Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 21

Այս փուլը հայտնի է բյուրոկրատաօլիգարխիական կապիտալիզմ անվանումով: Նախորդ փուլի համեմատ այն առաջադիմական է, քանի որ նոմենկլատուրայից իշխանության մի մաս, թեկուզ և փոքր, անցել է գործարար շրջանակներին: Այնուամենայնիվ, բյուրոկրատաօլիգարխիական կապիտալիզմը ևս կառավարման նվազ արդյունավետ համակարգ է, քանի որ բյուրոկրատիան իր ձեռքում պահելով իշխանության և տնտեսության կառավարման հիմնական լծակները, կաշկանդում է տնտեսական մրցակցության կայացմանը, իսկ վերջինս շուկայական հարաբերությունների գլխավոր գործոններից է:
Դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհի հաջորդ քայլը, ենթադրելի է, որ պիտի լիներ նոմենկլատուրայից իշխանության ավելի մեծ մասնաբաժնի անցումը գործարար շրջանակներին: Որպեսզի այս գործընթացը տեղի ունենար, հարկավոր էր, որ ունենայինք այս նրբությունը գիտակցող քաղաքական էլիտա: Նման էլիտան հաշվի կառներ, որ տնտեսական վերնախավը որոշակի արտոնություններ ունենալով, միևնույնն է, ներկա համակարգի օրոք գտնվում է կաղապարված վիճակում և պարտադրված է լավ հարաբերություններ պահպանել ուժային կառույցների, հարկային, մաքսային ու այլ հիմնարկների ղեկավարների հետ: Նման էլիտան կօգտվեր այն հանգամանքից, որ տնտեսական վերնախավը ունի ներքին դժգոհություն և դեմ չէ իրեն ազատություն և ինքնուրույնություն բերող փոփոխություներին, ու հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի հետ միասին համապատասխան պայքարի մեջ մտնելով` կնպաստեր իշխանության վարչահրամայական համակարգի աստիճանական փլուզմանը:
Ասվածը հայտնագործություն չէ ամենևին` աշխարհի երկրներում տեղի ունեցած թե’ հեղափոխությունների, թե’ էվոյլուցիոն զարգացումների պատվիրատուն հիմնականում եղել է տիրող իրավիճակից դժգոհ տնտեսական վերնախավը: Ունենալով կապիտալ, հնարավորություններ, այն զանազան եղանակներով( կուսակցություններին անբացահայտ կամ բացահայտ աջակցելով, խորհրդարանում իր շահերի լոբբինգով, սոցիալական և քաղաքական հուզումներ հրահրելով) հետամուտ է եղել իր նպատակների իրականացմանը:
Անցումային փուլին բնորոշ նշված բնույթի քաղաքական պայքար տանելու փոխարեն մեր ընդդիմադիր գործիչներն արդեն քանի տարի ջանում են իրականացնել անհնարինը` մղել կայացած ժողովրդավարական երկրներին բնորոշ քաղաքական պայքար, որի արդյունքում ոչ միայն անհաջողություններ են գրանցվում ու Ժողովուրդը մատնվում է անհուսության, այլև ամեն անգամ պատերազմ հայտարարելով և’ բյուրոկրատիային, թե’ գործարարներին` վերջիններիս հարկադրում են մոռանալ բյուրոկրատիայի հետ ունեցած ներքին հակադրությունները և փրկվելու համար մերձենալ նրան:
Հասարակության ակտիվ հատվածը այսուհետ խելամիտ վարված կլինի, եթե փորձի օգտվել թաքցված այդ հակասության առկայությունից, խորացնի այն և գործարար շրջանակներին ներքաշի քաղաքական մի այլ հարթություն` երկրի կյանքում կատարելու այն դերակատարությունը, որը ժամանակին Եվրոպայում ունեցել է բուրժուազիան: Բայցևայնպես, եթե անգամ քաղաքական մեր ընդդիմությունը վաղվանից սկսի պահանջվող քաղաքականությունը վարել, ապա գրքում նկարագրված կաշկանդիչ գործոնները, գործարար շրջանակների որակական տվյալները, միևնույնն է, էականորեն կդանդաղեցնեն մեր զարգացումը դեպի արդյունավետ կառավարման համակարգ: Իսկ ժամանակ մենք շատ քիչ ունենք:
Ի ՞ ՆՉ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՄԵԶ
21