Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 27

Մեզ հետաքրքրող հետագա իրադարձություներում առանձնակի դերակատարություն է ունեցել Ֆուլեի միությունը, այդ պատճառով ուշադրություն կդարձնենք հատկապես նրա գործունեությանը:
Ֆուլեի միության անդամները ծիսական երդում էին տվել իրենց անմնացորդ նվիրել միության գաղափարների իրագործմանը. շեղում թույլ տվողն ինքնասպան պիտի լիներ:
Ֆուլեականներն էզոթերիկ մյուս խմբերի հետ համատեղ մշակեցին“ գերմանացիների ռասայական մաքրության և բարոյական վեհության ապահովման” համընդգրկուն մի համակարգ, որի հետագա կիրառումը, ինչպես ցույց տվեց կյանքը, ապահովեց կոնսերվատիվ հեղափոխության իրականացումը և պայթյուն առաջացրեց երկրագնդի վրա: Ստորև ներկայացվում են այդ համակարգի ստեղծման պատմությունը և հիմնական բաղադրատարրերը:
ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳԵՐԽՆԴԻՐ
Դասական քաղաքագիտության գործիքները նվազ ազդեցիկ համարող ֆուլեականները գտնում էին, որ հանրային գիտակցության պահանջվող վերափոխումն իրականացնելու համար անհրաժեշտ է հասարակության առջև դնել համատիեզերական, համամոլորակային չափանիշների մի գերխնդիր և այդ գերխնդրից բխող մեսիականության հավատ ներարկել հասարակությանը. նման պարագայում հասարակությունը գերկոնսոլիդացնում է իր ուժերը, և ներքին պրոբլեմները լուծելը դառնում է դյուրին:
Գերմանական հանրության համար նման գերխնդիր գտնելու նպատակով ֆուլեականները մանրակրկիտ ուսումնասիրեցին արիական ժողովուրդների անցյալը և ստեղծեցին դիցաբանական մի համակարգ: Նրանք որպես հիմնական թեզ ընդունեցին հինարիական մի լեգենդ, համաձայն որի ներկայիս լուսինը չորրորդն է, երկիրն էլի երեք լուսին է ունեցել, որոնց բոլորին կլանել է: Բանական արարածը երկրի վրա հայտնվել է երկրորդ լուսնի ժամանակ: Նրանք եկել էին այլ մի մոլորակից, ծնվում էին պայծառատեսի հնարավորություններով, որոնք ներառում էին կյանքի բոլոր գաղտնի ոլորտները: Նրանց համար չկար տարածություն, նրանց տեսողությունը սահմանափակ չէր: Բանական այդ արարածների քաղաքակրթության ընդերքում առաջացան ատլանտները: Ատլանտների հասակը վեց մետր էր, արտաքնապես նման էին մարդուն, երրորդ աչք ունեին, որի միջոցով, իրենց ներքին էներգիայի շնորհիվ կարողանում էին հայացքով իրեր փոխադրել ու նաև հաղորդակցվել միմյանց հետ հեռավորության վրա: Նրանք կարող էին հոգևոր էներգիա ճառագելով` ազդել Տիեզերքի հավասարակշռության վրա:
Համաձայն այդ լեգենդի, եղավ այնպես, որ երկրորդ լուսինը մոտեցավ երկրին ու հայտնվելով նրա ուղեծրում` բախվեց ու սկսեց փոշու և քարաբեկորների տեսքով ցած թափվել: Քաղաքակրթություն կրող էակները, նաև ատլանտները, հեռացան երկրից: Փշրված լուսինը ծածկեց երկիրը հաստ մի շերտով` իր տակ թողնելով ամեն ինչ: Բայց նրանցից ոմանք, որ այդ ժամանակ երկրի ընդերքում էին` հանքերի մեջ, չհասցրեցին հեռանալ: Ու քանի որ այլևս թռչող նավեր չունեին, մնացին երկրի վրա:
Մինչ երրորդ լուսնի հայտնվելը, քանի որ փոխվել էր գրավիտացիան, ձևափոխվելով ու փոքրանալով, նրանք շարունակեցին գոյատևել` որոշ այլ արարածների հետ:
Երբ եկավ երրորդ լուսինը` առաջացան այժմյան մարդիկ, չափերով փոքր, պակաս բանական, գրեթե վայրենի: Երկրի վրա մնացած սակավաթիվ հսկաները կառավարեցին նրանց ու քաղաքակրթեցին:
Հսկաները շատ բան սովորեցրին մարդկանց, և մարդիկ հզորանալով բարոյապես ու հոգեպես, ստեղծեցին զարգացած մի քաղաքակրթություն:
27