Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 42

― Ամենքը կարկամեցին սարսուռից , իմանալով , թե ով է մահվան ուղարկել Գերմանիկոսին , և կարծում էին , թե կհրամայես թրատել Պիզոնին , բայց դու ասացիր , թե մահվան չես ուղարկի նրան , նրա որդուց չես խլի հոր կյանքը , ինչպես վարվել էին քեզ հետ , այլ նրա գերդաստանից կխլես սոսկ կին , որպիսին լի է Հռոմում ։
Կալիգուլան պառկած էր մեռելային անշարժությամբ , և Լիդիան խոնարհ ծառայի պես սպասեց նրա հետագա կարգադրություններին ։
― Դու ազատ ես , դարձիր Պիզոնի մոտ , և ներիր ինձ ․․․,― ասաց ի վերջո կեսարը ՝ ներում հայցող հայացքով նայելով Լիդիային , բայց կինը համարձակվեց ընդհատել նրան ու արտաբերեց խոնարհորեն .
― Աստվածներին իր զորությամբ հավասար կեսարին , ով նաև բոլոր քրմերից գլխավորն է , վայել չէ ներում խնդրել , քանզի նրա արարքները արդարացի են , ինչպես արդարացի են բոլոր վճիռները Զևսի , ում կողքին Արդարությունն ու Արդարադատությունն են մշտապես բազմած ։
Կալիգուլան չարձագանքեց , և Լիդիան կեսարի դեմքի արտահայտությունից հասկացավ , որ նա կամենում է մենակ մնալ իր մտքերի հետ ։ Ծածկոցով պատսպարվելով ՝ Լիդիան անշշուկ առնվեց տունիկայի մեջ , ամուրազարդ հայելու առջև կարգի բերեց իրեն , հետո մի քանի քայլ արեց դեպի ելքը , բայց հանկարծ շրջվեց և զարմանքն աչքերին ՝ նայեց կեսարին ։
Կալիգուլային անհասկանալի էր նրա վարքը ։
Լիդիան ետ եկավ դեպի կեսարն ու ափով ակամա շոյելով մահճակալի զարդաքանդակները , ասաց ՝ ձայնին մտերմիկ երանգ հաղորդելով .
― Ինչու ՞ են մարդիկ քեզ ներկայացնում որպես հրեշ , երբ դու իրականում այդպիսին չես ։
Կալիգուլան լրջացավ և նայում էր երկար վարսերը հյուսած ոսկե ժապավեններից փայլող նրա դեմքին ։
― Ողջ Քաղաքն է խոսում , թե իբր դու հանգիստ չես տալիս ոչ մի անվանի կնոջ , ամուսինների հետ նրանց իբր կանչում ես ճաշկերույթի , և երբ կանայք անցնում են քո օթյակի մոտով , սևեռուն և անշտապ իբր զննում ես նրանց , ինչպես ստրկավաճառ , իսկ երբ մեկնումեկը ամոթից կախում է գլուխը , ձեռքով բարձրացնում ես նրա դեմքը ։ Եվ հետո էլ , առաջին իսկ ցանկության դեպքում իբր դուրս ես գալիս սրահից և մոտդ կանչում նրան , ով ամենից շատ է դուր եկել քեզ , իսկ վերադառնալուց հետո , իբր դեմքիդ դեռևս վայելքի հետքեր , բարձրաձայն գովաբանում ես կամ վատաբանում նրան , մանրամասն թվարկելով , թե ինչ լավ ու վատ բան ես գտել նրա մարմնի մեջ և ինչպիսին է նա անկողնում ։
Կալիգուլան դառնությամբ քմծիծաղեց ՝ լսելով իր մասին տարածվող անհեթեթ այդ լուրը ։
― Երեկ ինքս էլ համոզված էի դրանում ,― խոստովանեց Լիդիան ,― և քո վճռից հետո ինձ սարսափ էր պատել , բայց , ահա ՛, տեսա , որ ամենն այդ չարախոսություն է . ես քո անկողնում էի ՝ արդեն որպես քո կին , բայց դու չտիրացար ինձ գիշերը , և անձեռնմխելի ազատ ես արձակում հիմա ։
Կալիգուլան գլուխը կտրեց բարձերից և Լիդիային նայելով ՝ խորհեց մի պահ , ասես երկմտում էր ՝ լինե ՞ լ արդյոք անկեղծ , ապա արտաբերեց տխրությամբ .
― Դրուսիլիայից հետո ես անկարող եմ այլևս սիրել որևէ կնոջ ։ Լիդիայի աչքերում անհուն կարեկցանք երևաց ։