Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 22

Եթե աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում լիներ քիչ թե շատ կայուն ու շահեկանորեն կանխատեսելի մեզ համար, կարելի էր այնքան էլ չանհանգստանալ, հուսալով, որ սեփական սխալների վրա սովորելով` ի վերջո մի օր կբռնենք ռացիոնալի ճանապարհը, ինչպես եղել է շատ ժողովուրդների մոտ: Սակայն ողջ բարդությունն այն է, որ մեզ տրված չէ ժամանակ ունենալու հնարավորություն, և մենք պարզապես հարկադրված ենք արագ մտնել ռացիոնալ ընթացքի հուն, այլապես կործանումից խոսափելը կլինի դժվարին գործ: Որոշ հաշվարկների համաձայն արտագաղթի ներկայիս տեմպի պահպանման դեպքում 2010 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի 1.52 մլն մարդ, ընդ որում արտագաղթածների մեջ մեծ տոկոս կկազմեն երիտասարդներն ու բարձրակարգ մասնագետները, և Հայաստանում մնացած ծերացած ու սակավակիրթ մարդկային պոտենցիալն ի վիճակի չի լինի անհրաժեշտ չափով համալրել բանակը, զարգացնել տնտեսությունը, պայքարել հանուն ժողովրդավարական և բարեկեցիկ պետության կառուցման, պետություն, որը կհարգի սոցիալական արդարության տրամաբանական պահանջները: Մամուլում ներկայացված մեկ այլ հաշվարկով, նկատի ունենալով ծնելիության ներկայիս տեմպերը, 2018 թվականին Հայաստանը կարող է ունենալ առավելագույնը 16 հազարանոց բանակ` այժմյան 70 հազարի փոխարեն: Ու պարզից էլ պարզ է, որ նման բանակով մեր տարածաշրջանում անկարող կլինենք ապահովել երկրի անվտանգությունը: Այնպես որ, Հայաստանի ներկա վիճակը կարելի է բնորոշել ոչ այլ կերպ, քան “լինել, թե չլինելու” պատմական փուլ: ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՐԱՆՔ, ԻՐԵՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՉԿԱ ՈՉԻՆՉ ԱՆՀՆԱՐ... Մեր երկրի վերջին 17-18 տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ դասական քաղաքականությունը և քաղաքագիտությունը կարծես թե լուծում չունեն մեր իրականության համար: Ժողովրդի պատմական անցյալով և հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բացասական դրսևորումների հանրագումարային ազդեցությունը հետզհետե աղավաղում է հանրային կյանքի նորանոր ոլորտներ, մարդը դառնում է էլ ավելի անպաշտպան, բարոյահոգեբանական վիճակը դառնում է առավել աղետալի: Այս ամենը շ