առատությունից և տենչում անընդհատ գործող նիզակահար մի մեքենա ունենալ ձեռքին , որ խոցեր նրանց բոլորին անխտիր ։ Թե պատահում էր նրանցից որևէ մեկին մոտիկից , հայացքն ակամա ընկնում էր նրա պարանոցին , և առաջին միտքը , որ ծագում էր սրտում , գլխատելն էր , ու պատկերացնում էր երանությամբ , թե ինչպես կանջատվի պիղծ գլուխը մարմնից ։ Եվ ափսոսում էր , որ մարդկության խեղված հատվածը մեկ ընդհանուր պարանոց չունի . կտրելով այն ՝ մեկ հարվածով կազատեր աշխարհն աղետից ։ Ափսոսում էր , որ աստված չէր , այլապես կկարողանար վճիռն իրականացնել շանթերով , երկրի տատանումով , ցրտով կամ թե ջրհեղեղով ։ Նա շատ քիչ մարդկանց էր պատահում , ում կուզենար թողնել ապրելու աշխարհի վրա , և դա վշտացնում էր նրան ։
Շրջելով մարդկանց մեջ , նա լսում էր , թե իրենց խեղճությունը կոծկելու համար ինչպես էին նրանք կեղծ լուրեր տարածում , թե իբր ինքը մարդկանց սպանում է նրանցից ունեցած երկյուղից և որ իբր չորս թե հինգ դավադրություն է բացահայտվել ։ Իբր ինքը վախկոտ է այնքան , որ ամենափոքր իսկ ամպրոպի ու կայծակի դեպքում փակում է աչքերն ու փաթաթում գլուխը , իսկ եթե ամպրոպն ավելի ուժեղ է լինում , անկողնուց դուրս է թռչում և պահվում մահճակալի տակ ։ Իբր Մեսսենայից հանկարծ փախել է կեսգիշերին ՝ սարսափահար եղած Էթնայի խառնարանի ծխից ու դղրդյունից ։ Իբր երբ լուր է տարածվել գերմանացիների ապստամբության մասին , նետվել է նավատորմ նախապատրաստելու փախուստի համար , հուսալով ապաստան գտնել անդրծովյան պրովինցիաներում , եթե հաղթողները գրավեն Ալպերը ։ Իբր ինքն իր Ինսիկատուս նժույգին այնպես է պահպանում ամեն մի անհանգստությունից , որ ամեն անգամ ձիարշավների նախօրյակին զինվորներ է ուղարկում անդորր հաստատելու նրա հարևանությամբ . ձիու համար ոչ միայն ախոռ է իբր կառուցել մարմարիոնից և մսուր ՝ փղոսկրից , ոչ միայն ծիրանի ծածկոցներ և մարգարտյա մանյակներ է տվել , այլ նույնիսկ պալատ է առանձնացրել սպասավորներով ու կահավորանքով , որտեղ նրա անունից հյուրեր է հրավիրում և հաճույքով ընդունում , իբր պատրաստվում է Ինսիկատուսին անգամ կոնսուլ դարձնել ։ Իբր ցնորված է ինքը ու խելագար , քանի որ Ցեզոնիան իբր մի դեղ է տվել իրեն , որն իր մեջ սեր պիտի հրահրեր , բայց խելահեղություն է առաջ բերել ։
Նա վարժվել էր արդեն նման բամբասանքներին և արհամարհանքով էր վերաբերվում դրանց , բայց այդ օրը անհանգստություն համակեց նրան , մտածելով , որ տարիներ անց , երբ չեն լինի այլևս և ՛ ինքը , և ՛ բամբասկոտ բազմությունը , հորինովի այդ պատմություններն են մնալու ժամանակի մեջ , քանզի ինքը մե ՛ կն է , նրանք ՝ միլիո ՛ ն ։
Երկար քայլելուց հոգնած ՝ նա մտավ էժան մի պանդոկ ։ Մարդաշատ էր այն ու աղմկոտ ։ Գինի պատվիրեց , բայց հազիվ էր հասցրել տեղավորվել սեղանի շուրջ , երբ հանկարծահաս հանդարտություն իջավ ամենքի վրա ։ Նա դարձավ դեպի ելքը և զինավառ երկու պրետորիան տեսավ ։ Նրանք , գինովացած ու ամբարտավան քայլվածքով պտույտ գործեցին սեղանների միջև ու զննելով սսկված բազմությանը ՝ դուրս եկան ։
Զգուշավոր խոսակցություններ սկիզբ առան այս ու այնտեղ , և Կալիգուլան , որ համակ ուշադրությամբ որսում էր ամեն շարժում և շշուկ , լսեց , թե ինչպես պատկառազդու մի այր տրտնջաց .
― Եթե կեսարը նպատակ ուներ մաքրել աշխարհը մարդկային աղբից , ապա պիտի սկսեր իր պրետորիաններից ։ Առաջին օրերին եթե նրանք Ֆուցիևյան լիճ էին տանում տականքներին , ինչը բարի մարդիկ ողջունում էին սրտի խորքում , ապա այժմ ոչնչացնում են անմեղներին ու երևելիներին ․․․