Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 7

անսահման սերը լրացնում էր օտարերկրացիների հիանալի բարեհաճությունը ։ Արտավանը , պարթևական արքան , որը մշտապես բացահայտ ատելություն ու արհամարհանք էր տածում Տիբերիոսի նկատմանբ , այժմ ինքն էր խնդրում Գայոսի բարեկամությունը , և բանակցությունների գնաց կոնսուլական լեգատի հետ ու անցնելով Եփրատը ՝ պատիվներ մատուցեց հռոմեական արծիվներին , լեգեոնների նշաններին և կեսարների պատկերներին ․․․
Հիշում էին , որ կեսար դառնալու առաջին իսկ օրից նա ինքն էլ անում էր հնարավոր ամեն բան , որպեսզի մարդկանց մեջ սեր հարուցի իր նկատմամբ ։ Դառն արցունքներ թափելով ՝ նա ժողովրդի առջև արտասնած գովաբանական ճառով հարգանքի տուրք մատուցեց Տիբերիոսին և հանդիսավորությամբ թաղեց ։ Ապա մեկնեց Պանդատերա և Պոնտիական կղզիները , իր իսկ ձեռքերով հավաքեց մոր և եղբայրների աճյունները , ամփոփեց սափորների մեջ և բերեց Հռոմ , որտեղ ամենաերևելի հեծյալները ժողովրդի բազմության միջով երկու պատգարակով դամբարան մտցրին դրանք ։ Ի հիշատակ նրանց ՝ սահմանեց ամենամյա ժողովրդական ծեսեր , իսկ ի պատիվ մոր ՝ նաև կրկեսախաղեր , որտեղ վերջինիս պատկերը հատուկ մարտակառքով տանում էին թափորի առջևից ։ Հորը ևս նա հարգանք մատուցեց ՝ ի հիշատակ նրա սեպտեմբեր ամիսն անվանելով Գերմանիկոս ։ Նա ներում շնորհեց դատապարտյալներին ու աքսորյալներին . անցյալ ժամանակներից մնացած բոլոր մեղադրանքների համար նա թողություն հայտարարեց , իսկ իր կյանքի դեմ մահափորձի մասին մատնության գիրը նա նույնիսկ չընդունեց , հայտարարելով , որ ինքը ոչնչով և ոչ մեկի մեջ ատելություն առաջացնել չէր կարող և որ մատնիչների համար իր ականջները խուլ են ։
Սպինտրիաներին , հրեշավոր հաճույքների հնարողներին , որոնց Տիբերիոսը տեղ էր տալիս անգամ իր պալատում , վտարեց Հռոմից ,― նրան աղերսանքով ու դժվարությամբ համոզեցին ջրախեղդ չանել նրանց ։ Տիտոս Լաբիենոսի , Կրեմուցիոս Կորդոսի , Կասսիոս Սևերոսի աշխատությունները , որոնք ոչնչացված էին սենատի որոշումներով , նա թույլատրեց որոնել-գտնել , պահպանել և ընթերցել , հայտարարելով , որ իր համար ամենից կարևոր է այն , որ ոչ մի իրադարձություն չվրիպի հետնորդներից ։
Տերության դրության մասին հաշվետվությունները , որը հրապարակում էր Օգոստոսը , իսկ Տիբերիոսը դադարեցրել էր , նա կրկին հրամայեց հրապարակել ։ Պաշտոնատար անձանց թույլատրեց ազատ վարել դատերը ՝ ոչինչ չհարցնելով իրեն ։
Հեծյալների ցուցակները նա ստուգում էր խստորեն և մանրակրկիտ , բայց ոչ անխնա . ովքեր իրենց արատավորել էին խայտառակությամբ կամ անպատվությամբ ՝ նա բոլորի ներկայությամբ խլում էր ձին , ովքեր պակաս մեղք ունեին , նրանց պարզապես բաց էր թողնում ՝ անունները հրապարակելով ։ Որպեսզի դատավորների համար աշխատելն ավելի հեշտ լինի , նրանց չորս դեկուրիաներին միացրեց նաև հինգերորդը ։ Նա հայտարարել էր , թե ժողովրդին է վերադարձնելու պաշտոնատար անձանց ընտրելու իրավունքը ՝ վերականգնելով ժողովրդական ժողովները , որ դադարել էին գոյություն ունենալ դեռ Օգոստոսի օրոք ։
Տիբերիոսի կտակով նախատեսված նվերները , թեև այն անվավեր էր հայտարարվել , ինչպես նաև Հուլիա Օգոստոսուհու կտակով նախատեսվածը , որ Տիբերիոսը թաքցրել էր , նա հաշվեց ու վճարեց ազնվորեն և առանց վերապահության ։ Հրդեհներից տուժած շատերի վնասները նա փոխհատուցեց , նաև խոստացել էր ազատել Իտալիան առուվաճառքից գանձվող կես տոկոսանոց հարկից ։
Եթե նա թագավորներին էր վերադարձնում նրանց թագավորությունները , ապա վճարում էր անցյալ բոլոր հարկերն ու եկամուտները ։ Որպեսզի ցույց տա , որ ինքը ոչ մի բարի գործ առանց խրախուսանքի չի թողնի , նա ութ հարյուր հազար սեստերցիում տվեց մի ազատարձակ կնոջ ,