Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 6

գիշերը քաղաքում թափառելու և ուր որ է ՝ կվերադառնա ։ Երբ կոենային նա պալատ չեկավ , պրետորիանների պրեֆեկտ Մակրոնին լուրջ անհանգստություն համակեց , քանի որ կեսարը երբեք այդքան չէր ուշացել , բայց և հուսադրում էր պրեֆեկտն ինքն իրեն , թե գուցե թափառումներից հոգնած ու վշտից ուժասպառ ՝ քնել է նա որևէ խուլ անկյունում , ինչպես եղել էր ոչ մեկ անգամ ։
Կեսարը չեկավ նաև երեկոյան ։ Ու երբ մութն ստվարացրեց պրետորիանների տագնապը , փոքրիկ խմբերով զգուշությամբ , որպեսզի ժողովուրդն անհաղորդ մնար նրա անհետացումին , զննեցին գիշերային պանդոկներն ու արվարձանները , ապա ՝ Լավերնայի պուրակը , սակայն նրան ոչ մի տեղ չպատահեցին ։
Կեսարը պալատ չեկավ նաև հաջորդ օրը ։
Քրմական կոլեգիան ստիպված եղավ հետաձգել Դրուսիլիայի թաղումը , բայց քանի որ նա չեկավ անգամ չորրորդ օրը , կեսարուհուն հուղարկավորեցին առանց նրա ներկայության և հասարակական հուզումներից զգուշանալով ՝ քողարկեցին նրա անհետանալն ու տարածեցին , թե իբր կեսարը սաստիկ տկարացել է վշտից ու անկարող է ելնել անկողնուց ։
Պրետորիանները շարունակում էին խուզարկել քաղաքն ահագնացող բծախնդրությամբ , նրանք քրքրեցին անգամ Սուբուռայի կատակոմբները , ուր վերջին աղքատներն էին ապրում և ուր զինվորական չէր մտել հանրապետության վախճանից հետո , սակայն կեսարը ոչ մի տեղ չկար ։
Վեցերորդ օրը նրա անհետացումի լուրը Կապիտոլիումի բարձունքից սողաց ցած , ու ողջ քաղաքը սարսռաց տագնապից ։ Եվ տագնապի ծնունդ հազար ենթադրություններ հեղեղեցին Հռոմի փողոցները , շուկաները , նավահանգիստը , հասարակական վայրերն ու ինսուլաները ։ Անհետացումի հնարավոր և անհավանական բոլոր պատճառները քննելու հետ մեկտեղ ամենուրեք , թեև հայտնի չէր հաստատապես ՝ կեսարը ո ՞ ղջ է , թե ՞ մեռած , քննում էին կայսրության նրա երեք տարիներն ու նրա վարքն ընդհանրապես ։ Նրա հայր Գերմանիկոսի հրամանատարությամբ Գալլիայում և Գերմանիայում կռված վետերաններն առանձնակի քաղցրությամբ հիշում էին նրա ճամբարային մանկությունը , երբ նրան հանդերձավորում էին զորականի ՝ հատուկ իր համար կարված զգեստով , ու մեծ կոշիկների պատճառով կատակով նրան « կալիգուլա » անվանում ։
Բոլորը վառ հիշում էին , որ երբ նա ելավ Միզանեյից , ապա , չնայած սգի մեջ էր և ուղեկցում էր Տիբերիոսի դին , իտալական քաղաքներում ժողովուրդը դիմավորում էր նրան ցնծացող հոծ բազմության բագիններով , զոհերով , բոցավառ ջահերով ու ճանապարհում նրան բարի ցանկություններով ՝ անվանելով և ՛ « աչքի լույս », և ՛ « աղավնյակ », և ՛ « պատկեր », և ՛ « զավակ »։ Իսկ երբ նա հասավ Հռոմ , սենատի և կուրիա ներխուժած ամբոխի միահամուռ վճռով իսկույնևեթ նրան հանձնարարվեց բարձրագույն և լիակատար իշխանությունը , հակառակ Տիբերիոսի կտակի , որը նրան նշանակել էր իր անչափահաս թոռան համաժառանգ ։
Այդ ժամանակ ժողովրդի ցնծությունն այնպիսին էր , որ երեք ամսում մորթվեցին ավելի քան հարյուր վաթսուն հազար զոհակենդանիներ ։
Երբ նա մի քանի օրից պետության գործերով մեկնեց Կամպանյան կղզիներ , բոլորն աղոթում էին հանուն նրա շուտափույթ վերադարձի , բաց չէին թողնում ամենափոքր իսկ առիթը ՝ արտահայտելու տագնապ ու հոգատարություն նրա բարեկեցության մասին ։ Եվ երբ նա փոքր-ինչ տկարացել էր այդ ճամփորդությունից , մարդիկ գիշերները խմբվում էին իմպերատորական տան շուրջը . կային այնպիսիները , ովքեր գրավոր երդումներ էին տալիս մահու չափ մարտնչել հիվանդի առողջանալու համար կամ հանուն նրա տալ իրենց կյանքը ։ Քաղաքացիների