Կապիտալիզմի սկզբնավորման փուլը համընկավ ասպետականության շրջանի հետ, և
այդ ժամանակվա բողոքականն իր էությամբ ասկետ էր, ու սկզբնական շրջանում մեծ
փողերը նրան անհրաժեշտ էին ոչ թե բնական պահանջմունքները բավարարելու, այլ թե’
իրեն, թե’ այլոց ապացուցելու համար, որ ինքը հաջողություններ ունի, հետևաբար՝ չի
պատկանում մարդակերպ անասունների դասին: Եվ սպասելի էր, որ հոգեբանական նման
պայմանների առկայությունը հարստանալու կիրքը հետզհետե պիտի դարձներ անսանձ, և
մարդը չպիտի բավարարվեր ունեցվածքի որևիցե չափանիշով:
Այս ձգտումների հիման վրա Անգլիայում ստեղծվեց ժամանակի և միջոցների խստագույն
խնայության մասին գիտություն, ուր սահմանված էին առավել հաջող կուտակման
կանոնները: “Եթե Աստված ձեզ ցույց է տալիս ուղին, որին հետևելով կկուտակեք ավելին,
քան որևէ այլ ճանապարհով, և դուք մերժում եք այն ու նախընտրում նվազ եկամուտ բերող
ճանապարհը, ապա դրանով հրաժարվում եք ընդունել Աստծո պարգևը: Ոչ թե հանուն
պախարակելի հաճույքների, այլ հանուն Աստծո պիտի ջանաք հարստանալ: Աղքատ
լինելու ցանկությունը հավասարազոր է հիվանդ լինելու ցանկությանը և արժանի է
դատապարտման”,- ահա այն ժամանակվա գլխավոր կարգախոսներից մեկը:
Դարաշրջանին բնորոշ ասկետությունն աստիճանաբար մարեց, և կուտակած
հարստության չափով սկսեց որոշվել նաև Աստծո կողմից ընտրյալության աստիճանը:
Որքան շատ փող ուներ մարդը, այնքան մեծ էր Աստծո կողմից ընտրված լինելու
վստահությունը: Կուտակած հարստությունը դարձավ մուտքի յուրահատուկ տոմս ոչ
միայն երկրային, այլև, որ ավելի կարևոր է՝ անդրշիրիմյան հավերժական դրախտի
համար: Եվ մարդուն գնահատելու չափանիշ դարձավ նրա կուտակած դրամի չափը: Այսօր
էլ որևէ մարդու գնահատելու համար ամերիկացիները միմյանց հարցնում են. “Իսկ որքա՞ն
արժե նա”:
Այսպիսով, անգլիական հասարակության մեջ հետզհետե ձևավորվեց ընչաքաղցության
մոլուցքով համակված մի խավ: Այդպիսի խավ, ճիշտ և ճիշտ նման հակումներով, կայացել
էր Եվրոպայի որոշ երկրներում ևս, սակայն այդ երկրներում “անգլիական” դաժանություն,
այսօրվա տերմիններով արտահայտած՝ ցեղասպանություն, չարձանագրվեց և
կապիտալիզմի ծաղկումն էլ, ի տարբերություն անգլիականի, շռնդալից չէր ամենևին:
Կապիտալիզմի շեշտակի զարգացման համար այդ խավի առկայությունը դեռ բավարար
չէր, նաև անհրաժեշտ էր, որ այդ խավն իր գործողություններում բացարձակապես զերծ
լիներ ազգ, հայրենիք և նման կարգի քնարականզգայական սահմանափակումներից: Իսկ
Անգլիայում, ի դժբախտություն անգլիացիների, կալվինիստները հիմնականում եկվորներ
էին... Դա “նոր մարդու” մուտքն էր պատմություն, որն աշխարհին բերեց տնտեսական
աննախադեպ առաջընթաց, բայց և պատճառ դարձավ սոցիալական բազում աղետների և
միլիոնավոր մարդկանց ոչնչացման:
“ՆՈՐ ՄԱՐԴԸ” ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՀԸ
“Նոր մարդը” եկվորների՝ երկրի հետ արմատներով չկապված, գոյություն ունեցող
հասարակական ավանդական հարաբերություններին անմասնակից, զգայական կապերով
չսահմանափակված, հարստանալը կյանքի նպատակ դարձրած և այդ նպատակին
հասնելու համար դիակների վրայով անցնելուն պատրաստ մարդկանց
հավաքականությունն էր, որի համար խիղճ և բարոյականություն արտահայտությունները
առավել քան ծիծաղահարույց էին, տեղացիների բարքերը խորթ էին և “հիմար”, շրջակա
միջավայրը գեղագիտական ոչ մի արժեք չէր ներկայացնում, ամեն ինչին նայում էին սոսկ
անձնական շահի տեսանկյունից. անտառ տեսնելով ոչ թե հիանում էին բնության
գեղեցկությամբ, այլ հաշվարկում, թե որքան փող կարելի է աշխատել՝ կտրտելով այն,
16