խաղաղությունը գերադասելով ամենքին իշխելու ունայնությունից ։ Նրանք երկուսն էլ ՝ Տիբերիոսը և Սուլլան , հեռացան , քանի որ երկյուղում էին խեղդվել քծնանքի ծովում , նրանք զզվել էին ամեն քայլափոխի անարժանապատիվ դեմքեր տեսնելուց , ինչպես տեսնում է , ահա , ինքը ։
« Իսկ գուցե փրկությունն իսկապես փախուստի մե ՞ ջ է »,― հարցնում էր նա ինքն իրեն ՝ անկարող լինելով մնալ այլևս քծնանքի գաղջության մեջ ։ Նա անդիմադրելիորեն ճգնել էր տենչում մի հեռավոր անկյունում ՝ Սուլլայի կամ Տիբերիոսի նման կյանքի մնացորդն այնտեղ երանությամբ այրելու համար ․․․
Մի վաղ լուսաբաց նա հեռացավ Անցիում , ուր ծնվել էր ։ Պրետորիանները նրա սեղանին մի հրովարտակ գտան , ուր նա կարգադրում էր չփնտրել իրեն և պրինցեպսի իր իշխանությունը հանձնում էր իր կապիկին ՝ նրան հռչակելով որպես Ռեմուս Առաջին կեսար ։
Գլուխ տասներորդ
Կյանքն Ացիումում անպատկերացնելի հանդարտ էր . չկար այնտեղ կեղծավորություն , ստորաքարշություն , քծնանք . մարդկային այդ արատները թողնվել էին Հռոմում , որ բաց կրքերի տարածք է , ուր մարմնական և զազիր այլ հաճույքներից զատ ոչինչ չեն ճանաչում . քաղաքը մարդուն դարձնում է քսու , ծախու , քաղաքում ապրելու համար պիտի սողաս կամ տրորես , որ նույնն է ․․․
Նա արձակել էր սպասավորներին և տեղի պրետորիաններին , ու ապրում էր խնձորենիների անեզր այգու մեջ ծվարած միահարկ տան մեջ , որ Գերմանիկոսն էր հիմնել իր ծննդյան առիթով ։ Նա ինքն էր իր սնունդը հայթայթում , ու քանի որ Կապրիում Տիբերիոսն իրեն վարժեցրել էր ժուժկալության , դա առանձնակի հոգս չէր նրա համար ։
Նա շրջում էր թավուտներում , և թփերը կառչելով իրենից ՝ պոկումտանում էին իր հետ բերած մտատանջության ծվենները ։ Նա պառկում էր խոտերի մեջ , տարածում ձեռքերը և թույլ տալիս ՝ երկնքի խորությունը կլանի իրեն ։ Դադարում էր այդժամ փակված լինել մարմնի մեջ , լուծվում էր ասես եթերում անեզր , դառնում էր ինքն էլ եթեր , արևի շող , մեգ , նա և ՛ կար , քանի որ ամենուր էր , և ՛ չկար , քանզի չէր զգում մարմինն իր ։ Դա ետմահն էր , և ոչ միայն սարսափելի չէր , այլ երանելի էր անչափ ։
Մարդկանց իշխելը ոճիր էր թվում նրան ու պիղծ գործ ՝ անհոգության պարգևած երանության հանդեպ , և նա տենչում էր դառնալ անտառի ոգի ու մնալ թևածելու հավերժ այնտեղ ՝ կանաչի մեջ զմրուխտե , և քամին սոսափեր թևերը ՝ տերևների նման , ու կայծկլտար շողն արևի սաղարթների միջից և գետնասնկե խոնավությունը խաշամի բույրի հետ ելներ երկինք . նա ուզում էր անէանալ որպես աննյութ ոգի , և ուրիշ ոչինչ հարկավոր չէր նրան ․․․
Առաջին անգամ կյանքում նա զգաց , թե որքա ՜ ն չքնաղ կարող է լինել բնությունն առանց մարդու ․․․ Ու սարսռաց իր այդ զգացողությունից ։
Նա չէր հասկանում այլևս մարդկային մարմաջը երկար ապրելու . ինչու ՞ տառապեցնելով սեփական սիրտը ՝ դիմավորել արշալույսը քսան հազար անգամ ու մայրամուտը ճամփել նույնչափ ՝ օրերի մեջ իմաստ չունենալով , երբ կարելի է աշխարհը ճանաչել ու կյանքի բերկրանքը առնել թիթեռի նման մեկ օրում ․․․
Որքան էլ ջանում էր մոռանալ անցյալը , այնուամենայնիվ հիշողությունները երբեմն-երբեմն այցելում էին նրան , և Անցիումի հեռվից քննելով վերջին ամիսների իրադարձությունները , եկավ այն համոզումին , որ իր արարքներն ամենևին իր կամքի արդյունքը չէին , ինչպես կարծել էր , այլ