Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 28

Երրորդ լուսինը, որ ապրեց անհաշվելի տարիներ, ի վերջո նեղացնելով պտույտի իր պարույրը, ինքն էլ մոտեցավ Երկրին: Ու ձգվելով նրանից` ջրերը բարձրացան, և մարդիկ իրենց տիրակալ հսկաների հետ փրկություն գտան լեռների վրա ու հիմնեցին այնտեղ համաշխարհային ծովային քաղաքակրթություն: Դա հենց ինքը` Ատլանտիդան էր, որ եղել է ոչ թե հետագայում իբր ջրասուզված ինչ-oոր տարածքի վրա, այլ բարձրում` լեռների վրա:
Հետո, երբ երրորդ լուսինը ոչնչացավ, ջրերը նորից իջան, ծովերը նահանջեցին: Լեռնագագաթները, որ նավահանգիստ էին, բաժանվեցին միմյանցից անեզր ճահիճներով: Օդը դարձավ ավելի նոսր, ջերմությունն անէացավ երկրի վրայից: Եվ Ատլանտիդան կործանվեց. այն ոչ թե ջրասույզ եղավ, այլ ջրերը լքեցին նրան: Նավերը ջրատար եղան կամ ջախջախվեցին, մեքենաները լռեցին կամ պայթեցին, սնունդ այլևս չէր հասցվում, գիտությունն ու գիտնականներն անհետացան, հասարակության կառուցվածքը ոչնչացավ:
Ողջ մնացածներն իջան սարերից դեպի ճահճոտ հարթավայրերը, ուր դեռևս բուսականություն չկար: Մարդիկ նորից վայրենացան և ընկղմվեցին անլուսին գիշերների մեջ: Դա տևեց հազար դար: Եվ այդ ընթացքում տիրակալհսկաները մի վերջին անգամ քաղաքակրթեցին մարդկանց, ստեղծելով երկրորդ Ատլանտիդան, որի մասին էլ վկայում է Պլատոնը:
Երբ հայտնվեց այժմյան լուսինը, երկիրը դարձավ բևեռներում սեղմված էլիպսոիդ: Հյուսիսի և հարավի ծովերը հոսեցին դեպի հասարակած, և Նոր Ատլանտիդան կործանվեց մեկ գիշերում` մնալով ջրի տակ: Սա հենց մեծ ջրհեղեղն է:
Այս նոր լուսնի օրոք հսկաները, որ մեծացած ձգողականության պատճառով անկարող էին քայլել ու տեղաշարժել իրենց հսկա մարմինը, սեղմվելով` այլանդակ տեսք ստացան: Նրանք սկսեցին կռվել միմյանց ու մարդկանց դեմ: Նրանք դարձան մարդակեր, և մարդիկ սկսեցին ոչնչացնել նրանց, հատկապես, որ նրանց թիվը նվազել էր: Իսկ մարդիկ էլ, մնալով առանց տիրակալ-ուսուցիչների, գնում են խոտոր ճանապարհով ահա արդեն հարյուր հազար տարի:
Ֆուլերի միությունը թեև հրապարակավ հայտարարել էր, թե իր նպատակը հին հունական գրականությունն ու մշակույթը ուսումնասիրելն է, իրականում սկսեց քարոզել ծայրահեղ ազգայնականություն, ռասայական միստիցիզմ, օկուլտիզմ և անտիսեմիթիզմ: Միության նշանաբանն էր.” Հիշիր, որ դու գերմանացի ես: Պահի’ ր քո արյունը մաքուր”:
Ֆուլեականները գտնում էին, որ մարդկությունը գնում է դեպի կործանում: Նրանք օրինակ էին բերում ռոզենկրեյցերների դեռևս չորս հարյուր տարի առաջ ունեցած մտահոգությունը այդ մասին, օրինակ էին բերում Զրադաշտին, ով երկրի բնակիչներին ոչ թե մարդ, այլ մարդանմաններ էր համարում:
Արարումն ավարտված չէ,-գտնում էին ֆուլեականները:- Մարդը մոտենում է վերափոխման նոր փուլի: Երկրի ընդերքից դուրս կգան գիգանտները և նոր կարգ կհաստատեն: Ողջ կմնան ժողովուրդներից քչերը, նրանցից էլ` ընտրյալ անհատները միայն: Նո’ ր մարդիկ կառաջանան, արարչագործական ավյունը կտրվի նրանց, նրանց հոգին կընդլայնվի Տիեզերքի ողջ չափով, մարդը նորից կդառնա մարդ-աստված, և կյանքից կարտաքսվեն բոլոր արատները, որ հատուկ են ցածր տեսակներին: Մարդը կդառնա աննկուն ու հրեղեն, ում նաև տարերքը կլինի ենթակա: Բոլոր այն ժողովուրդները, ովքեր չեն գիտակցի սա և ինքնակամ վերափոխման չեն գնա, կոչնչացվեն մարդ-աստվածների կողմից կամ համարվելով աղբ, անասուն` կօգտագործվեն նրանց կողմից որպես բանող ուժ: Իսկ այն ժողովուրդը, որը կապահովի իր վերափոխումը, մարդ-աստվածների կողմից կընկալվի որպես կրտսեր եղբայր ու կընդունվի նրանց կողմից:
Եվ այսպես` գտնվեց գերխնդիրը. որպեսզի գերմանական ժողովուրդը խուսափի ոչնչացումից և լուսավոր ապագա ունենա, հարկադրված է հասնել վերափոխման, դառնալ
28