Կալիգուլան չլվաց ձեռքերը սրբազան ջրով , ինչպես ընդունված էր , արագ քայլերով անցավ դռների միջով և մտավ տաճար ։ Բազմությունն անշշուկ սողաց նրա ետևից ։
Նեղ երդիկից ներս թափանցած երերացող լույսն անզոր էր փարատել խավարը , և բազմաթիվ ջահեր էին վառվում զանգվածեղ առաստաղը պահող կորնթոսյան սյուների վրա ու աշտանակներ ՝ անկյուններում ։
Քիչ առաջ զոհաբերություն էր կատարվել , և բագիններից մեկի մոտ պսակներով ու ժապավեններով զարդարված սևաբուրդ մի ամիկ էր ընկած ։ Իսկ խորքում , ուր ջահերն առատ էին և օդը բռնված էր նեկտարի բույրով , քանդակազարդ քարե գահին վեհորեն բազմել էր Զևսը ՝ կողք տարածած ձախ ձեռքին արծվակերպ գավազան , իսկ մյուսում ՝ թևավոր մոյրա կրող գունդ էր ։
Աստվածահոր փառահեղ ու առնական տեսքը կախարդանքի պես մի պահ ներգործեց կեսարի վրա , և միայն իրեն լսելի մի ձայն հուշեց ծնկի գալ ու խոնարհվել ՝ ինչպես եղել էր միշտ ։ Մուրճը նույնիսկ փոքր ինչ սահեց նրա թուլացած ափի միջով , բայց հաջորդ ակնթարթին նա ցնցվեց կաթվածահարի պես , աչքերն արնագունեցին նկատելիորեն ՝ ասես իր առջև ոխերիմ թշնամու զորաշարք էր , մկանները պրկվեցին անիմանալի մի զգացողությունից ու գոռալով ողջ ուժով , որն ավելի շուտ վիրավոր առյուծի մռնչյուն էր հիշեցնում , մարտի նետվող վետերան լեգեոների նման ատելությունից կուրացած ՝ սուրաց դեպի Զևսը և հուժկու մի հարվածով թռցրեց արձանի առաջ պարզած ձեռքը ։ Հարվածի թափից նա թեքվեց և կիսապտույտ գործելով ՝ դժվարությամբ պահեց հավասարակշռությունը , ապա մուրճը ետ բերեց ու ջարդեց մյուս ձեռքը ևս ։ Հետո , կանգնելով այլևս անպաշտպան Աստվածահոր առջև , նայեց նրան այլայլված հայացքով ու հևասպառ . նրա աչքերը պսպղում էին ատելությունից ։
― Ես կոչնչացնե ՛ մ քեզ ,― նետեց թունոտ և ծանր երկաթը սոսկումով իջեցրեց Զևսի գլխին այնպես արագ , ասես արձանը կարող էր հասցնել խոցել իրեն ։
Սարսուռի հողմ անցավ կեսարի ետևից տաճար մտած սպասավորների դեմքերի վրայով , սարսափի մի ճիչ պատառոտեց եթերը , մի քանիսը նրանցից ցած սահեցին ուշագնա , մյուսներն արագ ծածկեցին երեսները ՝ չտեսնելու համար սրբապղծությունը ։
Աղմուկի վրա Կալիգուլան դարձավ դեպի բազմությունը ։ Նրա դեմքն այնքան ահարկու էր , որ սրբազնագործության եկած կանայք փախան տաճարից , իսկ մնացյալը սեղմվեցին դեպի պատերը , սոսկ պրետորիանները մնացին իրենց տեղում կանգնած , որ Աստվածահոր հանդեպ ունեցած պատկառանքից հանել էին սաղավարտներն ու պահել ձեռքերի վրա ։
― Զևսն այլևս աստված չէ ,― ասաց Կալիգուլան նրանց վստահ ,― նա ոչինչ է այլևս ,― և որպես հավաստում իր խոսքերի ՝ մուրճով հարվածեց արձանի դեմքին ։ Կարծր գրանիտը ետ մղեց հարվածը , մնալով անվնաս ։ Դա բորբոքումի նոր ալիք ծնեց նրա հոգում ։
― Դու աստված չե ՛ ս , Զևս , դու այլևս աստվա ՛ ծ չես ,― կանչեց նա ինքնամոռաց ՝ հարված հարվածի ետևից հասցնելով արձանին ։― Մեզ նո ՛ ր աստված է հարկավոր , որը Թանատոսի նման կլինի անկաշառ , չի լինի մարդակերպ , չի ունենա կին և ընտանիք ու չի սնվի մարդու պես , քանի որ եթե ունենա պահանջմունք , չի կարող այլևս լինել արդար ու երանելի ։ Նրա միտքը երբևէ չի տրվի վայելքին , չի երկյուղի ոչնչից և այդ արատները նրանից չեն անցնի մարդկանց ։ Մենք կունենա ՛ նք այդ Աստվածը , մենք կգտնե ՛ նք նրան ու կգնա ՛ նք դեպի նա ՝ որպես մոլորյալ զավակներ ։ Իսկ դու աստված չես . իմ պատկերն է ամենուր դրվելու քո արձանների վրա , ես կզուգեմ դրանք իմ հագուստներով ու մարդկանց կստիպեմ երկրպագել ինձ ՝ որ քեզ մոռանան ։