Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 67

Վահաններ , սրեր ու սաղավարտներ առկայծեցին լուսնի լույսի տակ և ստվարանալով պալատի բակում , հանդարտ գետի նման ցած հոսեցին Ժեմոնիներով ։ Ու պրետորիանների սևազգեստ երեք մանիպուլ ուրվագծվեց արդեն փողոցներում , ուր լապտերներ էին վառվում աղոտ ։
Նրանք անաղմուկ գնացին Օգոստոսի ֆորումի ուղղությամբ , ապա , աննկատ մնալու համար , նեղ նրբանցքներով շրջանցեցին այն ու երկատվեցին պալեստրայի մոտ . մանիպուլներից գնաց դեպի Կարմենտական դարպաս և եկավ քաղաքից , իսկ երրորդը Տիբրոսին հասնելով ՝ շրջվեց դեպի Սուբուռա ։ Արվարձաններից երկու հարյուր կանգուն հեռու այս զորաջոկատը մասնատվեց տասնյակների և անէացավ միհարկանի տների միջև ձգվող նեղլիկ փողոցներում , հրաման ունենալով պաշարել կատակոմբների բոլոր մուտքերը ։ Երբ ամենն արված էր , հարյուր ջահ վառվեց միանգամից , ու մերկացրած սրերով պրետորիանները բոլոր մուտքերից խուժեցին ետնախորշեր ։
Լյումպենին նրանք գտան գետնատարած քնած և սկսեցին խոցոտել վարժ շարժումներով ու այնպես արագ , որ հազիվ էին հասցնում սուրը դուրս քաշել նրանց մարմիններից ։ Բայց որքան էլ նրանք գործում էին անաղմուկ , լյումպենն արթնացավ , ու մահալի մի վայնասուն , պատերից արձագանքվելով և ուժգնանալով խլացնելու չափ , հեղեղեց ետնախորշերը ։ Պրետորիանները մոլորվեցին մի պահ , չիմանալով փակե ՞ ն ականջները խլանալուց փրկվելու համար , թե ՞ շարունակեն կատարել կեսարի հրամանը ։ Սոսկալի աղմուկը նյարդայնացնում էր նրանց , ու նրանք , զայրույթով համակվելով , նետեցին վահանները , բազկակալները , կնեմիդներն ու լանջազրահները , որ կաշկանդում էին իրենց , և սկսեցին մոլագարի պես տենդորեն թրատել աջ ու ձախ ՝ իրենց փրկությունը տեսնելով վայրկյան առաջ բոլորին մորթելու մեջ , որը բաղձալի լռությունը կբերեր իրենց ։ Դիվային մի իրարանցում սկսվեց , սրեր էին փայլում ջահերի լույսերից , մերկ մարմիններ էին խուճապահար դեսուդեն նետվում , որոնց բոլոր ելքերում պրետորիաններ էին դիմավորում ։ Աղաղակելով ու միմյանց ոտնատակելով ՝ լյումպենը բոլոր կողմերից հորդաց դեպի ընդարձակ այն անձավը , ուր գիշերել էր կեսարը , և հուսահատությունից , թե կատաղությունից ՝ հագուստ , իրեր ու քարեր էր նետում պրետորիանների վրա , հող էր շպրտում նրանց աչքերի մեջ , փորձում էր հանգցնել ջահերը , ճանկռտել նրանց դեմքերը ։ Բայց այդ ջանքերը ոչինչ էին պրետորիաների փորձառության դեմ , և անխնա մորթոտելով ՝ առաջանում էին նրանք խիտ շարքերով , որպես փշե մի ամեհի արարած ։ Ճիչերը հետզհետե մարեցին , մեռնողների խռխռոց բռնեց եթերը , ոտքերի տակ ջարդվող ոսկորների խրշտոց էր լսվում , արյան լճակներ էին խոնավ գետնի վրա ․․․
Հետո , ինչպես կարգադրված էր , պրետորիանները դիակները դուրս հանեցին և ալեզուսպ պատնեշի վրայից նետեցին Տիբրոս ։ Երկու հարյուր ստրուկներ եկան ապա և ժրաջանորեն մաքրեցին կատակոմբները կեղտից ու արյունից , ամենուր անուշահոտություն սփռող ջահեր դրեցին ։
Կեսարը Սուբուռա եկավ երրորդ ժամին , Օգոստոսի ութակիր դեսպակով , պճնված այնպես բծախնդրորեն , ասես տրիումֆ էր ընդունելու ։ Նա կատակոմբ իջավ միայնակ . նրան թվում էր , թե ուղեկիցների ներկայությունը կնվազեցնի վայելումի աստիճանը , մինչդեռ ինքն անհագորեն արբենալ էր ուզում սպասվող իրականությունից ։
Իրեն ծանոթ խորշերը զերծ էին այլևս խեղճությունից ու խտացած նվաստացումից ։ Հողափոր որջերը դատարկ էին ու ողողված ջահերի լույսով , և նրա սիրտն ակամա ուռչում էր աստվածահաճո իր արարքի բավականությունից ։ Գոհունակության փայլն աչքերի մեջ ՝ նա զննեց բոլոր անձավները , ասես ստուգելու համար , թե որևէ տեղ չի ՞ թաքնվել լյումպենը ։