Քիչ անց Մակրոնը փութով ետ քաշեց դեսպակի վարագույրները և զեկուցեց ՝ զարմանքից այլայլված .
― Նրանք բոլո ՛ րը նվաստացումը գերադասեցին մահից , կեսար , բո ՛ լո ՛ րը . որևէ մեկը չդաշունահարե ՛ ց իրեն և փորձ չարեց անգամ ։
― Մի ՞ թե որևէ մեկը ․․․,― գլուխը կտրելով բարձերից ՝ կեսարը փշաքաղված նայեց Մակրոնին ։ Մի պահ նա չհավատաց ունկերին , ապա ափով բռնեց դեմքը և հոգոց հանելով ՝ ասաց ինքն իրեն . ― Արժանապատվությունը մեռա ՛ վ այս Քաղաքում ։
Այդ միջոցին կուրիայից սկսեցին դուրս գալ սենատորները ՝ գլխահակ ու գունատ ։ Կալիգուլան զզվանքախառն մի հայացքով նայեց նրանց , ապա դարձավ պրեֆեկտին .
― Տեսնել չեմ կարող այս ամենը , Մակրո ՛ ն ։ Ջահեր բեր նրանց համար . եթե ստրուկի նման ապրելը գերադասում են մահից ՝ թող ապրեն ։
Խափշիկները պատգարակն առան ուսերին , և Կալիգուլան , տարածվելով մորթիների վրա , ամուր գոցեց վարագույրները . նա ուզում էր մեռնել , բայց չտեսնել Իտալիան այդպես հեշտությամբ խայտառակված ։ Նրա սիրտը լցվում էր տանջող զգացողություններով , նա տենչաց անէանալ , աշխարհը թվաց նրան գաղջ և պիղծ , ու ներքին մի ձայն հուշեց նրան փրկության միջոցը ։
Կիսաբացելով վարագույրը ՝ նա ձայնեց պատգարակի հետ ընթացող Դուրսենուսին և կարգադրեց գինի բերել իրեն տաբերնաներից ։ Ու այդ պահին նկատեց , որ հոգեմաշ վրեժխնդրությունը խեղդվում է իրեն համակած ապշանքի ծովում ։
Հետո , երբ ցանկությունը կատարված էր , արագ շարժումներով մի կողմ նետեց գավաթն ու գինին նեղվիզ սափորից հընթացս հեղեց բերանի մեջ ։ Նա խմում էր ծարավ մարդու կրքոտությամբ , ասես կոկորդը չորացած լիներ , ինչպես Մանլիուսի ջրանցույցը ՝ վերջին երաշտի ժամանակ , և այնպիսի տենչանքով , ասես հապաղումը մահվան էր հավասարազոր ։
Մարմնով տարածվող երջանկաբեր թմրություն սկսեց համակել նրան , և մրմնջալով , աղոթում էր Բաքոսին ՝ հմայել իրեն որքան հնարավոր է արագ ։
Զարմանքի կանչեր էին հասնում նրան , ողջույնի աղաղակներ ։ Նա զգաց , որ պլեբեյների երգող բազմություն է կպել երթի պոչից ։
― Ոչխարայի ՛ ն բազմություն , էությամբ բու ՛ թ ,― արտաբերեց նա թունոտ ,― որ նախանձին տրված ՝ չի տեսնում , թե ինչպես է ինքը մեռնում ։
Երբ տեղ հասան , նա գինովացել էր արդեն այնչափ , որ դժվարությամբ ելավ պատգարակից ։ Ազատ արձակեց սենատորներին և ասաց նրանց , թե սենատն այլևս գոյություն չունի իր համար ու ինքը նրանց նման փոքրոգիների հետ պետական հարցեր չի քննի և որ իր Ինսիկատուս ձին սենատոր կոչվելու ավելի մեծ արժանիքներ ունի , քանզի երբեք թույլ չի տվել նվաստացնել իրեն ։
Դուրսենուսին հենվելով ՝ նա ներս անցավ շքամուտքից ։
Ծառաներ ընդառաջ վազեցին նրան ՝ ցուցանելու համար խնջույքի սրահ տանող ուղին , մի քանիսը շտապեցին իմաց տալ Պիզոնին աստվածային հյուրի ժամանումը ։
Կալիգուլան սակայն չհետևեց սպասավորներին , այլ մտազբաղ մոտեցավ գավաթակերպ ավազանիկին , որի մեջ հավաքվում էր երդիկից թափանցող անձրևաջուրը ։
Նա հենվեց սյուներից մեկին և շոշափեց պարանոցն այնպես , ասես աներևույթ մի ձեռք խեղդում էր իրեն , ապա արձակեց պարանոցն ընդգրկող ճարմանդները ։ Դժվարությամբ շնչելով ՝ խոնարհվեց