― Քո գրկում ես գտնում էի նաև մխիթարանք , սփոփանք , մոռացում , ինչպես և ՝ հանգստաբեր բերկրանք , որից նվաղում էր իմ մեջ խլրտացող մոլեգնությունը ՝ ինչպես ծարավն է նվաղում ջրից ։ Ես ակամա զգում էի փաղաքշանքիդ փրկարար լինելը և ձգվում էի դեպի քեզ , ինչպես գիշերաթիթեռը ՝ ջահի լույսին , ինչպես գինեմոլը ՝ լի գավաթին ։ Ես լսում էի քո ձայնը , որ ինձ մոռացում էր բերում , ու մոռացած ինքս ինձ ՝ արցունքն աչքերիս տենդորեն համբուրում էի քեզ , քո մարմինը . ես չէի գիտակցում , թե ինչ եմ անում ։ Դու , անշուշտ , զգում էիր դա , տեսնում էիր , որ քո փաղաքշանքը միակ ուղին է ՝ փրկելու ինձ , և արտասվում էիր մենության մեջ , որպեսզի ես չտեսնեմ դա ու չխորշեմ իմ արարքների ստորությունից ․․․ Որքան դաժան էր վարվում ինձ հետ Տիբերիոսը , դու այնքան նրբացնում էիր փաղաքշանքդ , մինչդեռ ես , խեղանդամված հիմարս , գազանս , ում մեջ մեռցրել էին ամեն զգացմունք , անտեղյակ քո զոհաբերումներին ՝ կենակցեցի քեզ հետ ՝ ինքս էլ չհասկանալով այդ ։ Օ ՜, Դրուսիլիա , ես որքա ՜ ն ուշ հասկացա քո զոհաբերության ահռելիությունը . դառն արցունք թափելով ՝ դու զոհաբերում էիր քեզ ՝ հանուն իմ փրկության ։ Իմ աստվածային քույր , իմ Իսիս , որ ինձանից կրտսեր լինելով ՝ եղար ինձ մայր , սիրուհի , հանուն ինձ գնացիր զոհողության . ինչպե ՞ ս եմ ապրելու ես առանց քեզ ․․․
Առատորեն հորդացող արցունքները լվանում էին նրա դեմքը , և նա ցնցվում էր ՝ զսպելու համար մինչ կոկորդ բարձրացած գոռոցի պոռթկումը ։
― Հիշու ՞ մ ես ՝ կատարվեց հրաշք . այն օրից , երբ գիշերը կիսեցիր իմ անկողինը , դաժան տեսիլները դադարեցին այցի գալ ինձ ։ Հրաշքներն աստվածներն են կերտում , Դրուսիլիա , և դա նշան էր . նրանք իրե ՛ նք էին հուշել քեզ վարվել այդ կերպ ։ Իսկ հիմար մարդիկ , որ չէին գիտակցում քո արարքի վեհությունը , ասում էին , թե շնանում ես ինձ հետ ։ Դրուսիլիա , ի ՛ նչ հիմար բառ են հորինել ՝ իրենց նման ՝ շնանալ ․․․ Նրանց վայրահաչոցները մեղմելու համար ես ամուսնացրի քեզ , բայց չդիմացա կարոտին ։ Ես սիրահարված էի քեզ , ես սիրում եմ քեզ , Դրուսիլիա , ինչպես Օսիրիսն էր սիրում իր քույր Իսիսին . մի ՞ թե անբարո է անել այն , ինչ իրենք ՝ աստվածներն են անում ․․․
Այդ պահին հրաշք եղավ ՝ ամպերն արագորեն հեռացան միմյանցից , ասես աներևույթ մի ուժ հալածում էր նրանց , և լիալուսինը հսկա ջահի պես բոցավառվեց պալատի վերևում ։ Գայոս Կեսար Գերմանիկոսը գլուխը դանդաղորեն ետ թեքեց ու երկինք նայելով ՝ հառաչանքով ասաց .
― Օ ՜, Դիանա ՝ աստվածուհի Լուսնի , ինչու ՞ չէիր գալիս ՝ մխիթարելու ինձ ։ Ինչու ՞ էիր թաքնվել ամպերի ետևում ։ Դու չե ՞ ս թախծում իմ սիրելիի համար ։ Ինչու ՞ թույլ տվեցիր այսպես դաժան վարվեն ինձ հետ ՝ թողնելով , որ սգամ բոլոր հարազատներիս մահը ։
Նա լուսնի լույսի տակ մի վերջին անգամ նայեց քրոջ չքնաղ դեմքին , որն անգամ մահն էր անկարող եղել աղճատել , ելնելով ՝ նրա մարմինը երկինք պարզեց ու գոչեց .
― Դրուսո ՜ ս , Ներո ՜ ն , մա ՜ յր իմ ՝ Ագրիպինա , օ ՜, հա ՛ յր իմ ՝ դուք երկա ՜ ր չէիք այցելել ինձ . փայփայե ՛ ք նրան մեռյալների աշխարհում ՝ նա այնքա ՜ ն է լացել ձեր համար ։
Նա չէր արտասվում այլևս ու չէր դողում վշտից և ոչ էլ վաղորդյան պաղությունից . նա կանգնած էր որպես արձան ու այդպես մնաց այնքան , մինչև իր տոհմի Մաներն առան իրենց մոտ Դրուսիլիայի հոգին ։
Գլուխ երկրորդ
Սպասավորներն առավոտյան կեսարի ննջարանը դատարկ գտան ։ Կարծեցին , թե նա , իր սովորության համաձայն , այս անգամ ՝ գուցե նաև վշտից , պլեբեյի է կերպափոխվել ու դուրս եկել