Օլիմպոս և Պրոմեթևսին դեմ չհաներ նրանց վերացնելու Զևսի ձգտումին ։ Պրոմեթևսը բոլոր ժամանակների ամենամեծ չարագործն է , Մակրոն . դու դա չես ընդունում , բայց այդպես է ։ Նրա չարագործության հետևանքը դեռ նոր է երևալու , երբ բազմանալու հետ ապականվելով ՝ մարդու այս տեսակը պատուհաս կդառնա աշխարհի համար , և ոչինչ այդժամ չի փրկի աշխարհը կործանումից ։
Նա կանգ առավ ու վարից նայեց բարձր պատվանդաններին դրված արձաններին ։
― Անզոր կլինեք նաև դուք ՝ աստվածներ ։ Դուք չեք ուզում այս անգամ ինքներդ ոչնչացնել մարդկանց , քանի որ ձեր ձեռքերն արյունոտ են բավականին , և աշխարհի կարգավորումը թողել եք մարդկանց ։ Այսպես ասում էր դեռ Ալեքսանդրը , ում ինքներդ էիք ուղարկել երկիր , և ով շրջելով աշխարհը , պարզեց , որ մարդկությունը պղծվել է անդառնալիորեն և նրան անհնար է դարձի բերել առանց արյան գետերի , առանց ոչնչացնելու նրա ապականված հատվածը , որ հաշվվում է բյուրերով ։
Նա դադար տվեց և նայեց աստվածների դեմքերին , ասես սպասում էր իր խոսքերի հաստատումին ։ Հետո մոլոր քայլեց դեպի բազիլիկի ելքը , ինքն իրեն խոսելով .
― Այսօր , ահա , ինձ ևս պարզ դարձավ , ինչպես այնժամ ՝ Ալեքսանդրին , որ ապականությունը խորն է օվկիանոսից և բարի գործն ու խելամիտ խոսքը ՝ աստվածների գլխավոր զենքերը , անկարող են փոխել այլևս իրերի և երևույթների էությունը ։ Ամենն անուժ է վաղուց , ու աշխարհին վաղընջական իր անաղարտությունը վերադարձնելու մի ուղի կա միայն ․․․
Անկիրք և անզգացմունք մի հայացքով , ասես ինքն իր մարմնի հետ չէր , նա նայեց քնած փողոցին , ապա արձանանալով հանկարծահաս մի զգացողությունից ՝ շշնջաց տագնապած .
― Իսկ գուցե դա ՞ է աշխարհ գալու իմ առաքելությունը , որը պիտի իմանայի Անցիումից վերադառնալով ։
Նա չհասցրեց սարսռել այդ հայտնությունից , քանի որ նույն միջոցին ոտնաձայներ հասան նրան ։ Շրջվեց ու երկու մութ ուրվական նկատեց սյուների միջև , որ անհետացան անմիջապես ։ Մի պահ կարծեց , թե ուշացած անցորդներ են , և ստուգելու համար կասկածները ՝ թեքվեց դեպի անձուկ մի նրբանցք ։ Ուրվականներն ասես դրան էին սպասում և դուրս գալով սյուների ետևից , արագացրին քայլերը ։ Երբ նրանք հասան նրբանցքի բերանին , Կալիգուլան ահեղ գոչյունով խավարի միջից նետվեց նրանց վրա ու , մինչ ուրվականները կսթափվեին , վետերան լեգեոների հմտությամբ սրտից խոցեց նրանցից մեկին ։ Աղեկտուր մի ճիչ թրատեց խավարն ու մարեց այնպես հանկարծակի , ինչպես հայտնվել էր ։ Մյուս ուրվականը կամեցավ փախչել , բայց Կալիգուլան վարից ելնող շեղակի հարվածով կտրեց նրա կոկորդը , ապա դաշույն բռնած բռունցքը ետ բերելով ՝ պատռեց և դեմքը ։ Ուրվականն ակամա բռնեց պարանոցը , ասես կարող էր այդ կերպ փրկել իրեն մահից ։ Այդ միջոցին Կալիգուլան խոցեց նրա որովայնը , ու երբ ուրվականը ցավից խոնարհվեց , արմունկի զորեղ հարվածով տապալեց նրան , ոտքը դրեց նրա թիկունքին ու գլուխը կտրելով ՝ մազերից բռնած նետեց փողոցի սալահատակի վրա և սոսկումով գոռաց քաղաքով մեկ .
― Վե ՛ րջ , սա ՛ է լինելու ճակատագիրը բոլոր վիժվածքների . դա ասում եմ ե ՛ ս ՝ Գայոս Կեսար Գերմանիկոսս , ու երդվում , ահա ՛, Հադեսում թափառող հարազատներիս ուրվականներով ։
Նա արյունոտված ափերն ամուրն սեղմեց կրծքին , որպես երդման նշան ։
Գլուխ տասնմեկերորդ