Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 9

կայսեր համար , որ նա անկարող է դիմանալ վերջին հարազատի կորստին ։ Ու տաճարներում աղոթեցին հանուն նրա հանդարտության ։ Դա քիչ համարելով ՝ եռահարկ հարթակների վրա առատ զոհեր մատուցեցին Յուպիտերին ու Յունոնին , Մարսին ու Նեպտունոսին , չորս հարյուր տաղանդ ոսկի նվիրաբերեցին Վեներային , Միներվային եռօրյա խաղեր խոստացան կեսարի վերադարձն արագացնելու համար ։ Ամբողջ երկու օր Սիբիլյան սուրբ գրքերը մանրակրկիտ ընթերցած քրմերի կոլեգիումն ի լուր ամենքի հայտարարեց , թե բարի կեսարի վերադարձն արագացնելու համար հարկավոր է մաքրագործել քաղաքը , ու այր , թե կին ՝ վարսերին մրտենու ճյուղերից պսակներ , ամբողջ երեք օր շրջում էին փողոցներում և զոհ մատուցում ամեն դարպասի մոտ , խարույկ վառում հրապարակներում , բակերում ու պուրակներում ՝ սրբազան ծխով ողողելու համար եթերը ։ Եվ որպեսզի մաքրագործումը կատարյալ լիներ ու բարի հոգիները չբանտվեին տներում , բոլոր դռները բացվեցին , ամենքը ՝ օտար և անծանոթ , միախառնվեցին , ճամփորդներին քաղցր խոսքերով հրավիրում էին տուն և պատվում , մոռանում վեճ ու նեղսրտություն . այն ամենը , ինչ կարող էր հաճո չլինել աստվածներին ։
Իննօրյա աղոթքից հետո , երբ ավագ քրմերը հարցում արին աստվածահորը ՝ բավարարվա ՞ ծ է նա իրենց խոստումներից ու նվերներից , ամենքը տեսան , թե ինչպես շարժվեց Զևսի արձանի գլուխը , և լսեցին նրա ձայնը , որ նման էր ընդերքից եկող խուլ դղրդյունի £
Ու սպասեցին կեսարին համբերատարորեն ։
Կալիգուլան վերադարձավ յոթանասուներորդ օրը ՝ անխնամ , քրքրված ու խունացած հագուստով ։ Ոչ մեկին ոչինչ չասաց իր գտնվելու վայրի և նպատակի մասին , իսկ մերձավորների հարցերը թողնում էր անպատասխան , և Հռոմը հեղեղվեց պարապ մտքի ծնունդ նոր վարկածներով ։
Նա այլևս նախկին կենսուրախ կեսարը չէր , դարձել էր ինքնամփոփ , ժամերով առանձնանում էր իր սենյակում ու կարդում Սիրակուզայից իր հետ բերած ինչ-որ գրքեր , որոնց միայն Մակրոնն էր տեսել ։
Սիրակուզայից կեսարը մենակ չէր վերադարձել , այլ մի ասիացու ուղեկցությամբ ։ Նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր և անհնար էր իմանալ , քանի որ ապրում էր խիստ մեկուսի , շփվում էր միայն կեսարի հետ , ժլատ էր խոսքի մեջ , ասես ամեն բառի համար նրանից հարկ էին պահանջելու ։ Իսկ կեսարը նրա վերաբերյալ հարցերին միշտ նույն կերպ էր արձագանքում .
― Նա եկել է անցյալից և գնում է ապագա ։
Ասիացին , որ Նուրծ Րա անունն ուներ , քառասուն-քառասունհինգ տարեկան կլիներ , իմաստունի լայն ճակատով , որ կնճռապատ էր մշտապես , արծվային խոշոր քթով , մտախոհ դեմքով , ասես Ատլանտի պես աշխարհի բեռն իր ուսերին էր կրում ։
Նրան ոչ մեկը չէր տեսել ժպտալիս , հանդիսություններին զուսպ էր , իսկ կրկեսում , ուր միշտ նստում էր կեսարի կողքին , իրադարձություններին հետևում էր արձանի սառնությամբ ։
Նրա պահվածքի խորհրդավորությունը հետզհետե նրա անունը շուրջառեց ասեկոսեներով ու լեգենդատիպ պատումներով , թե իբր նա իրականում չորս հարյուր տարեկան է և մարդկային կյանքի տաս տարին նրա համար մեկի է համարժեք ։ Իբր նա որպես քուրմ պատահել է Հնդկաստանից վերադարձող Ալեքսանդրին և աղերսել շրջանցել Բաբելոնը , հայտնելով , թե նա այնտեղ կգտնի իր մահը ։ Իբր անազատ գրագրի կերպարանքով հանդիպել է Հուլիոս Կեսարին նրա մահվան օրը և փորձել հայտնել նրան դավադրության մասին ։ Տարօրինակ այս պատմություններին քչերն էին հավատում , այնուհանդերձ , Նուրծ Րաի անձն ակամա ակնածանք էր հարուցում նրան հանդիպողների սրտերում ։