Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 63

Սուբուռայում իր ակամա հայտնվելու մեջ Կալիգուլան նախախնամության շունչ տեսավ , ու եթե մեկ ուրիշ անգամ կխորշեր նույնիսկ մոտենալ խոռոչներին , ապա այժմ , համոզված , որ աստվածներն են իրեն ուղղորդում , առաջ գնաց արահետներից մեկով ։ Խոռոչը , որից նա ներս անցավ , հետզհետե վերածվեց մութ թունելի , այնքան ցածր , որ հնարավոր չէր քայլել առանց խոնարհվելու ։ Լույս չէր թափանցում այնտեղ , խավարին պարտված դալուկ ու հազվադեպ ջահեր էին պատերին , որ անտանելի հոտ էին արձակում և ծուխ ։ Նրա աչքերը մրմռում էին ծխից , ռունգերը սեղմվում էին գաղջությունից ։ Այն զգացողությունն ուներ , թե դոնդողանման զզվելի մի բան խցանել է կոկորդը , և դժվարությամբ էր շնչում ։ Առաստաղից նեխահոտ ջուր էր կաթկթում նրա հագուստին , և զգուշորեն առաջանալով լպրծուն գետնի վրայով , նա քաջալերում էր իրեն ՝ կրկնելով Նուրծ Րաի խոսքերը . « Թե ուզում ես իմանալ ՝ ի ՞ նչ է գարշահոտությունը , գոնե մեկ անգամ պիտի լինես աղբանոցում »։
Քիչ անց թունելի երկու կողմերում որջի մեծության հողափոր խոռոչների շարքեր նշմարվեցին , որոնց մեջ , գետնին լցված գունատ ծղոտի վրա երեխաներ էին քնած ։
Քրտինքի , բաց արտաքնոցի , ջահերի , գաղջության հոտ էր ծանրացած ամենուր ՝ դուրս գալու ելք չունենալով ։
Ինչ-որ ուրվականներ ընդառաջ եկան նրան , ցնցոտիների մեջ ու ոսկրոտ դեմքով . եթե չխոսեին , կկարծեր նրանք քայլող դիակներ են ։
Կալիգուլան նրանց տեսել էր երեք տարի առաջ , երբ ետնախորշերից դուրս էին հորդացել Տիբերիոսի դին դիմավորելու ։ Այն ժամանակ նրանք միախառնված էին հետերաներին և գլադիատորներին ու նրանց տեսքը սոսկալի չէր այնքան ։
Ջահ պահեցին նրա վրա , տնտղեցին խոժոռ հայացքով ։ Ասաց , թե գերի է և չկամենալով ստրուկ լինել , փախել է Հռոմ եկած նավի վրայից ու պատսպարվելու տեղ է որոնում ։ Ուշադիր զննեցին նրան , շոշափեցին զգեստները , հոտոտեցին մարմինը և այն խնամված գտնելով ՝ նայեցին նրա աչքերի մեջ կասկածամիտ հայացքով ։
― Գրագիր եմ եղել Դիրաքիոնում ,― հորինեց Կալիգուլան ,― տիրոջս հետ մեկնում էի Հոնիա ՝ ուխտագնացության , ծովահենները խլեցին մեր տրիրեմը , իսկ ինձ վաճառեցին հռոմեացիներին ։
Նրան առաջնորդեցին բոլորաձև մի անձավի միջով , որի անկյուններում էտրուսկյան սյուների հետքեր էին մնացել , իսկ թաղակապ առաստաղից սարդոստայնի խրձեր էին կախված ։
Հագուստի ծվեններով պատված կաղոտն ու անդամահատ մարդկային անխնամ կերպարանքներ էին կտրում նրա ճամփան ու զննելով ՝ փնչացնում նրա վրա վտանգի հոտ առած նժույգի նման ։
― Գրագիր եմ եղել Դիրաքիոնում , տիրոջս հետ մեկնում էի Հոնիա ուխտագնացության , ծովահենները խորտակեցին մեր տրիրեմը , իսկ ինձ վաճառեցին հռոմեացիներին ,― ամեն անգամ կրկնում էր Կալիգուլան , հուսալով վայրկյան առաջ ազատվել գարշաբույր մռութների զննումից ։
Բայց նրան չէին լսում , քանի որ անհոդաբաշխ աղմուկ էր խտացել եթերում , ուր միախառնված էին մեղեդու բեկորներ , այսուայնտեղ խմբված մարդկանց վեճի ձայներ , մի խելագարի ճիչ , որ դույլի մեջ կրակ առած ՝ մոտենում էր բոլորին ու սպառնում այրել , ասելով , թե ինքը Հեփեստոսն է , հիվանդի տնքոց , կանացի զրնգուն ծիծաղ ՝ վաստակավոր պոռնիկի ելևէջներով , քրքիջ , զայրույթի պոռթկում , տրտունջ ։
Թոքախտավորներ կային հեռու մի անկյունում ու նրանց հեռվից հաց էին նետում ։