եղել քանի ամիս ։ Այդ նույն միջոցին դարպասների միջից , փոշու ամպ բարձրացնելով , արենա խուժեց ներս խուժեց առյուծների ստվար մի խումբ , և ամենքը քարացան սոսկումից ։ Լարարիումները ետ քաշվեցին փութով , և գազանները , մարդկանց անզեն խումբ նկատելով , միմյանց ոտնատակելով սուրացին դեպի նրանք ։ Ամենը կատարվեց այնքան արագ , որ կալանավորները հազիվ հասցրին ցրիվ գալ արենայում , սակայն արգելապատնեշի թիկունքում փրկություն գտնելու նրանց հույսերն ի դերև եղան , քանզի լարարիումները փակեցին նրանց ճամփան , դաղելով նրանց նիզակների շիկացած ծայրակալներով ։
Կալանավորների հարազատներից մի քանիսն ընկան ուշագնաց , մյուսները սոսկումով ծածկեցին դեմքը ՝ անկարող լինելով տեսնել , թե ինչպես են առյուծները հոշոտում իրենց հայրերին ու եղբայրներին ։ Ու ականջ ծակող մի ողբ բռնեց եթերը ։ Բայց պրետորիանները սաստեցին նրանց և ուժով պարտադրեցին նայել սպանդին , որպեսզի այդուհետ լրջորեն հետևեին իրենց մերձավորների վարքին , քանզի , ինչպես հայտնեցին , կեսարի կամքով բանտերը վերացվել են և մահվան պատիժ է սպասվում արդեն օրինազանցներին ․․․
Երեկոյան բոլոր զրպարտիչներին ու նրանց հրահրողներին բերեցին ֆորում և պատժեցին նրանց մտրակելով ու գանահարելով , ապա անցկացրին նրանց բազմությամբ ափեափ լի ամֆիթատրոնի ասպարեզով ։ Հետո բեռնեցին նրանց նավերի վրա ու քաղաքն այդ արատից ազատելու համար աքսորեցին նրանց ամենավայրի կղզիները ։ Երբ վրա հասավ գիշերը , պրետորիանները , պլեբեյի հագուստի մեջ ծպտված , դուրս եկան շրջելու քաղաքում ՝ որպես ուշացած անցորդներ , հրաման ունենալով տեղում սպանել իրենց կամ այլոց կամքի վրա բոլոր բռնացողներին ու կողոպտիչներին ։
Հաջորդ օրը երեկոյան Կալիգուլան կանչեց Տիբերիոսի լրտեսներին , իսկ նրանց թիվն անցնում էր հազարից , և հարյուր աս խոստանալով ամեն լուրի համար , պահանջեց շրջել քաղաքում ու հայտնել իրեն բոլոր նրանց անունները , ովքեր փողի դիմաց անարդար վճիռ կկայացնեն , կաշառք կվերցնեն , հարկ կթաքցնեն , ուրիշի ունեցվածքը կյուրացնեն , գողություն կամ այլ հանցանք կգործեն , կխանգարեն հասարակական կարգը , կշողոքորթեն , կքծնեն , խաբեությամբ կամ խարդախությամբ կզբաղվեն , կնեղեն այլոց կամ կբռնանան նրանց կամքի վրա ։ Եվ սպառնաց , թե կեղծ լուրի համար կսպանի նրանց ՝ իրենց մերձավորների հետ միասին ։ Պրետորիաններին կարգադրեց գիշերները ծածկասայլեր հանել քաղաք և լրտեսների նշած անձանց հավաքելով ՝ տանել Ֆուցիևյան լիճն արհեստական ՝ որպես կեր գլադիատորական ծովամարտերի համար աճեցվող կոկորդիլոսներին ։
Մնացյալի ընչաքաղցությունը և կուտակման մոլուցքը զսպելու համար նա հարկեր սահմանեց գնվող ու վաճառվող ցանկացած ապրանքի համար , ամենքին պարտադրեց ճանաչել իրեն որպես իրենց զավակներին հավասար համաժառանգ , և որդու իրավունքով սկսեց վերցնել նրանցից այն ամենը , ինչ ավելորդ էր համեստ կյանքի համար ։ Ապացուցելու համար , որ այդ կերպ հավաքված գումարներն իր կարիքների համար չեն օգտագործվելու ամենևին և դրանք ոչինչ են իր համար ու նաև կամենալով ցույց տալ , թե որքան մեծ անմտություն է դրամ կուտակելու տենդին տրվելը ՝ կարգադրեց այդ փողերով կառուցել անիմաստ շինություններ ՝ պատնեշներ բարձրացնել խոր ու փոթորկոտ ծովում , կայծքարե ժայռերում անցումներ փորել , հարթավայրերը հողակիտումներով բարձրացնել մինչև լեռները , իսկ լեռները քանդումներով հավասարեցնել հողին ։
Նա հրովարտակով դադարեցրեց ձրի հացաբաժանումները քաղաքում , քանզի գտնում էր , որ անաշխատ հացը ստրկացնում է մարդուն , հող տվեց բոլոր պլեբեյներին Կամպանիական դաշտում , իսկ քանի որ նրանք ծուլացել էին դարավոր անգործությունից , կարգադրեց բռնությամբ աշխատանքի վարժեցնել նրանց ։