էլ գրքի նախնական վերնագիրը`“ Չորսուկես տարվա պայքար ընդդեմ ստի, վախկոտության և հիմարության”, փոխարինվեց“ Իմ պայքարը” վերնագրով: Մյուս կողմից, գիրքը ստեղծողները գտնում էին, որ առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո առաջացած հոգեբանական վակուումը հարկավոր էր լցնել որևէ գաղափարախոսությամբ:
Դատավարության ժամանակ Հիտլերը հեղաշրջման պատրաստման ողջ պատասխանատվությունը վերցրել էր իր վրա, ինչը հանրահայտ էր դարձրել նրան: Կուսակցությունը ողջ թափով աշխատում էր բանտում գտնվող Հիտլերին է’ լ ավելի հանրահայտ դարձնել:
Նացիստները հմտորեն օգտվեցին մեկ այլ հանգամանքից ևս: Ստացվել էր այնպես, որ 20-ականների սկզբներին ծայրահեղ աջերի մոտ առաջացել էր հերոսական, քվազիմեսիայական ղեկավարության գաղափարաբանություն: Դրան երևի թե նպաստել էր նաև այն, որ Ե. Բլավատսկայան մինչ այդ եվրոպացիների գիտակցության մեջ արթնացրել էր նոր մեսիայի գալստյան գաղափարը: Նացիստները, օգտագործելով ձեռքի տակ եղած քարոզչական ողջ մեխանիզմը, խնդիր դրեցին իրենց առջև Հիտլերին հանրությանը ներկայացնել որպես մեսիա, որպես փրկիչ: Կյանքը ցույց տվեց, որ ռևանշիզմով տառապող գերմանական ժողովուրդը հաճույքով կուլ տվեց խայծը:
31