Կալիգուլան սփրթնեց լսածից ու հազիվ զսպեց իրեն , որպեսզի չճչար ։
― Իմ զարմիկ Դոմիցիանոսին , առաքինի մի մարդու , պրետորիանները երեկ գիշեր տարան սոսկ այն պատճառով , որ չքնաղ կին ուներ , ու կինն այդ հիմա ցենտուրիոն Գլաբրոսի ինսուլայում է ,― խորին տրտմությամբ հավելեց նրա զրուցակիցը , ապա , զգուշորեն շուրջը նայելով ՝ շշնջաց .― Իսկ երեք օր առաջ նույն այս պանդոկում պրետորիաններն առանց որևէ պատճառի մորթեցին երկու քվիրիտի ։ Երբ եկավ նրանց ցենտուրիոնը , խաբեցին , թե սպանվածները դավ էին նյութում կեսարի դեմ , իսկ մինչ այդ մահվամբ էին սպառնացել , եթե մատնենք իրենց ։ Տիտուս Ավրելիոսի , ով անբիծ ու պատվելի մի մարդ էր և ճարտասանություն էր ուսուցանում պատանիներին , ընտանիքի բոլոր չափահաս անդամներին մահվան տարան , որպեսզի տիրանան Հերկուլանիումի նրա վիլլային ։ Ու տարածեցին , թե որդիների հետ նա պղծել էր ուզում Ագրիպինայի դամբարանը ։ Մարկոս Սետեգան , ում արիության կաղնեպսակ էր շնորհել Գերմանիկոսն ինքը , պրետորիանները տարան տնից , քանի որ նա հանդգնել էր մերժել իր դստեր ձեռքը խնդրած մի հարյուրապետի ։
Կալիգուլան զգաց , թե ինչպես է նվաղում սիրտը , հետո շնչառությունը կտրվեց , ասես թոքերն իսպառ ազատվեցին օդից , և նա պարանոցը պրկելով ՝ ջղաձգորեն օդ էր փնտրում ։
Գլուխ տասներկուերորդ
Նոմենկլատոր ստրուկը խոնարհ շարժումներով բացեց տաբիլինիումի դռները և բազուկները կրծքին հավաքած ՝ անշարժացավ որպես ագալմատոլիթե մի արձան ։ Կալիգուլան սրահ մտավ այլայլված և գունատ այնպես , ասես կորցրել էր իր ողջ արյունը ։ Նա օրորվում էր գինովացածի պես , ու երբ դռները փակվեցին նրա թիկունքում , կացնահարվածի նման անդիմադիր ՝ փլվեց բազմոցին , անուժությունից փակվեցին նրա աչքերը ։ Քիչ անց փափուկ մի բանի հպում զգաց նա իր կրծքին ։ Բացելով աչքերը ՝ Ռեմուսի կենսուրախ մռութը տեսավ հայացքի դեմ ։
Տիրոջ դեմքի արտահայտությունից կապիկն զգաց նրա խիստ մտահոգ լինելը , և ակնթարթորեն կերպափոխվելով ՝ կարեկից մի հայացքով նայեց նրան ։
― Ամեն ինչ զուր էր , Ռեմուս ,― հառաչեց Կալիգուլան տխրաձայն ՝ ափով քնքշորեն շոյելով կապիկի գլուխը ,― և անիմաստ . արյու ՛ նը , որ թափեցի , տառապա ՛ նքը , որ կրեցի , ձգտու ՛ մը , որ փայփայեցի ․․․
Կապիկը սևեռուն նայում էր նրա աչքերի մեջ , ասես այդ կերպ ուզում էր դուրս քաշել-կլանել տիրոջը համակած տրտմությունը ։
Կալիգուլան գլուխը վշտաբեկ տարուբերեց բազմոցի ծիրանե ծոփքերի վրայով ։
― Ամենն անիմաստ էր , Ռեմուս ․․․ իմ պրետորիանները , ում միջոցով կարգի էի ուզում բերել աշխարհը , անվստահելի են , այլասերված ՝ ամենքի նման . նրանք յուրացրել են սպանվածների գույքը , գինետներում անմեղ մարդկանց են մորթել ու տարածել , թե իմ հրամանն է դա ։ Եվ որ սոսկալին է ՝ նրանք ոչնչացրել են շատերին սակավաթիվ այն մարդկանցից , ում թողնելու էի ապրելու աշխարհում ՝ որպես աստվածային նոր էակների նախահայրեր ․․․ Օ ՜, Ռեմու ՜ ս , Ռեմու ՜ ս , դու չգիտես , թե որքա ՜ ն երջանիկ ես , որ մարդ չես ծնվել և ունակ չես ճանաչելու նրանց ․․․
Կալիգուլան դադար տվեց մի պահ , և ապա , ասես կապիկը սպասում էր իր խոսքի ավարտին , շարունակեց ՝ զայրույթից ատամները ստեպ-ստեպ միմյանց սեղմելով .
― Ես սպանեցի պրետորիաններից յուրաքանչյուր երրորդին . ցած նետեցի իմ իսկ ձեռքով նրանց Տարպեյան ժայռի կատարից , իսկ բոլոր լրտեսներին , քանի որ նրանք կեղծ լուրեր էին բերել ՝ այդ