Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 74

Ագրիպինան չարձագանքեց , այլ ափերն առաջ պարզեց ու թովիչ մի հայացքով նայեց որդուն ։
Անակնկալից ու խորհրդավորությունից Կալիգուլայի շունչը կտրվում էր , և հմայվածի պես գնաց դեպի մայրը , ամեն ակնթարթ երկյուղելով , թե նա կանէանա նորեն ։ Ու չնկատեց , թե ինչպես ոտքը խճճվեց հատակին թափված իրերի մեջ , որոնցով Ռեմուսն էր խաղացել , կորցրեց հավասարակշռությունը և ձեռքերը ջղաձիգ կողք տարածեց , ասես կառչել էր ուզում եթերից ։ Նա ընկավ ու գլուխը դիպավ եռոտանի մարդահասակ աշտանակին . հարվածից այն աղմուկով շուռ եկավ նրա կողքին և այրվող յուղերի հետ կրակը տարածվեց հատակին ։
― Այս պիղծ պալատի մեջ իրերն են անգամ իմ մահն ուզում , մայր ,― շշնջաց Կալիգուլան նվաղող ձայնով ու անշարժացավ ։
Ռեմուսն աղիողորմ ճչալով ու մազերը գլխից պոկելով ՝ պտտվում էր նրա շուրջը ։
Կալիգուլային նախ զարմանք համակեց , որ անկումն իր անսովոր երկար է տևում , հետո նրան թվաց , թե աներևույթ ինչ-որ ուժեր իրեն առան իրենց թևերին և տարան խավարի միջով ։ Շատ չանցած ՝ միայն գծերից բաղկացած աննյութական ու շարժուն մարմիններ երևացին նրան , որ անկարող է մարդն ստեղծել և կամ նկարագրել , քանի որ չափն այնտեղ սոսկ երեք չէր ։ Անկշիռ էին դրանք , կարծես թե սնամեջ , սարսափելիորեն տարածական և մութ անսահմանության մեջ ձևափոխվում էին անդադար ՝ հրամանով մի անլսելի կամ թե օրենքով անիմանալի ։
Կալիգուլան տեսնում էր անչափ մոտիկից հարափոփոխ մարմիններն այդ , և ասես լողում էր դրանց միջև ։ Նրա համար և ՛ հետաքրքիր էր անչափ , և ՛ զարմանալի , որին նաև երկյուղ էր խառնված ։
Նա անցավ մարմինների կողքով , հետո եթերը միանգամից ողողվեց պայծառ լույսով ու նրա առջև ՝ ցածում , սփռվեց ահռելիորեն հսկա մի թագ ՝ ատամնավոր եզրազարդերով ։ Նա տեսնում էր թագը թռչնի բարձրությունից , այն գրավում էր իրեն ինչ-որ խորհրդավորությամբ , և բազեի պես ճախրելով , բազեից էլ թեթև , սահեց ցած ՝ զննելու այն , բայց հանկարծ պտտվելով ՝ թագը նրա աչքերի առջև վերածվեց ատամնավոր բարձրաբերձ շրջապարսպի ։ Նա չհասցրեց հասկանալ ՝ ի ՞ նչ է կատարվում ցածում , երբ շրջապարիսպը նույն կերպ պտտվելով ՝ կերպափոխվեց սրագագաթ կիպարիսներով եզերված բացատի ։ Հետո տարօրինակ մեղեդու խուլ ձայներ հասան նրան , որը հնարավոր չէր նվագել որևէ գործիքով ։ Այդ ձայնը գալիս էր բոլոր կողմերից , որն անհնար է ընդլուսնյա նյութական աշխարհում ։
Թռչնի նման եթերի մեջ ճախրելով ՝ նա ակամա զննում էր շուրջբոլորը ՝ պարզելու համար , թե ո ՞ վ է նվագում , և հայացքի դեմ լեռների վրա դարսդարսված գունատ ամպեր տեսավ , որոնք հանկարծ սկսեցին տատանվել դոնդողի նման . ասես անտեսանելի հսկա մի ձեռք օրորում էր նրանց ։ Ամպերի միջից ողորկ , գերանի նման երկար մի իր դուրս թռավ , ասես արձակված էր այն կատապուլտից , ու թեքությամբ սլացավ դեպի վեր ՝ ձիուց էլ արագ , նետից էլ արագ , քամուց էլ արագ ։ Զարմացած նայում էր Կալիգուլան վեր ու նրան թվում էր , թե ինքն էլ է սլանում ճիշտ նույն թեքությամբ և արագությամբ , ու այն զգացողությունն ուներ , թե ինքը երկատված է ու միաժամանակ նաև ամպերից ելած տարօրինակ իրի մեջ է ։
Դեպի վեր շարժումը տևեց բավական երկար , հետո նա իրեն գտավ անեզր ու մութ տարածության մեջ ։ Մի լույս ծագեց խավարի միջից ու սլանալով վեր ՝ անհետացավ ։ Հետո երկրորդը , երրորդը ։ Այն զգացողությունն ունեցավ , թե սարսափելիորեն հեռացել է երկրից , անգամ ավելի վեր է , քան չծնվածների հոգիներն են լինում ։ Նա զգում էր , որ իրենից վեր ու իր շուրջը անսահմանի մեջ լուծված անըմբռնելի և անշոշափելի ինչ-որ էություն կա , որը երկյուղ էր ծնում նրա հոգում ։ Թույլ , եթերը բռնած դժժոց էր հասնում նրան , որից թրթռում էին հոգու ատոմները ու , ինքն էլ չէր