Կեղծամի մեջ դժվարությամբ ճանաչելով կեսարին ՝ Մակրոնը գրեթե ճչաց . ― Բայց ինչու ՞ ծպտված , կեսար ։
Կալիգուլան մատը հպեց շուրթերին , որպեսզի Մակրոնը ոչինչ այլևս չասեր բարձրաձայն ։ Ապա մոտենալով ՝ շշնջաց .
― Մեզ սպասում են Մահվան Վեներայի պանդոկում . անանուն մի նամակ եմ ստացել , ուր առաջարկում են երկրորդ պահնորդության ավարտին իմ հանձնակատարին տրամադրել , իրենց ասելով , անչափ կարևոր ինչ-որ գրություններ ։ Ու որոշեցի ինքս գնալ ՝ որպեսզի չտանջեմ ինձ անհամբեր սպասումով ։ Թեպետ չեմ կարողանում հասկանալ , թե գաղտնի ի ՞ նչ գործի մասին կարող է խոսք լինել . կարծես թե չեմ ձանձրացրել Հռոմին , որ ցանկանան դավել իմ դեմ ։
― Բայց , կեսար , Մահվան Վեներան Էսքվիլինում է , ուր գիշերային կյանքն անվտանգ չէ ամենևին և ուր պատրիկներ չեն հաճախում . ծպտված պրետորիաններ վերցնենք մեզ հետ ,― անհանգստացավ Մակրոնը ՝ Կալիգուլայի դեմքի արտահայտությունից կռահելով , որ անհնար է այլևս համոզել նրան հրաժարվել քաղաք դուրս գալու մտքից ։
Կալիգուլան լսել անգամ չկամեցավ թիկնապահների մասին ու Մակրոնին պարզեց թիկնոցը և մի թասակ ՝ պրեֆեկտի պճնազարդ զգեստները քողարկելու համար ։
Գաղտնի ելարանով նրանք դուրս եկան պալատից ու խավարամած նրբանցքներով գնացին Օգոստոսի ֆորումի ուղղությամբ ։
Ապակեծածկ ջահեր բռնած հեծյալ գիշերապահներ էին պատահում նրանց , տղամարդաորսի ելած հերարձակ հետերաներ , հանձնակատար ստրուկներ ։
Պորցիևյան բազիլիկի մոտ ծառայությունից ազատ մի խումբ պրետորիաններ միմյանց գրկած ՝ օրորվում էին ու երգում ։ Նրանց ձեռքին գինու սափորներ էին երևում , և խմում էին ՝ արնագույն հեղուկը ծորեցնելով հագուստին ։ Նրանց հետ կիսահարբած պոռնկուհիներ կային ։
Անհամբերությունը կեսարին ստիպում էր արագացնել քայլերը , և Մակրոնը հազիվ էր հասնում նրա ետևից ։
Նրանց ճանապարհն անցնում էր Հին քաղաքի տարածքով , և փողոցներն այստեղ խիստ նեղ էին ՝ սալարկված գրկաչափ քարերով ։ Երկու կողմից եզերված լինելով տների բարձր ետնապատերով ՝ դրանք արևի երես չէին տեսնում և իրենց մեջ զովություն էին պահում ամռան ամենատապ օրերին անգամ ։
Երբ հասան Մեկենասի այգիներին , Մակրոնը կեսարի համար անհանգստանալով ՝ առաջարկեց գնալ շրջանցիկ ճանապարհով , որը թեև մի փոքր երկար էր , բայց լուսավորված էր լապտերներով ու հսկվում էր վիգիլների կողմից , քանի որ այդտեղով էր անցնում գլխավոր ջրատարը ։
Կալիգուլան չկամեցավ ժամանակ կորցնել և անահ մտավ այգի , ուր կատարյալ խավար էր հսկա ծառերի միահյուսված սաղարթների պատճառով ։
Նրանք մտան պանդոկ և անկարող էին տեսնել , թե ինչ է կատարվում ներսում , քանի որ էբենոսե սկահակներից առատորեն ելնող ծխի գունավոր քուլաները միախառնվելով ՝ ողողել էին սրահը ծիածանագույն շղարշով , և ջահերն աղոտ էին երևում հեռվում թարթափող աստղերի նման ։
Վուշե բարակ զգեստ հագած մի պատանի բազմալեզու խիտ աղմուկի , գինու բույրի , մարդկային մարմինների հոտի և գավաթներով ծանրացած սեղանների միջով ուղեկցեց նրանց ազատ մի սեղանի մոտ ։