Գլուխ երրորդ
Ուշ երեկոյան , երբ պալատի պահակետերի գիշերային շրջայցն ավարտելուց հետո Մակրոնը պատրաստվում էր հանգիստ առնել , նրան լուր բերին , թե կեսարը սպասում է իրեն ։ Զարմացած տարաժամ այդ հրավերից ՝ նա հագնվեց ու գնաց կեսարի հարկաբաժին ՝ շարունակ մտորելով անակնկալ հրավերի հնարավոր պատճառների մասին ։
Էքսադրումում , ի զարմանս իրեն , սպասավոր ստրուկներ չկային և ոչ էլ նոմենկլատոր , դա սկզբում անհանգստացրեց նրան , բայց հետո մտածեց , թե գուցե կեսարն է այդպես կամեցել , և հրավերի մեջ խորհրդավորություն տեսավ ։ Բայց քանի որ օրը նրան բավականին հոգնություն էր բերել ՝ կասկածներով ու վարկածներով ինքն իրեն տանջել չկամեցավ ու իրեն զբաղեցնելու համար զննեց սրահն այնպիսի մի հայացքով , ասես առաջին անգամ էր պալատում հայտնվել ։
Օջախի դեղնակարմիր լույսն աշխուժորեն խաղում էր առաս-տաղը պահող ոսկեզօծ սյուներին , և դրանք շողարձակում էին որպես փոքրիկ արեգակներ ։ Մարմարե շախմատաձև հատակը փայլեցված էր արմավենու յուղով այնպես փութաջանորեն , որ նրա վրա գրեթե չաղավաղված գծերով արտացոլվում էին պոնտական մայրեփայտե ցածր պահարանախումբը , գորգազարդ պատի տակ դրված կաշեպատ երկտեղ բազմոցը , միոտանի կլոր սեղանն ու նրա շուրջը բոլորաձև շարված անբազկակալ , կրիայի խեցեմորթով երեսքաշված գահավորակները ։
Փարոսյան դեղնափետուր սոխակներ էին ծլվլոցով ոստոստում գրկաչափ ծաղկամանի մեջ դրված պինիայի ճյուղերին , մետաքսածածկ որմնախորշերից աստվածների մարջանե արձաններ էին նայում անորոշ հեռուն ։
Զույգ խնկամաններից սպիտակ ծխի անուշաբույր քուլաներ էին ելնում վեր , որ անէանում էին ՝ առաստաղին չհասած ։
Երկու կարգ լամպերով առատորեն լուսավորված արևելյան պատի երկայնքով , ցածր պատվանդաններին դրված էին կեսարի նախնիների արձանները , իսկ դրանց թիկունքում ոսկե շուրջառներով նկարների հարուստ հավաքածու էր . այստեղ կարելի էր տեսնել պտուղներ և հասկեր բռնած պառավ Ֆիդեսին , երկանիվ մարտակառքին թևավոր վիշապներ լծած Տրիպտոլեմոսին , Վիրտոսին ՝ լիազեն ամազոնուհու տեսքով , Ասալանտայի հետ զուգավորվող Մելեագրոսին , մարտի դաշտից Պատրոկլեսի դին դուրս բերող Մենելաոսին ։ Կար նաև մի բնանկար , պատկերված այնպիսի խաբուսիկ իրական հեռանկարով , որ նայողին թվում էր , թե լուսամուտի բացվածքից տեսնում է արևով ողողված լայնածիր աշխարհը ։
Կեսարը չէր երևում , ոչ էլ նրա ազատարձակ Դուրսենուսը սովորականի նման եկավ իրեն զբաղեցնելու , և Մակրոնը չգիտեր ինչպես փարատեր ժամանակը ։
Սրահում ցուրտ չէր ամենևին , բայց նա մոտեցավ օջախին և թույլ խոնարհվելով ՝ ափերն ակամա պարզեց դեպի կրակը ։ Այդ նույն միջոցին կեսարի սենյակից պլեբեյի թաղիքե գլխարկ դրած մի տղամարդ դուրս եկավ , որ սպիտակ եզրազարդերով երկնագույն տունիկա էր կրում , իսկ ձեռքին թիկնոց ուներ բռնած ։ Մակրոնին անհասկանալի էր նրա հայտնվելը պալատում , քանզի իր պրետորիաններն աչալրջորեն հսկում էին ելումուտը , և խոժոռ հայացքով զննում էր պլեբեյին ՝ ձեռքերը շարունակելով տաքացնել կրակի վրա ։
― Չե ՞ ս ճանաչում արդեն կեսարիդ , Մակրո ՛ ն ,― ասաց պլեբեյը հանկարծ ՝ դեմքին չարաճճի ժպիտ խաղացնելով ։