Նա հայտնվեց այն նույն անձավում , ուր գիշերել էր ։ Այն այլևս անշունչ էր և անուշահոտությամբ պարուրված ։ Նա նայեց շուրջը , անկյունները , ուր երեկ թոքախտավորներն էին ընկած , ապա ձեռքերը պարզեց դեպի աստվածներն ու կանչեց խրոխտաձայն .
― Ես մաքրեցի ՛ ընդերքն աղբից , և երկի ՛ րը կմաքրեմ հիմա ։
Երբ ելավ ետնախորշերից ՝ նրան զեկուցեցին , որ մյուս երկու մանիպուլներին հաջողվել է աննկատ շրջապատել Լավերնայի պուրակը , որն ավազակների ու գողերի որջի էր վերածվել Տիբերիոսի բացակայության տարիներին , և նետահարելով ՝ ոչնչացրել բոլորին ։
Այդ լուրը խանդավառեց նրան , և դեսպակը թողնելով ՝ զորաջոկատն արագ քայլքով առաջնորդեց Հռոմի փողոցներով դեպի քաղաքային բանտ ։
Զարմացած հռոմեացիներ էին խմբվում մայթերին և զգուշությունից տարածություն պահպանելով , հետևում պրետորիաններին ՝ անտեղյակ , թե ի ՞ նչ է կատարվել Սուբուռայում և թե ու ՞ ր է կեսարն առաջնորդում թիկնապահներին այդպես հապճեպ ու , որ տարօրինակ էր և չտեսնված ՝ նա հետիոտն էր , որպես հասարակ մի մահկանացու ։
Տեղ հասնելով ՝ Կալիգուլան հրամայեց բոլոր բանտարկյալներին բերել էրգաստուլի բակ ու տեղեկացավ նրանցից , թե ինչի համար են պատիժ կրում ։ Թեթև զանցանք գործածներին ազատ արձակեց , սպառնալով , թե հաջորդ անգամ մահվան կուղարկի անհապաղ , իսկ մնացյալին առավ պրետորիանների քառանկյան մեջ ու տարավ Կրկեսի ուղղությամբ ։
Բանտարկյալների տեսքը գրգռեց անցորդների հետաքրքրասիրությունը , և նրանք կառչեցին երթի պոչից ՝ դատարկելով փողոցներն ու հասարակական հավաքատեղիները ։
Կալիգուլան ճեպընթաց մունետիկներ ուղարկեց հրապարակներն ու շուկաները ՝ կարգադրելով ամենքին կանչել հանդիսության , իսկ վիգիլներին հանձնարարեց բանտարկյալների մերձավորներին բերել Կրկես ։
Հռոմի պարապ բազմությունը , որ չէր մոռացել Բոնա Դեայի տոնի լուսաբացը , զարմանք ապրեց կեսարի հրավերից ու զգուշացավ , բայց հետո , պարզելով , որ քաղաքային զորանոցներում հանդարտություն է և այնտեղի պրետորիանները մտադիր չեն ելնել քաղաք , ստվար խմբերով շտապեցին Կրկես ՝ ակնկալելով ականատես լինել արտառոց իրադարձության , որից զրկված էր արդեն քանի ամիս ։
Հազիվ էր Կրկեսը հասցրել երփներանգվել մարդկային հագուստներից ՝ շեփորներ հնչեցին սենատորական օթյակներից ու գալարափողեր , և երբ եթերը բռնած անհոդաբաշխ աղմուկն անէացավ ջերմ ավազի մեջ ընկած ջրե կաթիլի պես ակնթարթորեն , արենայի արևմտյան դարպասները բացվեցին ճռնչալով և հետաքրքրասիրության անհամբերությունից ոտքի ելած հռոմեացիք լարարիումների կողմից դեպի ասպարեզի կենտրոն քշվող մի քանի հարյուր մարդու տեսան ։
Զարմանքի առաջին վայրկյաններից հետո նրանց ճանաչեցին ։ Ու կալանավորների հարազատները , աղետ կանխազգալով , սկսեցին լալ աղեկտուր ու մազերը պոկել գլխներից ։ Իսկ նրանք , ովքեր տուժել էին այդ նույն կալանավորներից , հայհոյում էին , բղավում ողջ ուժով , սպառնում բռունցքներով ու լարարիումներից պահանջում անհապաղ խոշտանգել նրանց ։ Այսուայնտեղ , ուր տուժածներն ու ողբացողները հարևանությամբ էին , կռիվ բռնկվեց . նրանք բռունցքներով ու թիկնոցներով հարվածում էին միմյանց սաստկացող կատաղությամբ , լուտանքներ տալիս , զարդեր , գավազաններ , հովհարներ ու արևանոցներ նետում միմյանց վրա ։ Համատարած ժխորի մեջ քչերը նկատեցին կեսարի հայտնությունն իր օթյակում , որ թափուր էր