Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 43

Կալիգուլան զգաց , թե ինչպես մինչ երեկ իրեն անծանոթ կնոջ հանդեպ անբացատրելի մի խանդաղատանք մեղմ կարկաչյունով լցվում է իր սիրտը ,― գուցե թե այն պատճառո ՞ վ , որ Լիդիան որոշ նմանություն ուներ իր մայր Ագրիպինային ,― և ասաց ՝ հոգոց հանելով .
― Ես դա չեմ կարող , Լիդիա , եթե անգամ ցանկանամ . երբ երեխա էի , Տիբերիոսն ինձ ստիպում էր խոշտանգել և սպանել մարդկանց , ու Դրուսիլիայի մահվանից հետո երբ փորձում եմ փաղաքշել որևէ կնոջ , իմ սպանած բոլոր մարդկանց հոգիներն այդ պահին հավաքվում են իմ մարմնում և ես զարհուրանքով հայտնաբերում եմ , որ ոչ թե ես , այլ նրանք են իմ ձեռքերի միջոցով գուրգուրում իմ գրկում գտնվող կնոջը , ասես այդ կերպ նրանք դեռ ուզում են ապրել , ունենալ այն , ինչից ինքս զրկել եմ նրանց ։
Լիդիայի համար այս ամենն ավելի քան սարսափելի էր , և նա սարսուռից արձանացավ մի պահ ։
Կեսարը զղջաց նրան տառապեցնելու համար և չգիտեր ինչպես ցրեր նրան համակած տագնապը ։ Բայց Լիդիան արագ վերագտավ իրեն , ապա մոտեցավ ու կեսարի աչքերի մեջ նայելով ՝ քնքուշ իր մատերով շոյեց նրա մկանուտ պարանոցը և խոնարհվելով ՝ մի ջերմ համբույր դրոշմեց նրա շուրթերին ՝ ասելով .
― Երբ դու ազատ արձակեցիր ինձ , կարծում էի , թե վերագտնում եմ կորսված իմ երջանկությունը , մինչդեռ հիմա հասկացա , որ ես կորցնում եմ այն իրականում ։
Հետո , ասես ամաչելով իր արարքից , սյուքի պես թեթև դուրս սահեց ննջարանից ՝ տանելով իր հետ կեսարի մտքերը ։
Երանության փայլ աչքերի մեջ ՝ Կալիգուլան մեկ րոպեի չափ անհասցե հայացքով նայեց դեպի Լիդիային կլանած դռները , ապա արտաբերեց դառնությամբ .
― Երջանկությու ՜ ն ․․․ ես վաղու ՜ ց դուրս եմ այն ուղեծրից , Լիդիա , որի ներսում պարփակված է մարդկային երջանկությունը ։
Տրտմության այս խոսքերն ասես ազդանշան էին , և անհանգիստ մտքերը հողմի պես արագ պարուրեցին նրան ՝ նրա սրտից դուրս մղելով բոլոր զեղումները ։ Երեկվա ծանր իրականությունն էր պատկերանում նրա հայացքի դեմ , ու նա , ունկերն ափերով սեղմած ՝ տարուբերում էր գլուխը դառնությամբ , ասես այդ կերպ կարող էր երեկը մղձավանջային երազի վերածել ։ Բայց ոչինչ չէր օգնում նրան ու նա իրեն տեսնում էր կուրիայում , սենատորներն էին երևում նրան ՝ գլխիկոր կանգնած , խնջույքի ինչ-որ սրահ էր սահում փակ աչքերի առջևով ․․․
Կատարված իրադարձությունների սահմռկելիությունը , չմարած վրեժխնդրությունը , հետագայի անորոշությունը , խումհարի թմրությունը անպարզելի մի խառնաշփոթ էին ստեղծել նրա հոգում և հեղեղված չորս գետերի նման հորդում էին նրա վրա ու նրան թվում էր , թե խեղդվում է ջրապտույտի մեջ հայտնված անվարժ լողորդի նման ։
Նա անվերջ շուռումուռ էր գալիս անկողնում , ասես մարմնի որևէ դիրք կարող էր մեղմել իրեն համակած անհանգստությունը ։ Նա մեղքի իր բաժինն էր որոնում Իտալիայի խայտառակվածության մեջ , բայց և չգիտեր ՝ ինչի ՞ համար դատապարտեր իրեն . որտեղի ՞ ց իմանար ինքը , որ սենատորներից գոնե մեկը մահը չի նախընտրի պատվազրկությունից , գոնե չի ձևացնի անգամ , թե արժանապատվությունը իրեն համար վեր է ամեն ինչից ․․․ Եթե որևէ մեկը նրանցից այդպես վարվեր , ինքը գուցե թե չնվաստացներ նրանց այդպես խստորեն ․․․
Նա կամեցավ անէանալ . ինչպես երեկ ,― փրկության այլ ուղի չէր տեսնում ,― ու որոնող հայացքով շուրջը նայեց ։ Գինու երկկանթ մի սափոր նկատեց մետաքսապատ որմնախորշում , որին զմրուխտե անվերջանալի վազ էր քանդակված ։ Սառսռելով ու ցնցվելով ՝ նա խմեց այնքան , որ