Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 55

ամենը նախասահմանված էր վերուստ ։ Երբ Մակրոնը Բոնա Դեայի տոնի նախօրեին փորձում էր համոզել իրեն Տիբրոս նետել զրպարտագրերով լի պայուսակը , եղավ մի պահ , որ ցանկացավ դա անել , բայց օտար մի ձայն , որ հասկանալի չէր ՝ գալիս էր իր ներսից , թե ՝ եթերից , ստիպեց իրեն փոխել վճիռը ։ Ու հիմա , հիշելով այդ գիշերը , նա գտնում էր , որ աստվածներն են իրեն արգելել տեղի տալ Մակրոնի խնդրանքին ։ Իսկ Մակրոնի վիրավորվե ՞ լը ․․․ Նա կարծում էր , թե դա պատահականություն չէր ամենևին , այլ աստվածներն այդ կերպ կամեցել են պրեֆեկտին հեռու պահել իրենից , որպեսզի նա իր համառությամբ չկաշկանդի իրեն ։ Եվ , վերջապես , ոչնչացված մատնագրերի հարություն առնելը , որից էլ սկսվեց ամեն ինչ ․․․ Բայց հանուն ո ՞ ր նպատակի ։ Եվ ո ՞ րն էր իմաստը տառապանքի ծովի միջով իր անցնելու ։ Այս հարցերի պատասխանը նա չուներ , և աստվածային նշանի սպասումով առատ զոհեր մատուցեց Զևսի մունետիկ Բեային ու քնեց բաց երկնքի տակ , ինչպես ընդունված էր ։
Երկու արծիվների ուղեկցությամբ մի լույս իջավ գիշերը նրա վրա , ու նա փակ աչքերով տեսավ ոսկեթև սանդալ հագած Բեային , որ ասաց .
― Դարձիր Հռոմ , ու հայտնի կդառնա քեզ այնտեղ աշխարհ գալու քո առաքելությունը ։
Նա դժկամությամբ ընդունեց վերադարձի մասին Զևսի պատգամը , քանի որ զզվանք էր ապրում , պատկերացնելով , թե որպիսի ճահճի մեջ է նորից հայտնվելու ։
Բեան նրան այցի եկավ հաջորդ գիշերը ևս ։
Նա գնաց Անցիումի գուշակների մոտ , հարցում անելու , և նրանք միաբերան ասացին , թե բոլոր նշանները նրան հարկադրում են Հռոմ վերադառնալ անհապաղ ․․․
Ռեմուսը հռոմեացիներին արժանի կեսար էր եղել , և Կեսարը նրանց գտավ երջանկության մեջ ։ Մատրոնաները վերաբացել էին Պալատինիումի անառականոցը և շնանում էին այնտեղ կատվային ագահությամբ , Աֆրիկայից այդ նպատակով բերել էին տվել կանայք ու պատանիներ ։ Չտեղավորվելով պալատում ՝ անառականոցները տարածվել էին պուրակներում ու սրբազան դաշտերում ։ Կիրքը սպանել էր ամեն սրբություն , արժանապատվության ծվենները խեղդամահ էին արվել , փողն էր դարձել միակ աստվածը բոլորի , որի միջոցով կարելի էր գնել ամեն ինչ ։ Իշխանություն ունեցողները դարձել էին բորենի , և հոշոտում էին միմյանց ու մնացյալին այնպիսի վայրագությամբ , ասես Հռոմը երբեք չէր իմացել օրենք և կարգ ։ Իսկ իր բացակայության մասին ամբոխը մի լեգենդ էր հորինել , թե իբր ինքն Անցիում է գնացել բոլորի աչքից հեռու խրախճանքին տրվելու , իբր ինքն այնտեղ այնպիսի նախաճաշեր է տվել , որոնց չի բավականացրել ցերեկը , և խնջույքներ , որոնց չի հերիքել գիշերը , և Ավրորան իրեն ու իր խոհակիցներին ամեն առավոտ գտել է օթոցներին մրափած կամ շքեղ ամառանոցի անթիվ ննջարաններում պարուհիների հետ առանձնացած . իսկ այդ պարուհիներին իբր առասպելական գներով ձեռք է բերել ասիական արքունիքներից և ոսկեզարդ կառքով ման է տվել իր հետ ։
Քաղաք հասնելուն պես նա , մտրակածեծ անելով պոռնիկներին , ցրեց անառականոցները , ապա պաշտոնազրկեց իշխանավորների կեսին , իշխանազանցություն արած երեք հազար պրետորիանների ուղարկեց Գալլիա ՝ ծառայելու այնտեղ որպես հասարակ զինվոր ։ Բայց դրանք ամենևին հանդարտություն չբերին նրան . նրա հետ կատարվում էր անօրինակ մի երևույթ , նա սարսափով զգում էր , որ կարողանում է նայելով մարդկանց աչքերի մեջ ՝ ակնախոռոչներից թափանցել նրանց մարմին և կարդալ նրանց մտքերը ։ Այնպես որ , ոչինչ քողարկել իրենից հնարավոր չէր ։ Հետո եղավ առավել անսովորը ՝ բոլոր մարդկանց արարքներն ու մտքերը սկսեցին հայտնվել նրան նաև եթերի միջոցով , ինչպես աղոթքներն են հասնում աստվածներին ։ Իսկ այդ մտքերն ու արարքները մեծավ մասամբ զազիր էին ու ապական ։ Դրանք լցվում էին իր ներսը ,