Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 8

քանզի ամենադաժան խոշտանգումների ենթարկվելով հանդերձ չէր մատնել իր պատրոնի հանցագործությունները ։
Նրա այդ բոլոր գործերի համար սենատը , այլ պատիվների թվում , նրան ոսկյա վահան էր նվիրաբերել . ամեն տարի , սահմանված օրը , քրմական կոլեգիումները պետք է այդ վահանը սենատի ուղեկցությամբ և երգասացությամբ մտցնեին Կապիտոլիում , որտեղ ազնվատոհմիկ տղաներն ու աղջիկները գովաբանելու էին կառավարողի առաքինությունները ։ Առաջարկ էր եղել նրա իշխանության գլուխ անցնելու օրը անվանել Պարիլիաներ , որպես Հռոմի երկրորդ հիմնադրման օր , բայց նա համեստորեն հրաժարվել էր նման մեծարանքից ։
Նա հասցրել էր երկու անգամ համաժողովրդական բաշխում կատարել ՝ երեք հարյուրական սեստերցիում յուրաքանչյուրին ։ Նույնքան էլ ՝ հյուրասիրություն սենատորների ու հեծյալների և նույնիսկ նրանց կանանց ու երեխաների համար ։ Երկրորդ հյուրասիրության ժամանակ տղամարդկանց բաժանել էր ճոխ տոգաներ , իսկ կանանց ու երեխաներին ՝ կարմիր պարեգոտներ ։
Ժողովրդին զվարճացնելու նպատակով նա գլադիատորական մարտեր էր կազմակերպել , երբեմն Տավրոսի ամֆիթատրոնում , երբեմն ՝ սեպտայում . մենամարտերի ընդմիջումներին նա ելույթի էր հանել տալիս բռնցքամարտիկների ջոկատներ Աֆրիկայից ու Կամպանիայից ՝ երկու մարզերի ծաղիկը ։ Թատերական ներկայացումներ ևս հաճախակի էր կազմակերպել , տարատեսակ և տարբեր տեղերում , երբեմն նույնիսկ գիշերները ՝ ջահեր վառելով քաղաքով մեկ ։ Հանդիսախաղերի ժամանակ նա իր օթյակից նետում էր ամեն տեսակ նվերներ , ուտելիքներով զամբյուղներ բաժանում յուրաքանչյուրին ։
Նա ավարտել էր Տիբերիոսի կիսատ թողած կառույցները ՝ Օգոստոսի տաճարը և Պոմպեոսի թատրոնը ։ Սկսել էր ջրմուղ կառուցել Տիբուրի մարզից և ամֆիթատրոն ՝ սեպտայի մոտ ։ Սիրակուզայում նա վերականգնել էր հնությունից փլված պարիսպները և աստվածների տաճարը ։ Սամոսում կառուցում էր Պոլիկրատեսի պալատը , Միլեթում ՝ Դիդիմեական տաճարը , Ալպիական լեռներում քաղաք էր հիմնադրում , փորում էր Իսթմոսի պարանոցը Աքայայում ։ Այս ամենի համար բոլորը սիրում էին նրան , անվանում « բարեպաշտ », « բարի և մեծագույն կեսար », ու թեև ընդամենը քսանինը տարեկան էր ՝ նրան կոչում էին նաև « զորաց հայր »․․․
Ու նրա խորհրդավոր անհետացումն անորոշություն ու համր վիշտ էր բերել Հռոմին , և մարդիկ չգիտեին ՝ ողբա ՞ ն արդեն նրա մահը , թե ՞ շարունակեն աղոթել աստվածներին նրա վերադարձի համար ։ Այս անորոշությունը սպանել էր հասարակական կյանքը քաղաքում . սենատն ինքն իրեն ազատ էր արձակել ժամանակավորապես , Պորցիևյան բազիլիկան , ուր սովորաբար օտար երկրներից եկած առևտրականները պայմանագրեր էին կնքում ստրկավաճառների և արդյունաբերողների հետ , մոռացել էր իր գործարար եռուզեռը ։ Եվ այդ պատճառով Եգիպտոսից ցորեն , ապակի , վուշ և պապիրուս , Փոքր Ասիայից ՝ կաշի ու մթերք , Կիպրոսից ՝ պղինձ , Հնդկաստանից ՝ թանկարժեք քարեր ու փղոսկր , Փյունիկիայից բրդե գործվածքներ բերած առևտրական նավերն անհույս օրորվում էին նավահանգստում £ Փուլվիոսի բազիլիկում անգործության էր մատնված կուրուալային դատարանը ։
Ամեն առավոտից քաղաքը վերածվում էր թաղման ոչ մի տեղ չգնացող գերհսկա թափորի , որը տարալուծվում էր միայն գիշերվա մեջ ։
Կեսարի անհետացումի տասնհինգերորդ օրը լուրեր հասան քաղաք , թե նրան տեսել են Կամպանյան դաշտերում միայնակ թափառելիս , և նա չի արձագանքել իրեն ուղղված դիմումներին ։ Այս լուրը ցրեց քաղաքին համակած անորոշությունը և աննախադեպ զվարթություն բերեց իր հետ ։ Բայց նաև խոր կարեկցանքով շաղախված տրտմություն . ամենքը տառապեցին