կիսաբացել էր նրա ողորկ կուրծքն այնպես , ասես հագուստը ցանկացած պահի կարող էր ցած սահել ու մերկացնել նրան ։ Մոխրագույն փարթամ վարսերը բրգաձև հավաքված էին ծոծրակից վեր , ուր պահվում էին զույգ հերակալներով . այդպես նրա երկար պարանոցն ավելի էր ընդգծվում , իսկ նրբորեն գծագրված անրակների վրայով սահող մարգարտաշար վզնոցը կրծքի զարկերից պսպղում էր ձյունեփաթիլի նման ։ Ալկարմիր ժապավեն էր թիկունքով իջնում ՝ ընդգծելով մաշկի ճերմակությունը , իսկ սանդալների ոսկեթել քուղերը զույգ օձի նման գալարվելով ՝ ընդգրկում էին նրա քանդակածո սրունքները ։ Նա թովիչ էր աստվածուհու նման , նա կարծես աստվածուհի էր , ու նազելի գլուխն այնպես փառահեղորեն էր նստում ուսերին , որ Լիսիպոսը կխենթանար նրա տեսքից £
Այդպիսի պատկեր Կալիգուլան տեսել էր հունական սափորանկարներում և միշտ կարծել , թե մարմնի նման համաչափություն և հմայք մարդկային երևակայությու ՛ նը միայն կարող է ծնել , իսկ իրականության համար այն անհասանելի է ։
Կամար հոնքերի տակ փայլեցնելով գինեգույն աչքերը , որոնցում անիմանալի թովչանք էր խայտում , կինը մի պահ նայեց աստիճաններին նստած անծանոթ աղքատին ու նրա սևեռուն հայացքի մեջ անհասկանալի մի արտահայտություն տեսնելով , անհանգստացած քաշեց տղեկի թևից և հեռացավ փողոցով արագ քայլերով ։
Մի բույր հորդեց Կալիգուլայի մոտով , որից ռունգերը թրթռացին ։ Նա անշարժում նայում էր կնոջ ետևից , իսկ կինը ստեպ-ստեպ ահաբեկ մի հայացք էր նետում ետ ու էլ ավելի արագացնում քայլերը ։
« Աստվածները կնոջն արարել են նրան հաղթահարելու համար , հաղթահարել չկարողացողները դառնում են պոետ , հաղթահարողները ․․․»,― Կալիգուլան ակամա մտաբերեց Նուրծ Րաի խոսքերը , բայց չավարտեց այն և շարունակ նայում էր կնոջ ետևից , մինչև որ նա , թեքվելով մեկ այլ փողոց , անհետացավ տեսադաշտից ։
Հետո ուժերը վերջնականապես լքեցին նրան , կոպերը իջան ու Մորփեոսը զրկեց նրան իր մարմինը զգալու կարողությունից ։
Երբ արթնացավ , արևն արդեն տների թիկունքն էր անցել ։ Ծանրորեն , ասես երկանաքարեր էր պտտել մի ողջ օր , ելավ ու օրորվելով իջավ փողոցն ի վար ։
Թաղման մի թափոր կտրեց նրա ճամփան ։ Վշտից աղաղակող կանայք էին գնում աճյունի ետևից ու մռայլադեմ տղամարդիկ ։
Ցնորված մի հայացքով նա ուղեկցեց թափորը , ապա կանչեց նրանց ետևից .
― Ողբացեք ողջերի ՛ համար , որ անիմաստ օրեր են վատնում կյանք կոչվող միապաղաղության մեջ այս ու կառչում դրանից , հասկանալի չէ , թե հանուն ինչի ՞։ Հանուն անիմաստությա ՞ ն , միօրինակությա ՞ ն , մանր իղձերի ՞․․․
Տղամարդիկ շրջվեցին ու մաշված շորերով , խռիվ եկած մազերով տանջահար մի աղքատ տեսան փողոցի մեջ կանգնած , և նրան խենթի տեղ դնելով ՝ շարունակեցին իրենց ճամփան ․․․
Երեկոն նրան պատահեց Սուբուռայի ետնախորշերի մոտ ։ Դա աղբակույտերով ծածկված , լքված մի տարածք էր , ուր առատ աճած եղինջի միջից նշմարվում էին երբեմնի ինչ-որ կառույցի հետքեր ։ Երկինք նայող մութ խոռոչներ էին սևին տալիս այս ու այնտեղ , որ կուլ էին տալիս դեպի իրենց եկող տրորված արահետներ ։
Այդտեղ ՝ գետնի տակ , լյումպենն էր ապրում ։